Եկե՛ք հիշենք մեր բոլոր «մոռացված ծխողներին», մարտահրավեր նետենք ԱՀԿ-ին ու անենք ամեն ինչ՝ միասին հասնելու անծուխ ապագայի, գրում են APPG-ի Վեյփինգի գծով պատգամավորներն ու փոխնախագահները։
Բոլորս էլ ճանաչում ենք մեկին, ով դեռ ծխում է, և բոլորս էլ զգացել ենք ծխելը թողնելու պայքարում նրանց փորձությունները։ Այդ դեպքում խնդիրը փորձերի քանակի կամ կամքի ուժի բացակայությունը չէ։
Ծխելը կործանարար կախվածություն է, որն ամեն տարի Մեծ Բրիտանիայում 75,000 մարդ է սպանում, իսկ չափահաս բնակչության ավելի քան 13 տոկոսը՝ 6,6 միլիոն մարդ, շարունակում է ծխել։
Որպես Վեսթմինսթերում Վեյփինգի գծով Համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահներ՝ մենք տեսել ենք այն օգուտները, որ վեյփերն առաջարկում են ծխողներին՝ թույլ տալով խուսափել ծխելու հետ կապված հիվանդություններից և մահից՝ ապահովելով ավելի քիչ վնասակար այլընտրանք:
Անգլիայի Առողջապահության նախարարությունը նույնպես դա տեսավ․ դեռևս 2015 թվականին փորձագիտական անկախ ապացույցների վերանայման ժամանակ հրապարակվեց այն եզրակացությունը, որ վեյփերն 95 տոկոսով ավելի քիչ վնասակար են, քան այրվող սիգարետը և կարող են օգնել ծխողներին թողնել ծխելը։ Որպես պետություն՝ մենք կարող ենք հպարտ լինել, որ Անգլիայի Առողջապահության
նախարարությունն ազգի առողջության բարելավման ու պաշտպանության դերն ունեցող առաջին կառույցներից մեկն է աշխարհում, որ ընդունում է վեյփերի կարևոր դերը ծխախոտի վնասի նվազեցման գարծում։ Վեյփերի շնորհիվ ներկայումս Մեծ Բրիտանիայում կա շուրջ 2,5 միլիոն նախկին ծխող։
Սա է պատճառը, որ մենք ուրախությամբ ընդունեցինք Հանրային Առողջապահության նախարար Նիլ Օ՛Բրայանի մեկնաբանությունները, երբ նա վերահաստատեց Կառավարության որոշումը՝ նախապատվություն տալ վեյփինգին՝ որպես մինչև 2030 թվականն անծուխ ապագայի հասնելու Միացյալ Թագավորության նպատակին հասնելու միջոց:
Այնուամենայնիվ, այդ նպատակին հասնելու համար հարկավոր է երկու քայլ կատարել։ Առաջինը հանրային առողջապահությունը պաշտպանելն է այն մարդկանցից, որոնք կփորձեն ՄԲ-ին ստիպել ընտրել այլ, և, մեր կարծիքով՝ ավելի վնասակար ուղի։
Այս նոյեմբերին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Պանամայում կանցկացնի Ծխախոտի դեմ պայքարի իր շրջանակային կոնվենցիայի (FCTC) տասներորդ համաժողովը՝ COP10-ը:
Ի տարբերություն COP26-ի, որը հայտնի է որպես կլիմայի փոփոխության վերաբերյալ ավելի թափանցիկ և բաց համաժողով, որտեղ Մեծ Բրիտանիան ցույց տվեց համաշխարհային առաջնորդություն միջազգային հարթակում, Պանամայում կայանալիք COP10 որոշումները կընդունվեն ոչ այնքան ծխով լի սենյակներում, բայց, իհարկե, փակ դռների հետևում, հեռու մամուլի և ձեր՝ հանրության հսկողությունից։
Հանրային առողջապահական շրջանակներում գաղտնիք չէ, որ, չնայած առկա բազմաթիվ ապացույցների, ԱՀԿ-ն մոլեգնորեն դեմ է վեյփինգին: Կազմակերպությունն ամեն ինչ անում է՝ փորձելով իրականացնել Մայքլ Բլումբերգի՝ միլիարդատեր ամերիկացի բարերարի տեսլականը, ով հարյուր միլիոնավոր ֆունտ ստերլինգ է ծախսել նիկոտինի օգտագործումը դադարեցնելու համար՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վեյփինգը կարող է օգնել ծխողներին ամբողջ աշխարհում թողնել ծխելը:
Չնայած Մեծ Բրիտանիան հանդիսանում է FCTC-ի ամենամեծ ֆինանսական ներդրողը, 2006թ․-ից ի վեր անցկացված առաջին COP-ից հետո մենք հնարավորություն չենք ունեցել ազդել ԱՀԿ-ի վրա կամ համոզել մյուս երկրների մեծ մասին, որ վեյփինգը կարող է օգնել շուրջ 1 միլիարդ ծխողների ամբողջ աշխարհում կանգ առնել։
Մենք գիտենք, որ վեյփինգն արդյունավետ տարբերակ է, և մենք պետք է շարունակենք այն պաշտպանել: Բայց եթե ԱՀԿ-ն ու COP10-ը նպատակ ունեն շարժվել մեր ազգային շահի դեմ, անկախ առկա վկայություններից, ապա մենք պետք է լրջորեն կասկածի տակ դնենք՝ արդյո՞ք այն մեզ համապատասխանում է, և արդյո՞ք մենք ցանկանում ենք շարունակել օգտագործել բրիտանացի հարկատուների գումարները կազմակերպության անդամակցության համար վճարելու համար:
Մեզանից ոչ ոք ծխող չէ ու վեյփ չի օգտագործում։ Կատարյալ աշխարհում մենք կնախընտրեինք, որ ոչ ոք չօգտագործեր նիկոտինային արտադրատեսակներ, բայց այս երկրում կան 6,6 միլիոն «մոռացված» ծխողներ, ում համար վեյփինգն արդյունավետ չի եղել։ Ինչը մեզ բերում է երկրորդ քայլին, որ պետք է անենք՝ մինչև 2030թ․ հասնելու անծուխ ապագայի։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի
կարողանանք օգնել այս «մոռացված» ծխողներին թողնել ծխելը:
2018թ․ ապացույցների վերանայման ժամանակ Անգլիայի Առողջապահության նախարարությունը կարծիք է հայտնել, որ տաքացվող ու չայրվող արտադրատեսակները կարող են զգալիորեն ավելի քիչ վնասակար լինել, քան սիգարետը, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ անկախ խոշոր ծխախոտային ընկերությունների առևտրային շահերից: Այդ ժամանակաշրջանից ի վեր ոչինչ չի փոխվել։ 6,6 միլիոն ծխողներ լքված են, շատերը հուսահատորեն ցանկանում են թողնել ծխելը, բայց չեն կարողանում դա անել, և ծխախոտը տաքացնող ու չայրող և այլ նվազեցված ռիսկային արտադրատեսակների պոտենցիալը մնում է չիրականացված։
Ահա թե ինչու մենք կոչ ենք անում կառավարությանը շտապ վերանայել 2018 թվականի ապացույցները և, ի լրումն վեյփինգի ապացուցված ուժի, սահմանել, թե ինչ կարելի է անել վնասը նվազեցնող այլ արտադրատեսակների օգնությամբ՝ աջակցելու մնացած ծխողներին՝ ընտանիքի անդամներին, ընկերներին, գործընկերներին, և բոլոր նրանց, որ ցանկանում են ընդմիշտ հրաժարվել այդ սովորությունից:
Աղբյուրը՝ express.co.uk