Մեծ Բրիտանիայի կառավարության 132 վարչությունների ավելի քան 130 հազար պետական ծառայողներ այսօր գործադուլի են մասնակցում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը երկրում բարձր գնաճի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։
Պետական և առևտրային ծառայությունների աշխատողների արհմիության (Public and Commercial Services Union, PCS) կողմից կազմակերպված ակցիաներն անցկացվում են Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում՝ Լոնդոնում, Անգլիայի հարավում գտնվող Դուվր և Ֆոլքստոն նավահանգստային քաղաքներում, Լիվերպուլում, Պրեստոնում և Նոթինգհեմում, Գլազգոյում, Էդինբուրգում և Սուոնսիում:
«Մեր արհմիության անդամներն այսօր (գործադուլի) են դուրս եկել այն պատճառով, որ աշխատավարձերի աճը հետ է մնում գնաճի ցուցանիշներից՝ տասնամյակների ընթացքում աշխատավարձերի բարձրացումը զսպելու ֆոնին: Աշխատատեղի երաշխիքը երբեք այսքան ցածր չի եղել քաղաքացիական ծառայություն ոլորտում», – ասել է PCS-ի ներկայացուցիչ Մարտին Քավանոն:
Իր հերթին PCS-ի ղեկավար Մարկ Սերվոտկան նշել է, որ արհմիության անդամներին արվել է «աշխատավարձերի բարձրացման ամենավատ առաջարկը երկրում»։
Նրա կարծիքով՝ բրիտանական կառավարությունը «ծաղրում է պետական ծառայողներին»։ Ավելի վաղ Միացյալ Թագավորության իշխանությունները հայտարարել էին պետական ծառայողների աշխատավարձը միջինը 4,5%-ով ավելացնելու պատրաստակամության մասին։
Մեծ Բրիտանիայում անցյալ տարվա վերջից սկսվել է գործադուլների ալիք, որը պայմանավորված է կտրուկ թանկացումներով (2022 թ. արդյունքներով գնաճը կազմել է 10,5%) և իրական եկամուտների անկմամբ: Գործադուլներին, բացի պետական ծառայողներից, մասնակցում են երկաթուղայիններ, բուժաշխատողներ, ավտոբուսների վարորդներ, սահմանապահներ, փոստատարներ, ուսուցիչներ, համալսարանի դասախոսներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։
Բրիտանական իշխանությունները քանիցս հայտարարել են, որ չեն կարող իրենց թույլ տալ պետական հատվածում աշխատող մարդկանց աշխատավարձերը հասցնել գնաճի մակարդակի, քանի որ նման միջոցները կհանգեցնեն երկրում գների հետագա աճի և բյուջեի վրա չափից ավելի մեծ բեռ կստեղծեն։