Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հերթական սադրանքին, որի հետեւանքով զոհվել են հայկական զինուժի 4 զինծառայողներ, Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին, վերահաստատել հարաբերությունները բանակցություններով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների:
Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետեւանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը եւ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»:
Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը, ապա շարունակեց. «Դեպքի մանրամասներին այս պահին չեմ անդրադառնում, որովհետեւ կարծում եմ, հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին:
Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով:
Միեւնույն ժամանակ պիտի արձանագրեմ, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են եւ հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին:
Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարեւոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում հռչակագրով վերածվել է պետական սահմանի», – նշեց նա:
Նրա խոսքով՝ սահմանագիծը պետք է հարգվի, եւ դա արձանագրվել է Եվրամիության արձանագրության մեջ: «Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի ետ քաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, եւ նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:
Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է գերիների ազատ արձակման հարցում: Այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է՝ ի հեճուկս նաեւ միջազգային դատական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշման: Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան նախանշված միջազգային մեխանիզմներ, եւ մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ ջանքերի գործարկման վրա:
Միեւնուն ժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային բոլոր հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը:
Մենք պատրաստ ենք նաեւ տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա:
Պատրաստ ենք նաեւ սահմանների դելիմիտացիային Պրահայի եւ Սոչիի վերը հիշատակված պայմանավորվածությունների հիման վրա», – հավելել է նա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅՑ՝ ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑ
Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը. այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից։
Գրենոբլի hողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի հետ էլ այս տարի Կարմիր բլուրում կընթանան աղյուսի արտադրամասի ստեղծման, աղյուսի արտադրության եւ հուշարձանի աղյուսաշեն պատերից մեկի հատվածային ամրակայման աշխատանքներ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ապրիլի 12-ին հանդիպումներ են ունեցել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի եւ ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ:
Հայկական պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել «Մուդիզ» (Moody’s) միջազգային վարկանիշային գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական ներկա իրավիճակն ու տնտեսական վերջին զարգացումները:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Երեւանի եւ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջեւ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն են քննարկել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գյուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը:
Խոսելով քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերի մասին՝ Լեւոն Հովհաննիսյանը նշել է, որ հաշվի առնելով հայ-գերմանական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է դիտարկել ներդրումային փոխշահավետ առաջարկները:
Գյուննար Շելլենբերգերն ընդգծել է իրենց գործարարների հետաքրքրվածությունը տարբեր բնագավառներում գործակցության հաստատմամբ: Առաջարկներ են հնչել կրթության, առողջապահության ոլորտներում նոր նախագծերի եւ փորձի փոխանակման ծրագրերի վերաբերյալ:
Անդրադառնալով Երեւանի եւ Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջեւ դեռեւս 2021թ. բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին մտադրությունների հուշագրին՝ գերմանական կողմը հույս է հայտնել, որ այն կարող է վերաճել ծրագրային հստակ գործակցության եւ հրավիրել Երեւանի գործընկերներին Գերմանիա:
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 33,5 մլն դրամ հատկացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ըստ նախագծի, նրանցից յուրաքանչյուրին միանվագ կտրվի 500 հազարական դրամ:
Նախագծի ընդունման դեպքում, ըստ նախնական կանխատեսման եւ նախարարությունում առկա տեղեկատվության, միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 67 զինծառայողի (67 x 500.000=33.500.000 դրամ):
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Կառավարությունն իր երեկվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնել Երկրապահ կամավորականների միությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԵԿՄ-ն դիմել է ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե: Նրանք խնդրում են Արմավիր քաղաքի Ջիվանու փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնել վերջինիս Արմավիրի տարածքային կառույցի բնականոն աշխատանքների իրականացման նպատակով։ Նշենք, որ տվյալ անշարժ գույքը 159.6 քմ մակերեսով վարչական շենք է, 13.9 քմ մակերեսով շինություն եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02062 հա մակերեսով հողամաս, որը որոշվել է 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱԶՄՈՒՄ
ՀՀ ԱԺ պատվիրակությունը ապրիլի 23-28-ը կգործուղվի Ստրասբուրգ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար: ԱԺ պատվիրակության կազմում կլինեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գեւորգյանը (ապրիլի 23-29-ը), Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը: Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվեն պետբյուջեի հաշվին: