SHAMSHYAN.com-ը երեկ հայտնել է, որ ապրիլի 12-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին եւ հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը վարկած ունի. կասկածները տանում են այն ուղղություն, որ վերոնշյալ քաղաքացուն սպանել է ադրբեջանցի այն զինվորականը, որը ապրիլի 10-ին եւս մեկ զինվորականի հետ հատել էր ՀՀ սահմանը եւ մտել Սիսիանի գյուղերից մեկը: Նրանցից մեկին իրավապահները բռնել են եւ կալանավորել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը, Սյունիքի մարզի դատախազ Պողոսյանը եւ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի եւ որովայնի հատվածում:
Ավելի ուշ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են ՀՀ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցի զինծառայողին, որը «լայվ» էր մտել Սյունիքից եւ հայտարարություններ արել հայերին կոտորելու մասին: Այսպիսով, մեզ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է հայտնաբերվել ադրբեջանցի զինծառայողը. նրան հայտնաբերել են Կապանի թռչնաֆաբրիկայի տարածքից: Շերենց գյուղի տարեց ամուսինները նկատել են տարօրինակ արտաքինով տղամարդու եւ բնակիչներով հավաքվել, շրջափակել են նրան եւ շտապ ահազանգել իրավապահներին ու Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Դեպքի վայր հասած իրավապահները արձանագրել են, որ բնակիչների կողմից բռնված տղամարդը ադրբեջանցի երկրորդ զինծառայողն է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգը հնչեց գիշերվա ժամը 1.15-ին: Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը հայտնում էր, որ շքամուտքում աղմուկ է, խնդրում էր, որ ոստիկան մոտենա:
Հնարավոր հետեւանքները կանխելու մտադրությամբ Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Միջադեպը հաջողությամբ կանխվեց, շենքի գիշերային անդորրը վերականգնվեց, սակայն երբ ոստիկանները վիճողներից մեկին ուղեկցեցին տուն, հյուրասենյակի սեղանին՝ շատ տեսանելի տեղում, նկատեցին կանեփանման զանգված ու հինգ ծխամորճ:
Հետագա միջոցառումները զուգորդվեցին քննչական գործողություններով: Հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածն ավելի քան 24 գրամ էր, կար նաեւ կանեփի սերմ` վեց գրամից քիչ ավելի: Թմրանյութ ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով 25-ամյա տանտերը ձերբակալվեց: Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ
Կառավարությունն իր երեկվա՝ ապրիլի 13-ի նիստում սահմանեց պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձեւը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաեւ դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը:
Նախագծով առաջարկվում է սահմանել պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձեւը եւ ծավալը, մասնավորապես՝ տրամադրվող ծառայությունների տեսակները, կարգավորել սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի ընթացակարգային եւ այլ հարցեր, դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը սահմանել 100 հազար ՀՀ դրամ՝ եւս 50 հազար ՀՀ դրամով ավելացվելու հնարավորությամբ: Գումարի չափը որոշվել է իրավահամեմատական եղանակով՝ համադրելով ՀՀ կառավարության եւ Երեւան քաղաքի ավագանու որոշումներով սոցիալական աջակցության տարբեր տեսակների դեպքում տրամադրվող դրամական միջոցները: Սահմանված 100.000 ՀՀ դրամին եւս 50.000 ՀՀ դրամ ավելացնելը պայմանավորված է լինելու միայն նախագծով նշված ցուցիչներով եւ լրացուցիչ հիմնավորվելու է յուրաքանչյուր դատապարտյալի դեպքում անհատապես:
Գործող կարգավորումները նախատեսում են, որ հիմնարկի վարչակազմն ապահովում է պատժից ազատվող դատապարտյալի անվճար տեղափոխումը մինչեւ նրա բնակության վայր կամ տրամադրում է դրա համար անհրաժեշտ գումար ՀՀ տարածքում տեղափոխվելու համար՝ այդ ընթացքում ապահովելով անհրաժեշտ սննդամթերքով կամ դրա համար անհրաժեշտ գումարով, սեզոնային հագուստով։
Բացի այդ, հաշվի առնելով օրենսգրքով սահմանված չափորոշիչները՝ հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշման հիման վրա՝ կարող է տրամադրվել նաեւ միանվագ դրամական օգնություն, որի տրամադրման չափն ու կարգը սահմանում է Կառավարությունը:
ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հմայակ Ալեքսանյանին, Հասմիկ Ավալյանին, Կարինե Կարապետյանին, Թերեզա Գալստյանին, Գոհար Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, հանդիսանալով «Սեւանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես իմունիզացիայի բուժքույր եւ կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, 2021թ. հուլիսի 20-ին եւ նույն թվականի սեպտեմբերի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Տագհավի Նամին Ալիի ու Ամարամ Մասումենի՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում կազմել է նրանց իբրեւ հետազոտելու եւ պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթերը՝ դրանցում կատարելով ակնհայտ կեղծ գրառումներ:
Այնուհետեւ Գ. Գալստյանը 2021թ. հուլիսի 20-ին վերոնշյալ անձանց պատվաստված չլինելու պայմաններում կազմել եւ հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐՈՐԴԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ապրիլի 10-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Երեւան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ագարակ գյուղի սկզբնամասում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Վարորդը չի ունեցել տեխզննման, պարտադիր ապահովագրման փաստաթղթեր, իսկ մեքենան հետախուզման մեջ էր: Ավելին՝ մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր եւ չուներ մեքենան վարելու համապատասխան փաստաթղթեր: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը, որպես կաշառք, պարեկային ծառայության աշխատակցին փորձել էր տալ հինգ հազար դրամ:
Նա ձերբակալվել եւ, ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
46-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: