ՄԻՊ-Ի ՊԱՇՏՈՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարեւոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ, վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին, հետեւապես իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող խոսույթը կառուցված են լինելու՝ հենց այդ գաղափարը նկատի ունենալով»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

 

«Մեր հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։

Ձգտելու եմ գիտելիքներիս ու հմտություններիս ամբողջ ծավալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշպանության բնագավառի կատարելագործմանը։

Երբ մտածում էի այն մասին, թե կարող եմ արդյոք ստանձնել նշված պատասխանատվությունը, սկսեցի վերլուծել այն արժեքները, որ ինքս եմ կրում։ Դրանք ինձ ուղեկցում են մանկությունից՝ ստացածս դաստիարակության շնորհիվ։ Ես երբեւէ չեմ դավաճանել այդ սկզբունքներին, այն է՝ բարություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի նկատմամբ, մարդասիրություն, արժանապատվություն, արդարություն, ազնվություն եւ գիտելիքի հանդեպ անսահման հավատ։

Կարեւոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ, վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին, հետեւապես իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող խոսույթը կառուցված են լինելու՝ հենց այդ գաղափարը նկատի ունենալով։

Ձգտելու եմ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դարձնել հարթակ հանրային հանդուրժողականության եւ համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով վերջինս հնարավոր բոլոր քաղաքական շահարկումներից։

Իմ առաջնահերթ նպատակն է հանրային հանդուրժողականության մթնոլորտում ձեւավորել մարդու արժանապատվության եւ իրավունքների նկատմամբ հարգանքի միջավայր՝ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի կարեւորությունը նկատի ունենալով։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը։ Բացառիկ կարեւորություն եմ տալու հանրության եւ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջեւ հաշտարարության, ինչպես նաեւ կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մթնոլորտ ձեւավորելու կառուցակարգերին։

Համոզված եմ, որ այս բարդ փուլում բոլորիս առաջահերթ նպատակը պետք է լինի մեր ունեցած խնդիրներին ազնվորեն նայելն ու դրանց համար համատեղ ուժերով լուծումներ գտնելը փոխադարձ հարգանքի եւ համագործակցության մթնոլորտում։

Վստահ եմ, որ բռնությունը վերջնարդյունքի տեսանկյունից որեւէ արդյունքի չի հանգեցնում։ Միեւնույն ժամանակ համոզված եմ, որ հաղթել հնարավոր է՝ միայն արժանապատվությունը պահպանելով։ Եվ այս համատեքստում կարեւորում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն անհատապես, ինչպես նաեւ մենք՝ որպես հավաքական հանրություն, անենք ամեն ինչ մեր արժանապատվությունը պահպանելու համար։

Այսքանը՝ խոսքով, մնացյալը կփորձեմ ցույց տալ իմ աշխատանքով։

Շնորհակալ եմ»,- գրել է նա։

 

 

 

 

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ

Պենտագոնը սահմանափակել է համացանց արտահոսած գերատեսչության փաստաթղթերի եւ գաղտնի տեղեկատվության հասանելիությունը ապագայում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը եւ նրա դաշնակիցներին պաշտպանելու համար. ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

 

«Պենտագոնը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկել գաղտնի տեղեկատվության հասանելիությունը հետագայում սահմանափակելու համար: Մենք քննարկում ենք ազգային անվտանգության համար դժվարությունները, կարող եմ ավելացնել, նվազեցնելու համար այդ փաստաթղթերի հրապարակման ազդեցությունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, ինչպես նաեւ մեր դաշնակիցների ու գործընկերների վրա: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում  այս հարցին: Հետաքննությունը շարունակվում է, Պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել այդ փաստաթղթերը սահմանափակելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժան Պիերը։

Պենտագոնը հետաքննում է սոցցանցում ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող նյութերի արտահոսքը եւ դրանք ուժեղացնելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը։ The New York Times-ը նշել է, որ փաստաթղթերը, իբր, տարածվում են «Telegram-ի ռուսական կառավարամետ ալիքներով»: Ենթադրվում է, որ ավելի քան 100 փաստաթուղթ կարող է հայտնվել համացանցում. կատարվածի վնասը զգալի է։

Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել համացանցում հրապարակված նյութերի իսկությունը եւ ասել, որ դեռ պատրաստ չէ խոսել այն մասին, թե ինչպես եւ ինչու է կազմակերպվել արտահոսքը։ Արդարադատության նախարարությունը դեպքի առթիվ քրեական հետաքննություն է վարում։

 

 

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ

2023թ. մարտի 31-ին Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության եւ անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի եւ նույն բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Աթոյանի կողմից կազմվել է  վարչական իրավախախտման արձանագրություն՝ Բերդ համայնքի Բերդ քաղաքի Մաշտոցի  26 շենքի հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասն ինքնակամ զավթելու եւ այդ հողամասում ինքնակամ շինություն կառուցելու վերաբերյալ։ Վարչարարության կարգով հարուցված եւ իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների քննության արդյունքում հանձնաժողովը հաստատել է, որ  Բերդ քաղաքի Խորենացու փողոցի  71/18 հասցեում հաշվառված Արմենակ Սուրենի Մելքումյանը  Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող Մաշտոցի 26 շենքի հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը զավթել եւ դրա վրա կատարել է շինարարական աշխատանքներ, առանց համապատասխան  քաղաքաշինական փաստաթղթերի, կառուցել ինքնակամ շինություն։ Բերդի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2023թ. ապրիլի 4-ի հրավիրվել է լսում, որին  մասնակցելու համար  Արմենակ Մելքումյանը  պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել։ Պարզվել է, որ Արմենակ Մելքումյանը վերոհիշյալ ինքնակամ կառույցի շինարարությունն իրականացրել է  1985 թվականին։ Ապրիլի 11-ին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը որոշել է Արմենակ Մելքումյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել ինքնակամ շինություն կառուցելու մասով՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու եւ դրա հետեւանքները չվերացնելու համար նշանակել տուգանք՝  200 հազար դրամի չափով։ Բերդ քաղաքի բնակիչ Ռազմիկ Սմբատի Մաճկալյանը Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ Մաշտոցի  փողոցի 14 շենքի տարածքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փատաթղթերի ու առանց շինթույլտվության, 2000 թվականին իրականացրել է ինքնակամ կառույցի  շինարարություն։ 2023թ. մարտի 27-ին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը որոշել է Ռազմիկ Մաճկալյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել ինքնակամ շինություն կառուցելու մասով՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու եւ  դրա հետեւանքները չվերացնելու համար նշանակել տուգանք՝  200 հազար դրամի չափով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս