ՀՀ ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ապրիլի 12-ին ընդունել է Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներին՝ պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Տատյանա Կարպովայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներ:
Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննարկելու Տրետյակովյան պատկերասրահում Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է Տրետյակովյան պատկերասրահի հետ հայկական կողմի համագործակցությունը: «Վստահ եմ՝ կհաջողեք այս նախաձեռնության իրականացման հարցում, եւ ձեր համագործակցությունն այսքանով չի սահմանափակվի:
Կառավարությունը պատրաստ է աջակցել դրա շարունակականության ապահովմանը: Թանգարանները, մեր պատկերացմամբ, այժմ ավելի շատ պետք է զբաղվեն նաեւ գիտական եւ հետազոտական գործունեությամբ՝ վերածվելով, այսպես կոչված, ինստիտուտների: Կարեւորում ենք նաեւ թանգարանների փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում Ռուսական արվեստի թանգարանը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, ինչը շատ գնահատելի է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին: Պատկերասրահի ներկայացուցիչները կարեւորել են անհատական հավաքածուների վրա հիմնված թանգարանների ստեղծումը, ինչպիսին Ռուսական արվեստի թանգարանն է Երեւանում: Կողմերի ընդգծմամբ՝ Արամ Աբրահամյանի աշխատանքներն իսկապես յուրահատուկ են եւ հետաքրքիր կլինեն թանգարանի այցելուների համար: Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի գնահատմամբ՝ Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդես իրականացնելը մեծ պատիվ է: Նա նաեւ տեղեկացրել է, որ վաղվանից թանգարանն անցնելու է կոսմետիկ վերանորոգման փուլ եւ կվերաբացվի մայիսի 20-ին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ աշխատանքային մի շարք հարցեր:
Լ.Ե.
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱԼՄԱՐԻ 75-ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը (Վալմար) նշում է ծննդյան 75-ամյակը:
ՀՀ ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 21-30-ը Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա նկարչի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված հեղինակային աշխատանքների ցուցահանդես:
Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ: Նկարչի ստեղծագործական գործունեության ընթացքում կազմակերպվել է 50-ից ավելի անհատական եւ 133 խմբային ցուցահանդեսներ Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արեւելքի, ԱՄՆ եւ Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում եւ պատկերասրահներում: Տարբեր տարիներին կատարվել են գրքերի եւ թատերական ներկայացումների ձեւավորումներ:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Ռուսական գրքի տունը Երեւանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ եւ թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը եւ ցանկանում են փորձել իրենց ուժերը:
Որպես մրցույթի թեմաներ՝ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» եւ Անտոն Չեխովի «Երջանկություն», «Ուսուցիչ», «Գրիշա» պատմվածքները։
Մրցույթն անցկացվում է 2 փուլով։ 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է կարդալ առաջարկված 3 տարբերակներից մեկում ներառված երկու հեղինակների ստեղծագործությունները, թարգմանել հայերենից ռուսերեն եւ ռուսերենից հայերեն նշված հատվածները եւ լրացված հայտի հետ մինչեւ ապրիլի 30-ն ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Մրցույթի 1-ին փուլի արդյունքներով կընտրվեն 22 լավագույն աշխատանքներ ՀՀ յուրաքանչյուր մարզից եւ Երեւանից։ 1-ին փուլի հաղթողները կանցնեն 2-րդ փուլ եւ կստանան 100000 դրամ մրցանակ։ 1-ին փուլի այն հաղթողները, որոնք չեն մասնակցի 2-րդ փուլին, մրցանակ չեն ստանա։
Մրցույթի 2-ին փուլին մասնակցելու համար 1-ին փուլի հաղթողները պետք է նկարեն կարճ տեսահոլովակ (մինչեւ 5 րոպե տեւողությամբ), որում կպատմեն, թե ինչպես են արել թարգմանությունը եւ ինչ աղբյուրներից են օգտվել, ինչպես նաեւ գրեն կարճ պատմվածք (մեկ A4 թերթ)՝ «Ընտրված ստեղծագործության հերոսը՝ 2123 թվականին» թեմայով։ 2-րդ փուլի հաղթողը կստանա 1000000 դրամ մրցանակ կամ կրթաթոշակ Հայաստանի եւ Ռուսաստանի ցանկացած բուհում սովորելու։ Հաղթողի ուսումնական հաստատությունը կստանա նաեւ հատուկ մրցանակ (առաջին անհրաժեշտության խնդրի լուծում):
Մրցույթի նպատակն է ազգային գրականության եւ գրողների հանրահռչակումը, գրական ստեղծագործական արվեստի խթանումը, լեզվաբանության եւ բանասիրության բնագավառում տաղանդավոր եւ շնորհալի աշակերտների բացահայտումը, գրավոր թարգմանության ոլորտում դպրոցականների ստեղծագործական կարողությունների եւ դրանց գործնական հմտությունների զարգացումը, միջմշակութային հաղորդակցության խթանումը։
Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։