Լուսանկարն արվել է Գյումրիում
Երեկ՝ ապրիլի 13-ին, Գյումրի քաղաքում կարծես առաջին ձյունն էր գալիս՝ հաշվի չառնելով, որ արդեն գարնան 2-րդ ամիսն է:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե քանի օրինակից է կնքվում ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող պայմանագիրը:
Տիգրան Հակոբյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում եւ ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը եւ պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում: Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա՝ նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը եւ անշարժ գույքի ռեգիստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել՝ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ովքեր իրավունք ունեն օգտվել ուսման վարձի զեղչից նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
Հայարփի Մանուկյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա ուսանողներին,
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: