Լեհաստանում ՌԴ դեսպանատան դպրոցի տարածքում բնակվող բոլոր աշխատակիցները քիչ առաջ լքել են շենքը:
Բանն այն է, որ այսօր առավոտյան Վարշավայի ոստիկանությունը ներխուժել էր շենք, ինչի մասին հայտնել էր Լեհաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-պատգամավոր Անդրեյ Օրդաշը։
Նրա խոսքով՝ դպրոցի տարածքում ապրող ուսուցիչներն ու մյուս աշխատակիցները շենքից հեռացել են անձնական իրերով։
«Նրանք տեղափոխվել են Վարշավայում գտնվող ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ հաստատություն»,- ասել է նա։
Առավոտյան Վարշավայում տեղի իշխանության ներկայացուցիչներն ու ոստիկանները ներխուժել են ՌԴ դեսպանատանը կից դպրոց՝ կոտրելով դուռը։ Ընդհանուր առմամբ, ներխուժման պահին դպրոցի շենքում եղել է 29 մարդ՝ հաստատության աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝ երեխաներ։
Նրանց բոլորին Լեհաստանի իշխանությունները կարգադրել են լքել շենքը մինչև ժամը 18:00 (ՀՀ ժամանակով 20:00):
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վարշավայի «նման լկտի» քայլը «չի մնա առանց Ռուսաստանի Դաշնության կոշտ արձագանքի և հետևանքների Լեհաստանի իշխանությունների և Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար»։