ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ջերմ ու մտերմիկ զրույց կվերնագրեի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ իմ ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցների հանդիպումը:
Ներկայացրի խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները: Նշեցի, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում, որոնցով մեր հայրենիքը և մեր քաղաքացիներին չենք օգնում:
Ընդգծեցի, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, և չնայած Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ ճանապարհը մնում է փակ:
Տիկին Մարինա Կալյուրանդը դատապարտեց Ադրբեջանի գործողությունները, որով խաղաղության գործընթացը վտանգվում է: Նա իր գործընկերների հետ հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի վերաբերյալ՝ կոչ անելով Բաքվին հանձն առնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը և հարգել միջազգային պարտավորություններն ու նորմերը(http://bitly.ws/DKgA):
Խոսեցի Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին՝ ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել։
Շոշափեցինք բոլոր կարևորագույն թեմաները, որոնց մասով ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի մեր թիմը պարբերաբար զեկույցներ է պատրաստում, ուղարկում միջազգային բոլոր գործընկերներին»։