ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դատի է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին ու Ռուստամ Բաքոյանին։ Այս մասին տեղեկացրել է Ղազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ։
«Հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարաններից խնդրելով պարտավորեցնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին (ով նաև հանդիսանում է խմբակցության քարտուղար) և Ռուստամ Բաքոյանին՝ ներողություն խնդրել 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում իմ հասցեին հնչեցրած վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար՝ պահանջելով նաև փոխհատուցում»,- գրել է Ղազարյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանում է նաև իր ներկայացրած հայցադիմումը՝ Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին։
«Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների խուլիգանական պահվածքի մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումից դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել, բացի դրանից, որ այն Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, իսկ այնտեղից՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարական շրջանների դատախազություն»,- գրել է Էդգար Ղազարյանը։