Ապրիլի 12-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ մեղադրում են, որ մեր իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, բայց ես ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, որ հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել»: Նրա խոսքով՝ ՌԴ-ն 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Արդբեջանի հետ, ընդ որում՝ միաժամանակ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստան: «Ես դա իմացել եմ 2016-ին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո», – հավելել էր նա: Երեկ Սերժ Սարգսյանը հակադարձեց այս հայտարարություններին. «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետեւ եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆոֆ նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ: Ես միայն կարող եմ ասել, որ երբեք ես որեւէ փաստաթուղթ՝ լինի նամակ, լինի համաձայնագիր կամ որեւէ այլ փաստաթուղթ՝ լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որեւէ բան չեմ ստորագրել, որի համար որեւէ հայ կարող է ամաչել: Թող անհամեստ չհնչի, բայց, ընդհակառակը, բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը: Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որեւէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի, չունենա էլ, ինքն իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ էս էլ կարող է վերագրել: Բայց վստահաբար այդ իրավունքն ունի, ինքը կարող է գաղտնազերծել եւ հրապարակել: Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է, թեեւ այնպիսի մեղմ բառ ասացի, որպեսզի ձեզ չվիրավորեմ»: Այսինքն՝ եթե ապացույցը չլինի, ապա Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է:
Խորհրդարանում երեկ սահմանային իրավիճակի շուրջ փակ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ քննարկումից: Քննարկման հիմնական օրակարգում եղել է Տեղ գյուղի ապրիլի 11-ի սահմանային միջադեպը եւ դրա նախորդ օրը՝ ապրիլի 10-ին ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածք ներթափանցումը: Տեղեկացանք, որ քննարկումը եղել է հարցուպատասխանի ֆորմատով. սկզբում հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավորները, այնուհետեւ՝ ՔՊ-ական պատգամավորները: Հարցերը հիմնականում ուղղված են եղել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, վերջինս էլ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, հիմնականում խուսափողական պատասխաններ է տվել: Ինչ վերաբերում է Տեղ գյուղում հակառակորդի իրականացրած սադրանքին, ԳՇ պետն ընդունել է, որ դա հայկական կողմի բացթողման հետեւանքն է նաեւ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո պետք է հրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ինչպես հայտնի է, վերջինս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Այս պահին, մեր տեղեկություններով, հանձնաժողովի ներսում երկու տեսակետ կա. կա՛մ պետք է իրենք թույլտվություն ստանան եւ գնան նրա մոտ, կա՛մ պետք է ընթացակարգերով դիմում գրեն եւ այնպես անեն, որ Դավիթ Տոնոյանին կարողանան բերել ՀՀ Ազգային ժողով։ Հավելենք, որ առաջիկայում այս հանդիպումների շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները, ամփոփել դրանք եւ ներկայացնել եզրակացություն: Այն պետք է լինի Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից ազատելու մասին փաստաթուղթ: Ասել է թե՝ Փաշինյանն ԱԺ-ին հրահանգել է իրեն մաքրել պատերազմի եւ պարտության բոլոր մեղքերից ու մեղադրանքներից։
Վարչապետի աշխատակազմը, ի թիվս այլ հարցերի, թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում: Խոսենք փաստերով. երեկ վարչապետի աշխատակազմն ասուլիս էր կազմակերպել՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված: Ի սկզբանե բանախոսների համար նախատեսված սեղանին դրված էին այն մարդկանց անունները, որոնք պետք է մասնակցեին մամուլի ասուլիսին: Ի սկզբանե դրված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի եւ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի անունները: Ասուլիսը դեռ չսկսված՝ պարզվեց, որ մեկ բանախոսի անուն մոռացել են տեղադրել սեղանին, այնինչ նա շատ կարեւոր անձ է: Անգամ Կարեն Գիլոյանն առաջարկեց իր տեղը զիջել հենց այդ մարդուն, սակայն քանի որ նրա անունը չկար, որոշում կայացվեց սեղաններից հեռացնել բոլոր անունները: Խոսքը վերաբերում էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին: Ուշագրավ է, որ Հրաչյա Ռոստոմյանն այդպես էլ չմասնակցեց ասուլիսին։ Վարչապետի ու կառավարության աշխատակազմը մինչ այդ խառնված ինչ-որ կազմակերպչական հարցեր էր լուծում, ջուրը այստեղ կամ այնտեղ դնելու հարցը երկար քննարկում, սակայն անգամ բանախոսների անունները պատրաստել չեն կարողանում: