ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 16

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական անգամ իշխանության ներկայացուցիչներն անում են հայտարարություններ, որոնք հակասում են միմյանց: Այս անգամ խոսքը վերաբերում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ում հայտարարությունները հակասել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերին: Մասնավորապես, Գրիգորյանն ապրիլի 13-ին հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին եւ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին առաջարկվող օգնության նախագծում սպառազինության աջակցություն չէր նախատեսվում։ «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք եւ զինամթերք։ Չի կարող որեւէ տեղում զենք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնություն առաջարկվել, եւ Հայաստանը հրաժարվի»։ Եվ հենց այս հայտարարությունն էլ հակասում է Արարատ Միրզոյանի խոսքերին: Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձել էր ՀԱՊԿ կողմից առաջարկվող փաստաթղթերի բովանդակությանը եւ հայտարարել էր. «Քննարկվող որոշման մեջ դիտարկվում էր նաեւ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այունհետեւ կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցածուլում, ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն…»։ Այսպիսով, Արմեն Գրիգորյանի եւ Արարատ Միրզոյանի հայտարարությունները հակասում են միմյանց:

 

 

 

Երեքշաբթի օրը խորհրդարանում թեժ է լինելու: Այդ օրը ԱԺ են գալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Ինչպես հայտնի է, ԱԺ-ն երեքշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը պետք է ներկայացվի: Ահա այդ օրը վարչապետն անձամբ պետք է գա խորհրդարան, ներկայացնի կառավարության ողջ կատարողականը, ինչպես նաեւ պատասխանի պատգամավորների հարցերին: Նախարարներից մի քանիսը եւս անհրաժեշտության դեպքում կանդրադառնան իրենց ոլորտներին, կներկայացնեն ոլորտի առաջնահերթությունները, խնդիրները, այնուհետեւ նրանք եւս կպատասխանեն պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստի նախօրեին ֆրակցիայի նիստ կանի, որպեսզի քննարկվեն արտահերթ նիստի օրակարգի հետ կապված բովանդակային եւ տեխնիկական հարցերը:

 

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթին  հայտնի  դարձավ, թե որ նախկին  եւ ներկա  պաշտոնյաները ՊԲ նախկին  հրամանատար  Միքայել  Արզումանյանի  գործով  կհրավիրվեն Հակակոռուպցիոն  դատարան  եւ  կհարցաքննվեն։  Այսպիսով, նրանք են ՊՆ նախկին  Նախարար  Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ  Հարությունյանը, ՊԲ նախկին  հրամանատար Ջալալ Հարությունյանը  եւ ԳՇ նախկին  պետ Օնիկ  Գասպարյանը: Նշենք, որ  Գլխավոր  դատախազությունը երեկ պաշտոնապես  հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է: Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։

 

 

 

ՀՀ կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել ապրիլի 13-ի իր նիստում. այդ օրը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել ՀՀ «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ռազմավարական հետազոտությունների իրականացում եւ առաջարկությունների ներկայացում» միջոցառմանը։ Ընդ որում՝ նախագծի մեջ 2-րդ-ից 4-րդ կետերը գաղտնի են, եւ միայն հիմնավորման մեջ նշվում է, թե առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված է նման որոշում կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆինանսների նախարարությունը վերապահումներ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ, դրանք ընդունվել եւ խմբագրվել են, եւ, միեւնույնն է, նման որոշում է կայացվել: Ֆինանսների նախարարությունը նշել է, թե դիտողություններ ունի, եւ այն ներկայացվել է նախագծի գաղտնի հատվածում: Հավելենք, որ գումարի ծախսի նպատակների մասին որեւէ խոսք առկա չէ նախագծում. միայն հավելվածից տեղեկանում ենք, որ գումարը բաշխվելու է որպես ընթացիկ եւ կապիտալ դրամաշնորհներ պետական եւ համայնքների առեւտրային կազմակերպություններին։




Լրահոս