«Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին Եվրամիության ու Միացյալ Նահանգների գործընկերների կողքին, – երեկ Երեւանում հայաստանցի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։- Բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվարին է, դժվար է գտնել, նաեւ՝ հաճախ երկար, բայց ես ասում եմ Երեւանում, ինչպես ասել եմ Բաքվում, դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա արդար եւ կայուն խաղաղության հասնել, միակ ճանապարհը, որ հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի եւ երկու երկրների բնակչությունների համար։ Ուստի մենք բոլորին քաջալերում ենք վճռականորեն այդ ճանապարհի վրա կանգնել, պարո՛ն նախարար, Ձեր բարեկամների օգնությամբ։ Արդար եւ կայուն խաղաղություն. ի՞նչ է սա նշանակում։ Նախեւառաջ՝ խաղաղություն, որը հիմնված է միջազգային իրավունքի հարգանքի վրա»։
Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը եւ հայտարարում, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ Ըստ Կոլոնայի՝ նման գործելաոճը նաեւ խոչընդոտում է Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին. «Եվ մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ձեր կողմից ստանձնած պարտավորությունների, բայց նաեւ՝ համաձայն Միջազգային արդարադատության դատարանի վճռի։ Այդ արգելափակումը արդեն մի քանի ամիս է տեւում. դա ընդունելի չէ եւ չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին եւ, բացի այդ, մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»։
«Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը նոյմեբերի 9-ի հայտարարության հերթական, սակայն հետեւանքների առումով չափազանց վտանգավոր խախտում է, – իր հերթին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։- Դրա եւ Լեռնային Ղարաբաղը լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների արդեն բացահայտ կոչերի, ատելության խոսքի հետեւում հնարավոր չէ չտեսնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը։ Սա պետք է պարզ լինի նաեւ միջազգային հանրության համար, եւ այս համատեքստում եւս մեկ անգամ ընդգծել ենք միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու»։
Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը եւ հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։
Նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։
Ն. Հ.
ԿՏՐՈՆՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԵՐՈՒՄ
Կտրոնային համակարգի ապրանքները ձեռք են բերվում պետության կողմից ու կազմակերպմամբ, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին ապրանքներն արդեն իրացվում են աշխատավայրերում կամ դրանց մոտակայքում:
Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում եւ մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից եւ կազմակերպմամբ: Այդ ոլորտում ձեւավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:
Հաշվի առնելով, որ պետական եւ մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, որպիսի գործընթացը կրելու է շարունակական բնույթ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա:
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ Էդվարդ Ասրյանն այս մասին ասել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը։
«Միանշանակ ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ, շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասել է Ասրյանը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ արձանագրեց, որ Հայաստանի եւ ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է. «Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետեւելն է իրավիճակին, սակայն, ամեն դեպքում, այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասել է Կատրին Կոլոնան։
ՄԻՊ-Ը ԱԶԱՏՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ
ՄԻՊ լրատվության հետ կապերի բաժնի ղեկավար Ամալյա Մարգարյանն ազատվել է աշխատանքից:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին 69 կողմ, 0 դեմ ձայնով՝ Անահիտ Մանասյանն ընտրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան։
Հիշեցնենք նաեւ, որ ArmLur.am-ը գրել էր՝ Մանասյանի՝ ՄԻՊ նշանակվելուց հետո ՄԻՊ աշխատակիցներն ազատման դիմումներ են գրում եւ հեռանում: Անահիտ Մանասյանն իր հավատարիմ մարդկանց է բերում ՄԻՊ գրասենյակ:
Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել ու ՄԻՊ-ից հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, որը նշանակվել էր Քրիստիննե Գրիգորյանի օրոք. ասում էին՝ նրա ընկերուհին է:
Նշենք, որ Անի Մխիթարյանը մինչ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար դառնալը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) պետն էր։ Նա անցնում էր հայտնի «որդեգրումների գործով»՝ որպես մեղադրյալ, եւ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթներից մեկով:
Ի՞ՆՉ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մայիսի 3-5-ը Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Պրահա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին կմասնակցի: Պատվիրակության կազմում կլինեն՝
Նարեկ Տերյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Գեւորգ Մանթաշյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարի առաջին տեղակալ
Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ
Տիգրան Գաբրիելյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արա Մարգարյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
Արմեն Այվազյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Լիլիթ Սարոյան – ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Արմեն Մելքոնյան – ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ
Աննա Հասմիկյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ