ՀԱՏԿԱՑՎԵԼ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեսչական վարչությունից ArmLur.am-ին հայտնում են, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջեւ կատարվել է վերաբաշխում 95 մլն 276 հազար դրամ գումարի շրջանակում, ինչպես նաեւ նախարարության բյուջեն ավելացվել է 16 մլն 145 հազար դրամով։
Վերաբաշխումը կատարվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումների կատարման եւ ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունները համապատասխան գույքով ապահովման նպատակով: Գումար կհատկացվի  նաեւ Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի շենքի վերակառուցման ավարտական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ ծրագրերի շրջանակում այլ օբյեկտների մասով ընդունված կատարողական ակտերի դիմաց վճարումների կատարման նպատակով:
2016թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագիրը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագրի շրջանակում 2019-2020 թթ.-ին իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզում ընտրված 9 դպրոցի եւ 1 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի շենքային պայմանների` ներառական կրթությանը հարմարեցման աշխատանքներ: 2022 թ.-ին նշյալ աշխատանքներ իրականացվել են ՀՀ Լոռու մարզի 14 դպրոցի եւ 1 ՏՄԱԿ-ի, ինչպես նաեւ ՀՀ Շիրակի մարզի 4 դպրոցի եւ 1 ՏՄԱԿ-ի համար: ՀՀ Լոռու մարզի 8 դպրոցում եւ Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքներն ավարտվել են 2023 թ.-ին: ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակում նորոգված (շենքային պայմանները` ներառական կրթությանը հարմարեցված) դպրոցներն ապահովվել են համապատասխան գույքով (սեղաններ եւ գրապահարաններ): Կարեւորելով նորոգված հաստատությունների համար անհրաժեշտ գույքով ապահովումը՝ Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի հաստատությունների համար դեռեւս չգնված գույքը (աթոռներ) ձեռք կբերվի ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի հաշվին:
Որոշմամբ գումար է հատկացվել նաեւ Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտի հասցնելու համար: Քոլեջի վերակառուցումը մեկնարկել է 2017թ.-ին եւ ներկայում ավարտական փուլում է: Քոլեջի վերակառուցման աշխատանքների ամբողջական արժեքը կազմում է 1 մլրդ 361 մլն 781 հազար դրամ: Հարկ է նշել, որ քոլեջի՝ ամբողջությամբ նոր գույքով եւ լաբորատոր սարքավորումներով ապահովելու համար վերջինիս գումար է հատկացվել ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշմամբ: Գույքի եւ սարքավորումների գնման գործընթացը եւ մատակարարումը նախատեսված են այս տարի:
Որոշմամբ գումար է հատկացվել նաեւ Ռյա Թազայի միջնակարգ դպրոցի ջեռուցման աշխատանքների ամբողջացման համար՝ 942.1 հազար դրամի շրջանակում:
Որոշմամբ կատարվել են նաեւ այլ հատկացումներ, մասնավորապես՝ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցման կապալային աշխատանքների համար՝ 5,315.9 հազար դրամ, Լեռնահովիտի հիմնական դպրոցի եւ Ջիլի միջնակարգ դպրոցի մոդուլային տիպի շենքերի կառուցման հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,050.8 հազար դրամ, Հագվու հիմնական դպրոցի եւ Մեդովկայի միջնակարգ դպրոցի մոդուլային տիպի շենքերի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 11,528.5 հազար դրամ, Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 1,080.0 հազար դրամ, Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցի մարզադահլիճի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 850.2 հազար դրամ:
ԻՆՔՆԱԹԻՌԸ ԳՆՎԵԼ Է 7 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ
Երեւան-Կապան-Երեւան չվերթ կատարած ինքնաթիռը ձեռք է բերվել «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության միջոցներով մոտավորապես 7 մլրդ դրամով։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մամուլի ծառայությունից, որը պարզաբանել է ապրիլի 26-ին իրականացված Երեւան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված որոշ հարցեր։
«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։ «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի եւ ինքնաթիռի ձեռք բերումը, պահպանման ծախսերն իրականացվել են եւ այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով»,- ասված է հաղորդագրությունում:
Կապանի օդանավակայանի, թռիչքուղու եւ այլ ենթակառուցվածքների կառուցման համար կոմբինատը ծախսել է 2,5 միլիարդ դրամ, գույքի ձեռք բերման, վերապատրաստման եւ օդանավակայանի այլ ծախսերի համար` 300 միլիոն դրամ։
ԶՊՄԿ ընկերությունից նշել են, որ, ընդհանուր առմամբ, օդանավակայանի շինարարության, գույքի եւ ինքնաթիռի ձեռք բերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես իրենց տրամադրված միջոցներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Սյունիք» օդանավակայան իրականացվեց փորձնական չվերթ։ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել ապահովել Երեւանից-Կապան կանոնավոր չվերթների իրականացումը։
ԿԿԱՌՈՒՑՎԻ 5 ՇԵՆՔ
Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր կառուցվել են խորհրդային իշխանության տարիներին. դրանք բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են։ Հատկապես վատ վիճակում են գտնվում Ադրբեջանին սահմանակից  բնակավայրերի  եւ մարզի  փոքր գյուղերի հանրակրթական դպրոցների շենքերը։ Օրինակ՝ արդեն 3 տարի է,  ինչ  Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի շենքի  տանիքի մի մասը բաց է, անձրեւաջրերը լցվում են  շինության ներս՝ վնասելով պատերը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանին  տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցնելով, թե Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից քանիսը հիմնանորոգման, քանիսը նորոգման կարիք ունեն։ Մարզպետարանից պատասխանել են, որ մարզի հանրակրթական 10 դպրոցների շենքեր ունեն հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 26-ին մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են  «300 դպրոց եւ  500 մանկապարտեզ»  պետական ծրագրով Տավուշի մարզում դպրոցների եւ մանկապարտեզների շենքերի շինարարարությանն առնչվող հարցեր։ 2023-2024 թվականների ընթացքում Տավուշի մարզում կկառուցվի հանրակրթական դպրոցների 5  շենք։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ մարզի շինարարական կազմակերպությունների կողմից շինարարական մրցույթների ժամանակ գրավի ապահովման  հնարավորությունները  ու  «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագրի  մանրամասները։
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Տավուշի մարզում չլուծված  է  թափառող, անտեր շների  վնասազերծման հարցը։ Նախկին տարիներին հարցը լուծվում էր որսորդական միությունների անդամների կողմից  անտեր, թափառող շներին գիշերային ժամերին հրազենով ոչնչացնելու  միջոցով։ Այդ նպատակով համայնքների բյուջեներից  գումարներ էին հատկացվում, համայնքապետարանները բնակչությանը նախապես զգուշացնում էին նախատեսված  գործողության մասին՝ խնդրելով չանհանգստանալ գիշերը հնչող կրակոցներից։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի համայնքներում այլեւս թափառող, անտեր շներին հրազենով  չեն ոչնչացնում։ Ապրիլի 10-ին Բերդ քաղաքում ցերեկով թափառող, անտեր շունը հարձակվել է մի կնոջ վրա, կծել նրան։ Երկու տարի առաջ Դիլիջան քաղաքում անտեր, թափառող շները  բազում տեղերից կծել էին փոքրիկ մի տղայի։ Վերջերս Իջեւան քաղաքի կենտրոնում անտեր շները հարձակվել են տեղացի  կուսակցական գործչի, նաեւ համայնքի ավագանու անդամի վրա: Իջեւանի բնակիչները հայտնեցին, որ քաղաքի կենտրոնում՝  «Հայբիզնեսբանկի»  Իջեւանի մասնաճյուղի շենքի կողքին, մշտապես գտնվում է անտեր, ագրեսիվ, սեւ մեծ շուն, որի  ահարկու տեսքից եւ  ագրեսիվ վարքից  ահաբեկվում են բանկ այցելողները, քաղաքի կենտրոնի այդ հատվածով անցնողները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս