Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող փաստաթղթի անունը. «Ամերիկայի ձայն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները մանրամասներ են հաղորդել բանակցություններից: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնեցին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները: Քննարկումները կողմերի միջև, որոնք մեկնարկել են այսօր առավոտյան, ընթանում են կառուցողական, հայտնել է պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Ըստ բարձրաստիճան դիվանագետների՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հասնելու համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Բանակցություններն ընթանում են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Այսօր առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հյուրընկալել էր արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ նախ առանձին կարճ հանդիպումների, իսկ այնուհետև եռակողմ քննարկումների ձևաչափով:

Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

Բոնոյի խոսքով՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին, որը Բոնոն որակում է շատ բարդ և համապարփակ: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը։




Լրահոս