Կարևոր ու բովանդակալից հանդիպում ունեցա Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերի, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարի՝ քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովի հետ:
Գործընկերներիս ներկայացրի Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի կողմից մարդկանց՝ միջազգային կոնվենցիաներով ամրագրված կենսական իրավունքների շարունակ խախտումների մասին: Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Ընդգծեցի, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով 120 հազար հայ 21-րդ դարում Արցախում ապրում է պատանդի կարգավիճակում՝ զրկված լինելով աշխարհի հետ կապից, էլեկտրաէներգիայի և գազի, սննդի և կենսական անհրաժեշտության պարագաների բավարար մատակարարումից, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետում: Ադրբեջանը, ի թիվս այլ հանցագործությունների, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը հայկական կողմի համար անընդունելի է:
Պատմեցի, թե ինչպես վարդենիսցին չի կարողանում գնալ աշխատանքի Սոթքի հանքավայրում, քանի որ ադրբեջանցիները կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչպես Տեղ գյուղի ու ընդհանրապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակիչները հնարավորություն չունեն անասնապահությամբ զբաղվելու, քանի որ արոտավայրերն օկուպացվել են Ադրբեջանի կողմից:
Խոսեցի նաև Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին՝ մատնանշելով երկրում մարդկանց շարունակ խախտվող իրավունքները: Նշեցի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բոլորովին այլ խոստումներով եկավ իշխանության, ամենօրյա ռեժիմով խաբում է բոլորին՝ անելով այն, ինչ նախկինում քննադատում էր: