Կալանավորված անձը հայտնել է, որ արգելված իրերն իր խնդրանքով ՔԿՀ է բերել և իրեն փոխանցել փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կալանավորված անձ Հ. Մ.-ի հետ տեսակցության ընթացքում վերջինիս փաստաբանը նրան է փոխանցելու արգելված իրեր:

Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նշյալ կալանավորված անձը փաստաբան Ն. Մ.-ի հետ տեսակցության ավարտից հետո մետաղորսիչ սարքի միջոցով ենթարկվել է անձնական զննության: Զննության արդյունքում Հ. Մ.-ի սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ձեռքի թղթապանակից՝ 2 բջջային հեռախոս, USB լարև wi-fi սարք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, կալանավորված անձ Հ. Մ.-ն գրավոր հայտնել է, որ նշված արգելված իրերն իր խնդրանքով հիմնարկ է բերել և իրեն փոխանցել փաստաբանը:

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:




Լրահոս