ԱԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում է Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն։ Նա արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան հետ։ Այս պաշտոնին փետրվարին նշանակվելուց հետո սա արդեն ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն է տարածաշրջան։

 

«Գրիգորյանը Բոնոյին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից 3 օր առաջ Տեղ համայնքի մոտակայքում իրականացված սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է՝ կառուցողական քայլերի իրականացման եւ խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը հետագա էսկալացիաներից խուսափելու համար»,- հաղորդում է Անվտանգության խորհուրդը։

Լու Բոնոն տարածաշրջան է եկել մեկ շաբաթով։ Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնում են, որ դիվանագետը հանդիպումներ կունենա «շահագրգիռ կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով»։

Արդյոք Լու Բոնոյի տարածաշրջան այցի նպատակներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հանդիպում կազմակերպելն է. այս հարցի պատասխանը չհաջողվեց ստանալ ԱՄՆ դեսպանատնից, սակայն քաղաքական մեկնաբանը նկատում է, որ այս պահին Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ միջնորդական ջանքերի մեծ մրցակցություն կա։ Մոսկվան իր հերթին է փորձում ավելի աշխուժացնել իր մոդերատորությամբ տեղի ունեցող գործընթացը, Վաշինգտոնն իր հերթին է փորձում տեղի ունեցողի՝ միջնորդական ձեւաչափերի հանդեպ իր ազդեցությունը բարձրացնել. նույնիսկ կարող ենք ենթադրել, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կամ Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի այցը հենց պայմանավորված է Վաշինգտոնում արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու ձգտումով։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության խոսանկը հայտնել էր, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ընդունել են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը՝ քննարկելու կողմերի միջեւ խաղաղության համաձայնագիրը։

Նույն օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարարն էլ ասաց, որ հանդիպումներ ծրագրվում են՝ առանց հստակեցնելու աշխարհագրությունը։

Երեկվա հարցազրույցում Արմեն Գրիգորյանն իր հերթին ասաց, թե երբ հանդիպման օրն ու ժամը հստակեցվի, Երեւանը կհանրայնացնի տեղեկությունը։

 

 

 

 

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ազատվել են պաշտոններից: նախագահի աշխատակազմից:

«Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ – նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է հրամանագրում:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման եւ խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար: ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:

 

 

 

 

ՄԵԿՆՈՒՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մեկ շաբաթով մեկնում է արձակուրդ: Գրիգոր Մինասյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

 

 

 

 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԱՍՏԻՔ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդի հաստիք: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է կառավարության երեկվա նիստում: Կցորդի նստավայրը կլինի մայրաքաղաք Բեռլինում:

Առաջարկվել է նաեւ առեւտրական կցորդի տեղակայումն իրականացնել Բեռլինում տեղակայված Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել եւ ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Հավելենք, որ Հայաստանն առեւտրային ներկայացուցիչներ ունի Իրանում եւ Չինաստանում:

 

 

 

 

 

ԿԳՄՍ-ՈՒՄ ԿԱԴՐԵՐԻ ՊԱԿԱՍ Է

ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է նախարարություններում տիրող իրավիճակին եւ այն հանգամանքին, որ կան թափուր հաստիքներ: Բացառություն չէ նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Նախարարությունում մեկ փոխնախարարի հաստիք թափուր է: Այդպիսի իրավիճակ է նաեւ վարչություններում: Թափուր է Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի, նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետի, Հանրակրթության վարչության պետի պաշտոնները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ չունի մամուլի քարտուղար, նաեւ թափուր է իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետի պաշտոնը: Նախարարության պաշտոնական կայքի տվյաների համաձայն՝ թափուր պաշտոններ կան նաեւ բաժիններում: Պետ չունեն պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը, զորահավաքային պատրաստության բաժինը, ընդհանուր բաժինը:

 

 

 

 

 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 11-ՐԴ ՓԱԹԵԹ

Եվրամիությունը պատրաստվում է  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ակտիվացնել։ Այս մասին երեկ CNBC հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական եւ կապիտալի շուկաների կայունության հարցերի հանձնակատար Մեյրիդ Մակգինեսը։

Եվրահանձնակատարը նշել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է լինելու առաջին հերթին սահմանափակիչ միջոցների շրջանցման փորձերի դեմ։  Ավելի վաղ Politico թերթի եվրոպական պարբերականը տեղեկացրել էր, որ Եվրամիությունը 11-րդ փաթեթի քննարկումը կսկսի կաթոլիկական Զատկից հետո, որը նշվել է անցած հանգստյան օրերին։

 




Լրահոս