ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը երեկ մասնակցել է «Համայնքի սոցիալական աշխատողը բարեփոխումների կենտրոնում» խորագրով միջոցառմանը, որի նպատակն է ընդգծել սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման կարեւորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքում:

 

Միջոցառմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, ներկա են եղել նաեւ ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից:

Ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանի խոսքով՝ բացի սոցիալական ոլորտի մասնագետների եւ կառույցների հետ համագործակցելուց, ծրագիրը կարեւորում է նաեւ կրթության, առողջապահության եւ հարակից այլ ոլորտների ներգրավվածությունը սոցիալական խնդիրների լուծման հարցում:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կաեւորել է միջգերատեսչական համագործակցությունը, որը նպաստելու է խնդիրների լուծմանը: «Սոցիալական աշխատողներն այն մասնագետներն են, որոնք օգնելու են լուծել մեր համաքաղաքացիների՝ տարբեր իրավիճակներում ծագած խնդիրները: Կարեւորում ենք սոցիալական ծառայությունների եւ սոցիալական աշխատանքի կայացումը մեր երկրում, հատկապես այն համատեքստում, որ դա ուղղված է լինելու երեխաներին տրամադրվող բոլոր, մասնավորապես՝ կրթական ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանը: Ուսումնական հաստատություններն այն կառույցներն են, որոնց հետ առնչվում են մեր հասարակության ամենալայն շերտերը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է համընդհանուր ներառական կրթության համակարգին, որն արդեն իսկ ներդրվել է նախադպրոցական եւ դպրոցական ոլորտներում, իսկ այս տարի ներդրվելու է նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից շատերը սոցիալական աշխատանքի կարիք են ունենալու՝ լուծելու համար բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են իրենք եւ իրենց ընտանիքները կենսագործունեության կազմակերպման ընթացքում»:

Անդրադառնալով Class ծրագրի շրջանակում միջգերատեսչական համագործակցությանը՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է ծրագիր, որն ուղղված է ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացմանը. «Ցավոք, շատ հաճախ մեր երկրում տարբեր համակարգեր սկսում են ինքնուրույն զարգանալ, բայց այդ համակարգերի փոխգործելիությունը չենք կարողանում ապահովել: Կարեւորում ենք, որ սոցիալական աշխատանքն ու համայնքային սոցիալական աշխատողները կարողանան խնդիրների լուծման համար ներգրավել նաեւ ուսումնական հաստատություններին: Մյուս կողմից՝ վստահ ենք, որ ուսումնական հաստատություններն ազդակ են հանդիսանալու՝ հասկանալու, թե արդյոք երեխան խնդիր ունի, թե ոչ: Կցանկանամ նաեւ մեկ այլ խնդրի անդրադառնալ. վերջին շրջանում մենք փորձում ենք ավելի հստակ ընթացակարգերի միջոցով հայտնաբերել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին եւ նրանց վերադարձնել կրթական համակարգ: Որքան էլ ուսումնական հաստատությունները ջանք ներդնեն այս առումով, շատ հաճախ առանց սոցիալական աշխատողի աջակցության դա գրեթե անհնար է: Այս հարցում եւս մենք ակնկալում ենք սոցիալական աշխատողների հետ համագործակցություն»:

Հաջորդ խնդիրը, որը ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարեւորել է, նախադպրոցական կրթության հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխությունն է. «Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ այն երեխաները, որոնք նախադպրոցական կրթություն են ստացել, դպրոցում ուսումնառությունը շատ ավելի որակյալ, արդյունավետ եւ սահուն է կազմակերպվում: Մյուս կողմից՝ կարիք ունենք զարգացնելու նախադպրոցական ծառայությունները: Բայց նաեւ նախադպրոցական կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխման խնդիր ունենք, քանի որ այն կարծրատիպային մոտեցումը, թե նախադպրոցական հաստատությունը զուտ խնամք իրականացնելու վայր է, վաղուց չի համապատասխանում իրականությանը:

Այս առումով եւս ակնկալում ենք սոցիալական աշխատողների օգնությունը՝ իրազեկման բարձրացման տեսանկյունից»:

Նշենք՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ իրականացնում են «Վորլդ Վիժն» Հայաստան կազմակերպությունը, Մանկական զարգացման հիմնադրամը, Կանանց աջակցման կենտրոնը եւ «Առնապ» հիմնադրամը: Այն ուղղված է հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով եւ բարելավելու առավել խոցելի երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքը:

 

 

 

 

 

 

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԳՈՐԾԱՐԿԻ «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԵՎ»

Չինական Experimental Advanced Superconducting Tokamak (EAST, HT-7U Superconducting Tokamak) ջերմամիջուկային ռեակտորը կարողացել է մեկ ցիկլի ընթացքում անընդմեջ աշխատել 403 վայրկյան՝ այդպիսով սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ, որը գրեթե չորս անգամ գերազանցել է նախորդ ռեկորդը (101 վայրկյան):

 

Հայտնի է, որ ռեակտորը գտնվում է Անհույ նահանգի Հեֆեյ քաղաքում, սակայն առայժմ տվյալներ չկան այն մասին, թե ինչ ռեժիմով է այն աշխատել եւ ինչ ջերմաստիճանի է պլազման տաքացվել։ Ավելին, չկա նաեւ տեղեկություն, թե ինչ պլազմայի մասին է խոսքը՝ էլեկտրոնային, թե իոնային, իսկ դա չափազանց կարեւոր է։

Բանն այն է, որ խոսքը կարող է լինել պլազմայում էլեկտրոնների տաքացման մասին մինչեւ 120 միլիոն աստիճան Ցելսիուս: Այնուամենայնիվ, ռեակտորի պլազմայում ջերմամիջուկային սինթեզի ռեակցիա սկսելու համար անհրաժեշտ է տաքացնել ոչ թե էլեկտրոնները, այլ իոնները ավելի քան 100 միլիոն աստիճան, իսկ դրանք ավելի ծանր են, քան էլեկտրոնները, եւ դրանց տաքացումը պահանջում է գրեթե երկու անգամ ավելի շատ էներգիա: Նախկինում EAST ռեակտորը հաջողությամբ է իրականացրել գիտափորձը, որի ժամանակ էլեկտրոններից կազմված պլազման տաքացվել է մինչեւ 70 միլիոն աստիճան եւ ռեակցիան տեւել է 1056 վայրկյան: Մեկ այլ փորձի ժամանակ էլեկտրոններից կազմված պլազման տաքացվել է մինչեւ 160 միլիոն աստիճան, իսկ ռեակցիան տեւել է 20 վայրկյան: Սակայն իոնային պլազմայի տաքացման ռեկորդը դեռ պատկանում է Հարավային Կորեայում տեղակայված KSTAR ռեակտորին, որը կարողացել է 100 միլիոն աստիճան տաքացված իոնային պլազման պահել 30 վայրկյան։

Հետաքրքիր է, որ չինացիները երկրում չեն գործարկել ջերմամիջուկային ռեակտորի այսպիսի մասշտաբային նախագիծ, ինչպիսին ITER-ն է, թեեւ մասնակցում են դրան։ Միեւնույն ժամանակ, արդեն ընդհանուր առմամբ պատրաստ է 2 ԳՎտ հզորությամբ CFETR (China Fusion Engineering Test Reactor) ջերմամիջուկային էլեկտրակայանի նախագիծը, որը նախատեսվում է գործարկել 2035թ.։ Այդ ժամանակ եվրոպական նմանատիպ նախագիծը՝ DEMO-ն, դեռ նախագծման փուլում կլինի:

Չինաստանը կարծես պատրաստվում է աշխարհում լինել առաջինը, որը կգործարկի «արհեստական արեւ», ինչը բազմաթիվ փորձագետներ շատ ու շատ հավակնոտ նպատակ են համարում:

 

 

 

 

 

 

 

ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ՄԱՍՈՒՆՔԸ

Ապրիլի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը, որը նաեւ Մասյացոտնի թեմի Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման եւ ուխտի օրն է: Այդ առիթով, ընդառաջ թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը հավատացելոց երկրպագության համար:

Մասյացոտնի թեմի հաղորդմամբ՝ ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի։ Պատարագին մասնակցելու են նաեւ թեմի հոգեւոր հովիվները իրենց համայնքի ուխտավորների հետ միասին:

Հավարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի հավատավոր ժողովրդին կբաշխվի մատաղ եկեղեցու վերանորոգման բարերար Տիար Արգամ Աբրահամյանի ընտանիքի կողմից։

 

 

 

 

 

ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների եւ արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչեւ 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«12 տարեկանից բարձր երեխաների եւ ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։

Կկարգավորվի նաեւ աբոնեմենտի շրջանակում թատրոն եւ թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նա։

 

 

 

 

 

 

ԴՈԼԱՐԸ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է

Ուրբաթ առավոտյան դոլարի արժեքը, մյուս հիմնական արժույթների համեմատ՝ ներառյալ եվրոն եւ իենը, իջել է. վկայում են աճուրդների տվյալները։ ԱՄՆ-ում գնաճի դանդաղման մասին վիճակագրությունը նպաստել է այն սպասմանը, որ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կարող է թուլացնել մոնետար քաղաքականությունը եւ ավարտել տոկոսադրույքի բարձրացման ցիկլը։

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է՝ 1,107 դոլար՝ անցած աճուրդների ամփոփման 1,1 044 դոլարի դիմաց, դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ իջել է 132,38 (132,56-ի դիմաց)։ Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) իջել է 0,18 տոկոսով՝ 100,83 կետ։

Շաբաթվա սկզբից դոլարի ինդեքսն իջել է 1,25 տոկոսով, իսկ դոլարի հանդեպ եվրոյի փոխարժեքը բարձրացել է 1,6 տոկոսով։




Լրահոս