«Երեւանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ…
Երկրորդ տեղում է Սյունե Սեւադայի «Աղի թեյ»-ը. 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը…
Երրորդ տեղում է Մարկ Արենի եւ Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սեւակի եւ Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սեւակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սեւակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը… Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ…
Չորրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»՝ գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլեւ ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը եւ հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել եւ Երեւանը դարձնում բարի գործերի քաղաք: Նորվարդ Մարտիրոսյանի «Հրեշտակների կածանը» հինգերորդ տեղում է։ Վիպակը սոցցանցի միջոցով այրի ուսուցչուհու եւ դաշնակահարի ծանոթությունից ծնված մեծ սիրո մասին է։ Գիրքը լի է դրամատիկ դրվագներով, գեղեցիկ բանաստեղծություններով, խոհափիլիսոփայական մտքերով։ Վիպակում տողատակով կան թեւավոր խոսքեր, որոնց նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել արատավոր մի շարք երեւույթների վրա, որոնք մեզ անասելի հեռացրել են մեր ազգային ինքնությունից։
Վեցերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երեւում հեռուստաէկրաններին: Նրա եւ նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում:
Յոթերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը եւս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի…
Ութերորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի եւ նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության…«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում հայերեն տառերով, թուրքերեն լեզվով եւ ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:
Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեեւ առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են: Տասներորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը»։ Այն ամենը, ինչ ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայն խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի»՝ «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով: «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը: