ՌԴ-ին ագրեսոր ճանաչելու վերաբերյալ կետը վերջին պահին է մտցվել բանաձև. ի՞նչ հետևանքներ կունենա ՄԱԿ-ում ՌԴ-ի դեմ Հայաստանի քվեարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է նաև «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։ Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել է նաև Հայաստանը: Թե ի՞նչ հետևանքներ կունենա ՄԱԿ-ում ՌԴ-ի դեմ Հայաստանի քվեարկությունը, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը պարզաբանում է՝ բանաձևին կողմ քվեարկած երկրների մի մասը պարզաբանել է, ու կողմ են քվեարկել ընդհանուր բանաձևին, բայց ՌԴ-ին ագրեսոր ճանաչելու վերաբերյալ կետին կողմ չեն եղել, ուստի քաղաքագետը կարծում է, որ բանաձևին կողմ քվեարկելը հետևանքներ չի ունենա.

«Դա ՄԱԿ-ի և և Եվրախորհրդի համագործակցության մասին բանաձև է, որին շատ երկրներ կողմ են քվեարկել: Այստեղ մի խնդիր կա, որի վերաբերյալ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը բացատրություն է տվել, որ ընդհանուր բանաձևը նորմալ է եղել, խնդրահարույց չի եղել, ուղղակի այդտեղ մի կետ են մտցրել, որտեղ նշված է, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, իսկ այն երկրները, որոնք կողմ են քվեարկել, նշել են, որ ընդհանուր բանաձևին կողմ են քվեարկել, բայց կոնկրետ ՌԴ-ին վերաբերվող կետին կողմ չեն քվեարկել: Այնպես որ, միանշանակ չէ, որ հատուկ կողմ են քվեարկել բանաձևին՝ Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու համար:

Հայաստանից բացի հարյուրից ավել երկրներ կողմ են քվեարկել այդ բանաձևին՝ Բրազիլիան, Չինաստանը, Ղազախստանը, այսինքն՝ երկրներ, որոնք ՀԱՊԿ-ի կամ Բրիքս-ի ձևաչափով Ռուսաստանի դաշնակիցներն են եղել: Նրանք կողմ են քվեարկել ընդհանուր նախագծին, վերջին պահին ՌԴ-ին վերաբերվող այդ կետը մտցվել է բանաձև, ստացվել է, որ Ռուսաստանին ագրեսոր ճանաչելուն են կողմ քվեարկում, բայց այդպես չէ: Դրա համար էլ կարծում եմ, որ որևէ հետևանք դա չի ունենալու »,-ասում է Բադալյանը:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Ռուսաստանն էլ պաշտոնապես դիտարկում է, որ սա սադրանք էր Արևմուտքի կողմից. «ՌԴ-ն հասկանում է՝ 9-րդ կետը մտցվել է Ռուսաստանին վնաս տալու համար, դրա համար էլ այն երկրները, որոնք կողմ են քվեարկել բանաձևին, չի դիտում որպես թշնամական արարք և հետևանքներ, որպես այդպիսին, չեն լինի »,-ասում է զրուցակիցը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս