
Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ.
«Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։
ArmLur.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է՝ նման անակնկալները Հայաստանի համար շարունակական կլինեն, Թուրքիան ամեն պահի կարող է փակել օդային սահմանը, հետագայում ՝ ավելի ագրեսիվ քայլերի գնալ.
«Թուրքիան շարունակում է մնալ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն, և որևէ դրական տենդենց հայ-թուրքական հարաբերություններում չկա: Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, միայն փոխվել է Հայաստանի դիմադրողականությունը, ՀՀ իշխանությունների մտածողությունն է անհիմն փոխվել Թուրքիայից բխող սպառնալիքների նկատմամբ»,-ասում է Մելքոնյանը:
Քրիստինա Մուշեղյան