ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքուր և առանց կեղտաջրերի Սևան. ինչ առավելություններ կունենա վերազինված կայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճի ծաղկման խնդիրն օրհասական է, և այն լուծելու առաջնային պայմանը կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որպեսզի վերջնարդյունքում գետերի ջրերը մաքուր լցվեն լիճ։

Եվ այդ նպատակով Գավառ քաղաքում կառուցվելու է Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման կայան: Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում: «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,7 միլիոն եվրո։

Այսօր կոյուղաջրերի ամբողջ ծավալը անխափան հոսում է լիճ, ինչը հանգեցնում է լուրջ բնապահպանական խնդիրների։

2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում  գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային  և ազգային փորձագետներից բաղկացած խումբը EU4Sevan ծրագրի շրջանակում իրականացրել է ուսումնասիրություն՝ կարևորելով կոյուղաջրերի մաքրման մեթոդի ու տեսակի ընտրության, ներառյալ բնահեն եղանակով, հիմնավորված տեխնիկական, ֆինանսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ խնդիրները: Եվ կոյուղաջրերի մաքրման առաջարկվող տարբերակներից ամենաարդյունավետը  կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումն է: Իսկ ինչ առավելություններ կունենա կայանի կառուցումը:

Ի դեպ, խոսքը ոչ միայն գետերով հոսող՝ քաղաքներից եկող կեղտաջրերի մասին է, այլ նաև Սևանա լճի ափամերձ տարածքներում գործող տարատեսակ հասարակական օբյեկտների՝ ռեստորանների, հյուրանոցների և սպասարկման վայրերի, որոնք ևս արտանետում են զգալի չափով կեղտաջրեր։

Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն, որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Որպես բնատարածքային համալիր, լիճն իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն և ունի կլիմայագոյացնող կարևոր նշանակություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ առումով: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում անելիք ունենք բոլորս:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս