Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը հնարավոր է չեղարկել. Արամ Սարգսյանը մանրամասնում է՝ ինչպե՞ս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:

Թե ի՞նչ են շուրջ երեք օր բանակցում կողմերը՝ հայտնի չէ, միայն երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, և վստահեցրեց, որ անակնկալներ այնտեղ չկան:

Վաշինգտոնում ընթացող բանակցությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում կողմերը փաստաթղթի շուրջ են բանակցում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փաստաթուղթ է դա, ինչի՞ շուրջ են բանակցում Վաշինգտոնում:

-Առաջին հերթին, նման բանակցությունները չեն կարող համարվել բանակցություններ, այն պատճառով, որ կողմերին պատանդավորել են Վաշինգտոնում՝ հանուն նրա, որ անպայման որեւէ համաձայնության գան: ԱՄՆ-ին հետաքրքիր չէ, թե ի՞նչ պայմաններով , կարեւորը, որ համաձայնության գան: Ի՞նչ կա այդ փաստաթղթում, ամերիկյան կողմը բացահայտ ասել է, որ կա էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարց, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները զրոյացրին արցախյան գոյամարտի ողջ արդյունքները, ազգային ազատագրական պայքարի ամբողջ արդյունքը, սա ամենագլխավոր խնդիրն է, որ դրված է մեր ազգի առջեւ, արդյո՞ք մենք դա ընդունելու ենք: Եթե Նիկոլ Փաշինյանն է ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս, դա դեռ ոչինչ, նրա ստորագրությունը կչեղարկվի, իսկ եթե ազգովի ենք ընդունում, որ Արցախի Հանրապետություն գոյություն չունի, գոյություն ունի միայն Արցախում բնակվող էթնիկ փոքրամասնություն, ուրեմն՝ վայն եկել է, մեզ տարել:

-Ասում եք, որ եթե Փաշինյանը հիմա նոր փաստաթուղթ ստորագրի, ապա դա հնարավոր է չեղարկել հետագայում, ինչպե՞ս:

-Շատ պարզ, առաջինը՝ գոյություն ունի արարողակարգ, պետք է գնա Սահմանադրական դատարան, դա միջազգային փաստաթուղթ է դառնում, ինչից հետո պետք է գնա ԱԺ, որպեսզի վավերացվի: Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դեռ ոչինչ չի նշանակում: Նա խախտել է 1992թ-ի Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը, որտեղ գրված է, որ որեւէ պաշտոնյա իրավասու չէ ստորագրել մի փաստաթուղթ, որը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս: Եթե Փաշինյանը նման փաստաթղթի տակ ստորագրում է, դառնում է քրեական հանցագործ:

«Միասին» շարժումն ունի ներքին որոշում, որ օգտագործելու է բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի այդ փաստաթուղթը կյանքի չկոչվի: Աշխարհը պետք է իմանա, որ Փաշինյանի ստորագրությոնը զրո է, որեւէ նշանակություն չունի, հայ ազգը չի համակերպվելու դրա հետ:

-Պարո՛ն Սարգսյան, տպավորություն է, որ կողմերն այլեւս հրաժարվում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից և նոր փաստաթուղթ են ցանկանում ստորագրել, որպեսզի հետագա բանակցություններն ըստ այդ փաստաթղթի շարունակեն:

-Այդպես էլ կա, դրա համար էլ մենք ասում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն, իհարկե, մեր սրտով չէ, կապիտուլյացիա էր, բայց այնտեղ գոնե պահպանվում էր Արցախի Հանրապետության շահը եւ իրավունքները՝ որպես Ադրբեջանից անկախ օբյեկտ: Այս պարոնի (Նիկոլ Փաշինյանի) արածը, եթե դա է, ուրեմն ինքը փորձում է ամբողջովին չեղյալ համարել բոլոր պայմանավորվածությունները, Մինսկի խմբի աշխատանքները , և զրոյից է սկսում ամեն բան՝ ի վնաս Հայաստանի և Արցախի հանրության, Փաշինյանը Քաջ Նազարի նման գլուխ գովաց, թե նոր փաստաթուղթ է ստորագրելու, տեսնենք՝ ինչ է սպասվում իրեն այդ փաստաթղթի ստորագրելուց հետո:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս