Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ հողամասում կանեփի բույսեր է աճեցնում, իսկ տանը պահում է թմրամիջոց և զենք-զինամթերք։
ՆԳ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տվյալները ստուգելու նպատակով Արմավիրի ոստիկանները այցելել են նշված հասցե։ Տանտիրուհին պայուսակը ձեռքին տնից դուրս գալիս տեսնելով ոստիկաններին՝ խուճապի է մատնվել, փորձել է աննկատ վերադառնալ տուն։ Կնոջ պահվածքը կասկած է առաջացրել իրավապահների մոտ։
Նրանք ձերբակալել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել նրան։ Խուզարկությամբ պայուսակում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով ընդհանուր 1 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, չորացված գլանակներ, կանեփի թփեր, սերմեր, կաթուցիչներ, ծխամորճեր, ապակյա գլանակներ, կրակայրիչներ։
Հայտնաբերվել են նաև ծալովի դանակ ու փամփուշտներ։ Իրավապահները պարզել են, որ հայտնաբերվածը տանտիրուհու որդունն է։ Խուզարկվել է նաև հողամասը. հայտնաբերվել են 1300-ից ավելի կանեփի բույսեր, իսկ տան խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։