
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը սոցցանցի իր էջում գրում է
«Ինչպես հայտնի է, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում օրեր շարունակ բանակցել են այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ճանապարհային քարտեզը, որով ենթադրաբար պիտի կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ ՀՀ վարչապետի, իշխանության այլ ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային հանրության խոստովանությունները վկայում են, որ այդ փաստաթուղթը վերջնականապես և անվերադարձ Արցախը թողնելու է Ադրբեջանի կազմում։ Ավելին, Ալիևն այնքան է լկտիացել, որ ՀՀ-ից պահանջում է միարժեք հայտարարել, թե Արցախն իբր Ադրբեջան է, որից հետո միայն իրենք փաստաթուղթ կստորագրեն Հայաստանի հետ։
ՀՀ իշխանությունը ոչ միայն համարժեք պատասխան չունի, այլև ավելի է խորացնում և արժանահավատ դարձնում այն կասկածները, որ Վաշինգտոնում նախապատրաստվել է և առաջիկայում ստորագրման է պատրաստվում Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Մեր կուսակցության քաղաքական խորհուրդը բազմիցս է դեմ արտահայտվել ամեն գնով, անգամ կենսական շահի զիջումով երևութական խաղաղությանը՝ հատկապես որ Ադրբեջանը երբեք չի պահելու այդ խաղաղությունը, այլ պահանջելու է ավելին։ Հաշվի առնելով, որ հանրությունը տեղեկացված չէ Միրզոյան-Բայրամով և առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումների օրակարգերին, մեր պահանջը հստակ է՝ հրապարակել բանակցությունների և փաստաթղթի բովանդակությունը, հատկապես որ Փաշինյանը ժամանակին խոստացել է հենց այդպես էլ անել Արցախի հարցով որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ»։