Մայիսի 2-ին, կեսգիշերից մոտ մեկ ժամ անց, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Էջմիածնի գիշերային ակումբներից մեկում կռիվ է: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ դեպքի վայր` Չարենցի փողոց է շտապել օպերատիվ խումբը: Միջադեպի հնարավոր զարգացումները կանխվել են:
Տեղում ձեռնարկած գործողությունների ու նաև բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին մոտ ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 27-ից 32 տարեկան հինգ երիտասարդների միջև, և այդ ընթացքում նրանք հարվածներ են հասցրել իրար ու պատճառել մարմնական վնասվածքներ:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը երիտասարդներից մեկը` Արմավիրի մարզի Դողս գյուղի բնակիչ, 28-ամյա երիտասարդը, ինքնակամ եկել է ոստիկանություն, ապա ներկայացվել է քննչական բաժին:
Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները ստացել են օպերատիվ հավաստի տվյալ, որ Լուսագյուղի 27-ամյա բնակչի մոտ վիճաբանության ժամանակ եղել է ատրճանակ: Նա հայտնաբերվել է Էջմիածնի Գրիգոր Լուսավորչի փողոցում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խուլիգանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են: