ՔՊ-Ն ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքաղաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

 

-Պարո՛ն Քոչարյան, վերջին օրերին իշխող ուժի անդամները գրեթե ամեն օր սկանդալի կիզակետում են հայտնվում. ԱԺ նախագահը  քաղաքի կենտրոնում թքում է քաղաքացու վրա, ՔՊ խմբակցության քարտուղարը ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ հայհոյանքներով է խոսում ընդդիմության թեկնածուի հետ, սպառնում է նրան մարմնի տարբեր մասեր կտրելով: Օրեր առաջ էլ համացանցում հայտնվեց ֆեյսբուքյան նամակագրություն, որտեղ երեւում էր՝ ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներով խոսում քաղաքացիների հետ: Ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ականների վարքագիծը, արդյոք անպատժելիությունը չէ՞ այս ամենի պատճառը:

-Տղերքը չեն դիմանում արդեն, ինչ-որ բան այն չէ ՔՊ ներսում, ցայտնոտի մեջ են, մեկը մյուսի հետեւից սխալներ են անում:

-Ինչի՞ն չեն դիմանում, ճնշումնե՞ր կան:

-Ճնշումներին՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, բոլոր տեսակի, այդ թվում՝ նաեւ իրենց ներքին ճնշումներին, քանի որ իրենց մոտ էլ է ճաշ եփվում: Փաշինյանի կողմից կան ճնշումներ. Աշոտ Փաշինյանի հերքումը Ձեզ վկա: Իրենք հենց սկզբից էլ սկանդալների հակված են եղել. այն ժամանակ մի մասը կարողանում էր զսպել, հիմա տղաների նյարդերն այլեւս չի հերիքում, ճնշումներին չեն դիմանում:

-Իսկ արտաքին ի՞նչ ճնշումներ կան:

-Իրենք են ասում, որ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանն իրենց չեն օգնում, ամեն ինչը թղթի վրա է մնում:

-Պարո՛ն Քոչարյան, եթե նախկինում ՀՀԿ-ական որեւէ պատգամավոր կամ ԱԺ նախագահը հայհոյեր կամ թքեր քաղաքացու վրա, այստեղ գործող դեսպանությունները, միջազգային կազմակերպությունները մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց հիմա լռում են: Ստացվում է՝ այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի՞ է գործող իշխանություններին:

-Ինձ համար միջազգային հանրություն ասվածը վաղուց արդեն չկա. այնտեղ ոչ թե կրկնակի, այլ եռակի ստանդարտներ են. այնքան բազմազան ստանդարտներ ունեն, որ վաղուց նեխած հոտ է գալիս այդ ամենից: Երբ այլեւս պետք չլինեն Արեւմուտքին կամ Ռուսաստանին, կօգտագործեն եւ դեն կնետեն նրանց, ինչպես տհաճ օգտագործված խաղալիք:

-Մեր հանրությունն էլ որեւէ կերպ չի արձագանքում ՔՊ-ականների այս վարքագծին. սա ինչո՞վ եք պայմանավորում:

-Քաղաքացիները երբեք էլ ձայն չեն հանել. ով այն ժամանակ ձայն էր հանում, հիմա էլ նույն մադիկ են ձայն հանում, իսկ ով ձայն չէր հանում, այն ժամանակ վերցնում էր 5 կամ 10 հազարը , գնում ու իշխանություններին էր ձայն տալիս: Հիմա էլ 3000 թոշակ են բարձրացնում, նորից գնում ձայն են տալիս այս իշխանություններին: Քաղաքացիների մեծ մասն այդպիսին է, ցավոք սրտի. դա գալիս է հասարակության դեգրադացվածությունից: Եթե նորմալ, ոչ դեգրադացված, հասուն, կրթված հասարակությունում լիներ այս ամենը, անմիջապես հրաժարականներ կլինեին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

«ՓՆԹԻ ՈՒ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ»

Մինչ իշխանությունը, իր տարբեր լծակները օգտագործելով, քննադատում է ոճաբան Արամ Նիկոլյանի քայլը, որ նա ապրիլի 14-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճից, նույն «հայրենասեր» իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում տարբեր դետալներով մոտենալու ադրբեջանական դրոշին:

 

Ներկայացնում ենք լուսանկարը.

 

Իսկ, ահա, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով վերոնշված լուսանկարին, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ սա խոսում է այն մասին, թե որքան փնթի, որքան անպատասխանատու են ամեն ինչին նայում:

«Դա ցանկացած հայ մարդ կարող էր անել, եւ իշխանությունը պետք է պատրաստ լիներ ցանկացած սցենարի, որ մրցութին մասնակցելու է Ադրբեջանը, Թուրքիան, եւ այստեղ գոնե սցենարային աշխատանքներ պետք է տանեին, որ նման դեպք չլիներ, բայց այս իշխանություններին եւ նրանց սպասարկողների համար դա սովորական է: Հիմա չգիտեմ, չեմ  կարող ասել՝ ով է դրել, ինչու է դրել ադրբեջանական դրոշի գույներով ավազե ժամացույցները, ինչքանով է ուղեղը աշխատել: Սա խոսում է այն մասին, թե որքան փնթի, որքան անպատասխանատու են ամեն ինչին նայում, եւ սա մի կամ երկու դրվագը չէ: Իսկ ինչ վերաբերում է երկրի վարկանշին,  տարիներ շարունակ այնքան է  հեղինակազրկվել, լրիվ այլ պատճառներով, օրինակ՝ որ իր երկրի սահմանները չի կարողանում պաշտպանել. երկիր, որտեղ մի իշխանություն պարտության է տանում, հետո նորից իշխանության վերադառնալու հայտ է ներկայացնում ընտրվում եւ շարունակում է իր վերընտրությունը հպարտությամբ տանել»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել իտալահայ Գեւորգ Օրֆելյանը: Նա պատմել է, որ տեւական ժամանակ է, ինչ կանգնել է խնդրի առաջ: Նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի որդին՝ Վահագն Խանդանյանը, իտալահայ քաղաքացու խոսքերով, իրենից մոտ 214 հազար դոլար գումար է վերցրել եւ հետ չի վերադարձնում, ինչի պատճառով Գեւորգ Օրֆելյանը դիմել է դատարան. «Շատ լավ ընկերներ ունեմ Հայաստանում, եւ ինձ ներկայացուցրած են Վահագն Խանդանյանի հետ: Վահագն Խանդանյանը դատավորներու ընտանիք ունի, նրա պապան եւ եղբայրը դատավորներ են, եւ խաբված եմ զգում, որովհետեւ այս պարոն Խանդանյանը շատ մեծ փողեր է ուզել, ես իրեն տվել եմ՝ իմանալով, որ իմ լավ ախպերս է, բայց մի կոպեկ հետ չի վերադարձրել: Ես Վահագին փողը տվել եմ, քանի որ ունի հայր մը, որին ես շատ հարգում էի, ու այդպես ինձ ուզել է խաբել: Քանի անգամ զանգել եմ իրեն, չի պատասխանել, եւ ես դատարան եմ դիմել: Ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել»: Նշենք, որ Վահագն Խանդանյանի եղբայրն այժմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանն է, իսկ հայրը Գագիկ Խանդանյանն է, որի լիազորությունները դադարեցված են, եւ մինչ օրս նա բողոքարկումների գործընթացում է:

 

 




Լրահոս