ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում՝ դիակի մոտ, հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել եւ վերցվել են նաեւ կրակված պարկուճը եւ գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատաձգաբանական, դատահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:
Հսկող դատախազի նախաձեռնությամբ՝ ենթադրյալ հանցանքներին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին եւ 337-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ:
Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլլա ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաեւ զենքը թողել է առանց հսկողության։ Մասնավորապես, վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում՝ ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից եւ «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը եւ ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել:
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք, եւ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։
Նախաքննությունը շարունակվում է:
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. 2023 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն եւ ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Ագշին Բաբիրովին ներկայացվել է մեղադրանք: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2023 թվականի ապրիլի 14-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն եւ ռազմամթերք ապօրինի տեղափոխելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու եւ փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Հուսեյն Ախունդովին ներկայացվել է մեղադրանք: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատախազությունը նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:
ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերեւույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023 թվականի ապրիլի 16-ին Երեւան քաղաքի Սեւքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիշյալ հյուրանոցում մի կին եւ տղամարդ, ներկայանալով մայր եւ որդի, համար են վարձակալել, որից հետո նշված համարից լսվել են ծեծի ձայներ: Մոտենալով սենյակին՝ հայտնաբերել են կնոջը արյունոտ եւ ծեծի ենթարկված վիճակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը եւ վերջինիս 36-ամյա որդին այցելել են վերոհիշյալ հյուրանոց եւ համար են վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը եւ հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքեւ՝ փորձել է դիմել փախուստի: Վերջինս հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, եւ վնասազերծվել: Մայրը եւ որդին տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հյուրանոցի բակային հատվածից հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տարածքը տեսանկարահանող սարքերի տեսագրությունը պահպանող կրիչը, ինչպես նաեւ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
36-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Վերջինիս եւ տուժողի հետ համապատասխան քննչական գործողություններ դեռեւս չեն արվել առողջական վիճակի պատճառով:
Դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է: