ԻՐԱՑՐԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն եւ Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

 

ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի օժանդակությամբ Գ.Պ.-ին է փոխանցել 0.52 գրամ Մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Պարզվել է նաեւ, որ օպերլիազոր Վ.Ս.-ն, 2009 թվականից ծառայելով Ոստիկանության համակարգում, իսկ 2018 թվականից զբաղեցնելով Արարատի մարզային վարչության ավագ օպերլիազորի պաշտոնը, տեղյակ լինելով իր մտերիմ Մ.Գ.-ի կողմից պարբերաբար գողություններ կատարելու եւ դրա արդյունքում ձեռք բերված առարկաների իրացման մասին, միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ Մ.Գ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը. Վ.Ս.-ն ձերբակալվել եւ ներկայացվել է դատարան, սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որի դեմ հսկող դատախազի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք:

2023 թվականի ապրիլի 10-ին Գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթը, որով մեղադրանք է ներկայացվել Ս.Ք.-ին՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելը), Վ.Ս.-ին` Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելը), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացում), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Մեղադրանք է ներկայացվել նաեւ Մ.Գ.-ին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելը):

Նույն օրը Գլխավոր դատախազությունում ստացվել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքը բավարարելու եւ օպերլիազոր Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:

Վ.Ս.-ն ներկայացել է քրեակատարողական հիմնարկ եւ կալանավորվել:

2023 թվականի ապրիլի 13-ին դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

 

 

 

 

 

ԿԱՏԱՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

Մարտի 26-ին Դիլիջան քաղաքում  վերաբնակված ռուսների նախաձեռնությամբ եւ «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի աջակցությամբ՝ Դիլիջան քաղաքի Կալինինի, Շահումյան, Մյասնիկյան, Ուսանողական, Առաջին, Մոլդովական փողոցներում կատարվել են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատող խմբին միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ  նրա կին  Աննա Հակոբյանը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը  տեղեկացնում է. «ՀՀ վարչապետը հանձնարարել էր կարգի բերել Կալինինի 97 շենքի բակը, եւ Դիլիջան համայնքի ղեկավարի եւ «Եվրոասֆալտ»  ընկերության, «Կոնդի առանձնատներ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման արդյունքում բակն այսօր խնամված ու բարեկարգ տեսք ունի. տեղադրվել են նստարաններ, խաղարան, երկարակյաց եւ անթափատերեւ ծառեր։ Դիլիջանի համայնքապետարանի կողմից  բակերի բարեկարգման ծրագրերը շարունակական են լինելու։  Քաղաքացիներին հորդորում ենք խնամքով ու սրտացավ վերաբերվել տարածքին ու նոր ձեւավորված միջավայրին»։

 

 

 

 

 

 

60 ՀԱԶ ՏՈՒԳԱՆՔ

Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում չդատապարտված, ոչ մի տեղ չաշխատող,  1981թ. ծնված  Մհեր Առուստամյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ 2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Մաշտոցի  փողոցում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության  ժամանակ բռնի գործողություններ է կատարել իր մերձավոր ազգականի կնոջ  նկատմամբ՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Մ. Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  բացակայելու արգելքը։ Նախնական դատալսումների փուլում մեղադրյալ Մհեր Առուստամյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն, պաշտպան Ս. Ամիրյանը, հանրային մեղադրողը եւ տուժողը չեն առարկել միջնորդության դեմ։

2023թ. մարտի 30-ին  Իջեւան քաղաքում  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը վճռել է Մհեր Առուստամյանին մեղավոր ճանաչել  առաջադրված մեղադրանքում, որպես պատիժ նշանակել տուգանք՝ 60 հազար դրամի չափով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Ապրիլի 14-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Բերդ քաղաքում կայացած նիստում  որոշել է  երկու ամիս ժամկետով  կալանք կիրառել Իջեւան քաղաքի 39-ամյա բնակիչ Սասուն Էդիլյանի նկատմամբ։ Բանվորությամբ զբաղվող, շինարարական տարբեր աշխատանքներ կատարող,  մանկահասակ երեք երեխաների հայր Սասուն էդիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով («Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում՝ սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են՝ հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով, հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով, ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ»): Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է այս տարվա մարտին։ Ս. Էդիլյանը մեղադրվում է  Իջեւան քաղաքի բնակիչ  7-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։ Նրա ընտանիքի անդամի  վկայությամբ՝   Սասուն Էդիլյանը   անմեղ է, նշված հանցագործությունը  7-ամյա տղայի  հնարածն է, երեխան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ենթադրյալ հանցագործությունը երեխայի երեւակայության արդյունքն է։  Ս. Էդիլյանի շահերը պաշտպանում է Իջեւանցի  փորձառու փաստաբան, որը ներկա է գտնվել  նրան նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննարկմանը։ Ս. Էդիլյանի ընտանիքը վստահ է, որ   նրան առաջադրված մեղադրանքը քննության ընթացքում կհերքվի։

 

 

 

 

 

 

ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման  գործընթացին հայտագրվածների թվաքանակի, ատեստավորման արդյունքների  վերաբերյալ տեղեկատվական հարցում եմ  ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է, որ մարզի հանրակրթական դպրոցներից  2022 թվականին կամավոր ատեստավորման նպատակով հայտագրվել է  ընդամենը  210 ուսուցիչ, մասնակցել՝ 122-ը, 47 ուսուցիչ 70-100 տոկոս արդյունք է ապահովել, որոնք էլ ստանում են համապատասխան հավելավճարներ։ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում դասավանդում է ընդհանուր թվով 1610 ուսուցիչ։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս