ՈՒԺՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԵՏ ՄՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի սահմաններին արձանագրված վերջին միջադեպերի շուրջ զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, Կառավարման ակադեմիայի պրոֆեսոր Խոսրով Հարությունյանի հետ:

 

-Պարո՛ն Հարությունյան, վերջերս հերթական անհասկանալի միջադեպն արձանագրվեց մեր սահմաններին: Ապրիլի 10-ին ադրբեջանցի երկու զինծառայող անարգել հատել էին մեր սահմանը, մտել մեր տարածք՝ Սիսիանի հատվածից, բնակիչների տներն էին մտել: Նրանցից մեկը հենց դեպքի նույն օրը ձերբակալվել էր, իսկ մյուսը շուրջ երեք օր շրջել էր Սիսիանի գյուղերում, եւ մեր տարածք մտնելուց երեք օր անց նոր հայտնաբերվել էր, այն էլ՝ ոչ թե իրավապահների, այլ քաղաքացիների կողմից: Ի՞նչ գնահատական կտաք սրան. մեր անվտանգությունն իսկապե՞ս այդքան վատ վիճակում է:

-Շատ խորաթափանց պետք չէ լինել գնահատական տալու համար. կարելի է ասել, որ մեր սահմաններն այնքան թափանցիկ են, որ ով չի ալարում, կարող է մտնել ու կիլոմետրերով առաջանալ: Այդ դեպքը խոսում է այն մասին, որ մեր անվտանգությունը՝ սահմանների անձեռնմխելիության կոնտեքստում հատկապես, բացարձակ բարձիթողի վիճակում են, այլ բան ասել պետք չէ: Ամենազարմանալին այն է, որ իրավապահները եւ ԱԱԾ-ն փնտրում էին դիվերսանտներին, բայց քաղաքացիներն են ի վերջո գտնում նրանց, վնասազերծում եւ հանձնում իրավապահներին. սա իրողություն է: Խիստ մտահոգիչ է, որ մեր սահմանները պաշտպանված չեն:

-Պարո՛ն Հարությունյան, կարող ենք նաեւ արձանագրել, որ, օրինակ, երբ որեւէ քաղաքացի հայհոյում է վարչապետին կամ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկին, իրավապահներին հաջողվում է ժամերի ընթացքում գտնել այդ քաղաքացուն եւ պատասխանատվության ենթարկել, իսկ այս դեպքում, երբ հարցը վերաբերում է անվտանգային լուրջ հարցին, իրավապահները, կարծես, ընդհանրապես չեն էլ շտապում:

-Սա նշանակում է, որ քաղաքացիները կարող են լուրջ պահանջներ ներկայացնել ԱԱԾ-ին: Ոստիկանությունը եւս պետք  է աշխատեր՝ ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, բայց համար մեկ խնդիրն այս դեպքում՝ ԱԱԾ-ին. սահմանների անվտանգությունը նրանք են երաշխավորում: Ակնհայտ է այս դեպքով նաեւ Նախիջեւանից Հայաստանի վրա ճնշումները բարձրացնելու առաջին քայլը: Ես համոզված եմ, որ առաջիկայում ականատես կլինենք այդ ուղղությունից մեծ  ճնշումների՝ թե՛ զինվորականների մասնակցության, թե՛ հետեւանքների առումով: Այսինքն՝ Նախիջեւանի կողմից այս ներթափանցումը դեռ միայն «ծաղիկներն են», կտեսնեք՝ ինչպես է այդ հատվածում իրավիճակը թեժանալու, որովհետեւ այնտեղ կա Տիգրանաշեն. իրենք ամեն ինչ անելու են Տիգրանաշենը վերցնելու համար:

-Այսինքն՝  թշնամու հաջորդ թիրախը Տիգրանաշե՞նն է լինելու:

-Ես ենթադրում եմ՝ մենք կունենանք թեժացում Նախիջեւանի հատվածում:

-Պարո՛ն Հարությունյան, 44-օրյա պատերազմից հետո հակառակորդը մեր ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում, ապօրինի առաջ է եկել: Ի՞նչ եք կարծում, բանակցությունների միջոցով հնարավո՞ր է նրան ստիպել, որ վերադառնա ելման դիրքեր:

-Այս հակառակորդը չի գնա, ուզում եք՝ բանակցեք, միեւնույնն է, Ալիեւը հետ գնացող չէ: Ես կարծում եմ՝ մենք ուժով կարող ենք հետ մղել նրանց, եթե ճիշտ կազմակերպենք ոչ միայն ռազմական քայլերը, այլ նաեւ միջազգային հանրության անհրաժեշտ աջակցությունն ապահովենք:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկություններով՝ Շիրակի մարզում շարունակվում է կալանավորների հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը:

Մասնավորապես՝ բացի այն, որ մի քանի ամիսը մեկ Շիրակի մարզի դատավորները տեղափոխվում են այլ դատարաններ, եւ գործերը կրկին սկսվում են քննվել սկզբից, գործում է նաեւ դատական նիստերը հետաձգելու այլ «սկզբունք», մասնավորապես՝ գործը ուղարկվում է դատարան, որոշվում է անձի խափանման միջոցի հարցը, եւ եթե դատարանը կալանավորումը թողնում է անփոփոխ, ապա հետագայում դատական նիստեր ուղղակի չեն կայանում:

Այսինքն՝ մի շարք գործերով նշանակված դատական նիստերը անընդհատ հետաձգվում են կամ ուղեկցող խմբի անգործության հետեւանքով, կամ դատարանը պատճառաբանում է, որ ծանրաբեռնված է:

Կան գործեր, որոնցից մեկով 2022 թվականի հունիսից մինչ օրս որեւէ դատական նիստ տեղի չի ունեցել, քանի որ կա՛մ ուղեկցող խումբը չի ներկայացրել կալանավորին դատարան, կա՛մ դատավորի ծանրաբեռնվածության պատճառով նիստը չի գումարվել:

Մեկ այլ գործով էլ  անձը շուրջ երեք տարի գտնվում է անազատության մեջ, այդ ընթացքում գործը անցել է մի քանի դատավորների վարույթներով, սակայն դատական նիստերը կրկին հետաձգվում են վերը նշված նույն պատճառներով, իսկ մարդը շարունկում է անորոշ մնալ կալանքի տակ:

Սույն եւ այլ գործերով եւս արդեն իսկ առկա են Կոնվենցիայի դրույթների կոպտագույն խախտումներ, քանի որ որեւէ խոսք չի կարող գնալ արդար դատաքննության մասին այն պարագայում, երբ ամիսներ շարունակ դատական նիստեր տեղի չեն ունենում։ Բացի վերը հիշատակված խնդիրներից, կալանավորներից որոշները ունեն առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ հաշմանդամության կարգ: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ անձը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, սակայն ներկա պահին ամիսներ շարունակ կալանավայրում սպասում է, թե երբ պետք է ի վերջո դատական նիստ տեղի ունենա:

Այսինքն՝ կալանավորումը խափանման միջոց չէ, այլ կրում է պատժի տարրեր:

Վերը նշված խնդիրներով պայմանավորված՝ մի շարք կալանավորներ պատրաստվում են հացադուլ իրականացնել առաջիկայում:

 

 

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ

Խաղաղություն նշանակում է հարաբերությունների կարգավորում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին՝ «Կառավարության 2022թ. ծրագրի (2021-2026թթ.) ընթացքի եւ կատարողականի մասին» հաշվետվության քննարկման ժամանակ՝ ապրիլի 18-ին, ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը պարտադիր կարգով պետք է կարգավորի հարաբերությունները հարեւանների հետ։ «Պետք է նշեմ մեր բացառիկ պատասխանատվությունը մարդկանց առջեւ, որոնք հավատում են Հայաստանի ապագային։ Պետք է նաեւ նշեմ մեր պատասխանատվությունը նաեւ բոլոր նրանց առջեւ, որոնք կասկածանքով են վերաբերվում այդ ապագային։ Եվ այդ պատասխանատվությունը ներկա պատմական պահին կարող է միայն մեկ դրսեւորում ունենալ՝ խաղաղություն, որը նշանակում է հարաբերությունների կարգավորում բոլոր չորս հարեւանների հետ»,- ասել է վարչապետը։ Նա նշել է, որ Իրանի եւ Վրաստանի հետ կա միայն հարաբերությունները խորացնելու անհրաժեշտություն։ Սակայն գլխավոր հարցը, նրա խոսքով, այլ է. որքանո՞վ է դա իրատեսական եւ իրականանալի։ «Այս հարցը երկու կողմ ունի։ Նախ՝ խաղաղությունը չի կառուցվում միանձնյա։ Կարեւոր է, թե որքանով Ադրբեջանի գործողությունները եւ քաղաքականությունն ուղղված կլինեն խաղաղությանը։ Երկրորդ՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե փոխզիջումներ ձեռք բերվեն, կարեւոր է հասկանալ, թե որքանով դրանք ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, եւ որքանով նրանք թույլ կտան այդ փոխզիջումների ցավոտ իրականացումը»,- ասել է Փաշինյանը։




Լրահոս