ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի կառավարությունը կանի հնարավորն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտ կնքելու համար, բայց դա հնարավոր կլինի, միայն եթե երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- երեկ՝ կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման զեկույցը ներկայացնելիս, հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների եւ որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն եւ պարտավորվեն այսօր եւ երբեւէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն», – ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց՝ միեւնույն ժամանակ հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորման համար անհրաժեշտ է, որ ձեւավորվեն միջազգային մեխանիզմներ. «Հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Կարեւոր է նաեւ կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված, ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի, եւ որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար»:

Ի՞նչ սահմաններով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյանը խոսեց հայկական եւ ադրբեջանական ԽՍՀ-ների սահմանների մասին, սակայն առանց հստակեցնելու, թե բանակցությունների ընթացքում որ թվականի սահմաններն են հիմք ընդունվում։

«Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին», – շեշտեց նա։

Ինչպե՞ս է կառավարության ղեկավարը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը. այս հարցին վարչապետը հստակ պատասխան չտվեց, սակայն խոսեց ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին՝ դարձյալ ակնարկելով, որ այն իրականում Ղարաբաղի անկախության համար հիմքեր չի ստեղծել. «Եվ այս համատեքստում, իհարկե, չափազանց կարեւոր է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորվի, եւ այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման օրակարգի իրացումը»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդեց՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի ու Արցախի հարցում Փաշինյանի այսօրվա դիրքորոշումը արտահայտված չէ 2021 թվականի նախընտրական ծրագրում։

«2018 թվականից սկսած՝ Դուք ասում էիք, որ այդ որոշումը, լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար։ Խնդրեմ նշեք, կրկնում եմ, առանց երկիմաստությունների որոգայթի, թե որն է Ձեր պատկերացմամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակը», – շեշտեց պատգամավորը։

«Բանակցային բովանդակությունն ու հանրային խոսույթը պետք է համընկնեն իրար՝ մի բան, որ տասնամյակից ավելի այդպես չի եղել,- պնդեց Փաշինյանը:- Նաեւ իմ սխալն է. ես եկել եմ 2018 թվին, ես էլ չեմ արել դա, ես էլ եմ սխալ արել, բայց այդպես է: Ես այսօր ի՞նչ եմ ասում. ասում եմ՝ եկեք որոշենք՝ կա՛մ առերեսվում ենք, եւ ասում եմ՝ եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»։

 

 

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՏԵՂԱԿԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ նշանակում կատարելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխեն Շիրվանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

 

 

 

 

ՌԴ-Ն ՏԵՂՅԱԿ ՉԷ

Կրեմլի տրամադրության տակ չկա տեղեկություն Չինաստանի հետ միասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների վերաբերյալ. այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեզ հայտնի չէ ինչ-որ ֆրանսիական պլանի գոյության մասին, եւ, հետեւաբար, մենք ֆրանսիական կողմից ոչինչ չենք ստացել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Այնտեղ, իսկապես, ինչ-որ տեղեկություններ եղել են այն մասին, որ, իբր, Չինաստան այցի ժամանակ ֆրանսիական կողմն ինչ-որ տարրեր է հնչեցրել, բայց մինչ այժմ դրանք՝ այդ տարրերը, ոչ մի տեղ չեն դրսեւորվել»,- ավելացրել է Պեսկովը։

Ավելի վաղ Le Monde թերթը տեղեկացրել էր, որ Մակրոնի այցը Չինաստան չի հանգեցրել Պեկինի դիրքորոշման փոփոխության ուկրաինական հակամարտության եւ Ռուսաստանի հարցում։ Մակրոնը Չինաստան կատարած պետական այցի ժամանակ նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ասել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Պեկինի միջնորդության հույս ունի։

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն։

Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի եւ բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՍՈԹՔԻ ՀԱՆՔՈՒՄ

Ապրիլի 18-ի դրությամբ՝ վաղ առավոտից, հակառակորդը կրակում է Սոթքի հանքավայրի աշխատակիցների ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին. այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նրա հաղորդմամբ՝ այս պահին  հանքավայրի աշխատանքը շարունակվում է դադարեցած մնալ, աշխատակիցները տարհանված են. «Հենց հանքում սկսում է տեխնիկա շարժվել, թշնամին կրակում է՝ թույլ չտալով, որ հանքն աշխատի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐ

ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ժամանակակից ստի դետեկտոր (պոլիգրաֆ)։

Թե ինչու է կառավարությանը անհրաժեշտ ստի դետեկտոր, թերեւս դժվար չէ կռահել, բայց փաստենք, որ ՀՀ կառավարությունն իսկապես ունի ստի դետեկտորի կարիք, որպեսզի պարբերաբար ստուգի իր իսկ ներկայացուցիչների նախկին հայտարարությունները։ Վստահաբար սարքը շուտ կփչանա, քանի որ ստերի շարքը շատ երկար է ձգվում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է «Նիկոլ Փաշինյանը խաբել է» շարքը, որի հոդվածների քանակը հասել է 180-ի։

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

4,7 մլրդ դրամ (մոտ 12 մլն դոլար- խմբ.) է հատկացվել բազմաբնակարան տներում 473 վերելակներ փոխելու համար։ Այս որոշումն ապրիլի 18-ին ընդուվել է Երեւանի ավագանու նիստում։

Ընդհանուր առմամբ, կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ կապիտալ ծախսերի, այդ թվում՝ մետրոպոլիտենի օդափոխման համակարգը փոխելու համար։ Այդ միջոցներով նախատեսվում է նաեւ ապահովել Նոր Խարբերդ թաղամասի 250 տների գազամատակարարումը, պուրակների հիմնումն ու բարեկարգումը, մանկապարտեզների նորոգումն ու բարեկարգումը, ճանապարհների կառուցումն ու նորոգումը եւ այլն։ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավաստիացրել է, որ մինչեւ 2025թ. քաղաքում չնորոգված մանկապարտեզ չի մնա։ Նա ավելացրել է, որ այս ոլորտում նման ծավալի աշխատանքներ չեն իրականացվել խորհրդային ժամանակներից։

 

 




Լրահոս