ՄՍՆ-Ն ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ ապրիլի 17-ից մեկնարկում է «Քո արվեստը՝ դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի նոր փուլը: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը եւ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից աշակերտներին՝ կարեւորելով ծրագրի իրականացումը. «Այս ծրագրի շնորհիվ՝ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու արվեստի բոլոր ճյուղերին:

 

Շփվելով եւ երկխոսություն ունենալով մեծ հաջողություններ գրանցած եւ փորձառություն ունեցող արվեստագետների հետ՝ դուք ձեռք եք բերելու ոչ միայն հիմնարար գիտելիք, այլեւ արժեքային դաստիարակություն, մասնագիտական կողմնորոշման լայն հնարավորություններ»: Նախարարը հաջողություն է մաղթել աշակերտներին եւ հույս հայտնել, որ ծրագրով, որը հնարավորություն է տալիս զարգացնելու տաղանդներն ու հմտությունները, կամրապնդվի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը եւ շարունակություն կունենա ապագայում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը եւ Արա Խզմալյանը: Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ ծրագիրն աշխարհայացքի ընդլայնման, արժեհամակարգի ձեւավորման խթան է, որը նպաստում է հայ եւ համաշխարհային մշակույթի նկատմամբ վերաբերմունք եւ մտածողություն ձեւավորելուն: «Արվեստին ծանոթանալու հնարավորությունն անձի զարգացման համար մեծ նշանակություն ունի: Վաղը դուք եք դառնալու արվեստի գլուխգործոցներ ստեղծողներից մեկը եւ այդպիսով մեր մշակույթը ներկայացնողն ու հանրահռչակողը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Ծրագրի առաջին շրջափուլը մեկնարկում է Երեւանից եւ կկայանա ապրիլի 17-ից մայիսի 5-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black box): Առաջին շրջափուլին կմասնակցի Երեւանի 100 հանրակրթական դպրոցի 900 աշակերտ: Առաջին հանդիպմանը տեղի կունենա դասախոսություն-հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանի հետ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խորհրդանշական է համարել առաջին շրջափուլը Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանի մասնակցությամբ մեկնարկելու հանգամանքը: «Առաջին մասնագիտությամբ լինելով բանասեր՝ Ռուբեն Մաթեւոսյան արվեստագետն այն լավագույն օրինակն է, որ երբեք ուշ չէ խիզախելու եւ նոր ճանապարհ սկսելու՝ նպաստելով տվյալ ոլորտի կայացմանն ու հաջողություններ գրանցելուն»,- ասել է Արա Խզմալյանը: Նախագծի շրջանակում իրականացվելու են Հայաստանի 50 մշակույթի գործչի, արվեստագետի կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Ծրագրին կմասնակցի ՀՀ մարզերի եւ Երեւանի շուրջ 3600 դպրոցական՝ 450 դպրոցից։ Նախատեսվում է իրականացնել հանդիպումներ ինտերակտիվ ձեւաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլեւ անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը եւ երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

 

 

 

 

 

ԱՐԵԳԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄ

Այս շաբաթ երկնային հազվագյուտ իրադարձություն տեղի կունենա։ Խոսքը Արեգակի հիբրիդային խավարման մասին է, որը տեղի կունենա հինգշաբթի՝ ապրիլի 20-ին, երբ Լուսինը կհայտնվի Երկրի ու Արեգակի միջեւ եւ կփակի արեւի լույսը դեպի Երկիր։

Այս տեսակի խավարման դեպքում արեւի ամբողջական խավարումից անցում է կատարվում դեպի օղակաձեւ (օղաձեւ) խավարման, երբ Լուսնի ստվերն սկսում է շարժվել Երկրի մակերեւույթով:

Խավարումը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում, այնուհետեւ Լուսնի ստվերը կանցնի արեւմտյան Ավստրալիայի, Արեւելյան Թիմորի եւ Ինդոնեզիայի վրայով։ Խավարումը կսկսվի ապրիլի 20-ին՝ ժամը 01։36 GMT (Երեւանի ժամանակով 04։36), եւ կավարտվի նույն օրը՝ ժամը 06։59 GMT (Երեւանի ժամանակով 10։59)։

Արեւի խավարումը ուղիղ կհեռարձակվի յութուբյան մի քանի ալիքներով:

Երկրի վրա կա ընդամենը երկու տեղ, որտեղից հնարավոր կլինի դիտել, թե ինչպես է հիբրիդային խավարումն օղակաձեւից անցնում ամբողջականի, այնուհետեւ նորից օղակաձեւի։ Ցավոք, երկուսն էլ Խաղաղ օվկիանոսի հեռավոր վայրերում են:

Արեգակի վերջին հիբրիդային խավարումը տեղի է ունեցել 2013-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2031-ին: Դրանից հետո արեւի հիբրիդային խավարում դիտելու համար մարդիկ ստիպված կլինեն սպասել մինչեւ 2164-ի մարտի 23-ը։

Նշենք, որ խավարման ժամանակ Արեւին անզեն աչքով նայել չի կարելի, այն կարող է անդառնալի վնաս հասցնել տեսողությանը։ Դրա համար կան հատուկ ապակիներ, ֆիլտրեր, տեսախցիկներ։

 

 

 

 

 

 




Լրահոս