ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահագն Խաչատուրյանը Լիտվայում է: Այնտեղ տեղի է ունեցել նախ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Երկու երկրների նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ շեշտել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հավելյալ խթան են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։

 

Պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Երկուստեք շեշտվել է հումանիտար խնդիրների հաղթահարումն ու առանց նախապայմանների լուծումը։ Նախագահ Նաուսեդան, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում իր նպաստը բերել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Վահագն Խաչատուրյանը եւ Գիտանաս Նաուսեդան Լիտվայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Վահագն Խաչատուրյանն իր կատարած հայտարարության մեջ ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Լիտվայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

Նա բարձր է գնահատել Լիտվայի նախագահի հետ հանդիպելու հնարավորությունը վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար:

«Վերջին տարիների բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հանձնառության մասին:

Լիտվան ԵՄ մեր կարեւոր գործընկերներից է, եւ մենք բարձր ենք գնահատում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը»,- ասված է Հայաստանի նախագահի հայտարարության մեջ:

Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաեւ անվտանգային եւ տարածաշրջանային նշանակության հարցերի: Քննարկել են տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:

Լիտվայի նախագահն էլ իր խոսքում ընդգծել է Լիտվայի եւ Հայաստանի միջեւ բազմաշերտ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։

Գիտանաս Նաուսեդան կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը: Իր խոսքով՝ այդ համագործակցության արդյունքներից է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։

Ն.Հ.

 

 

 

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ

Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Մադրիդ: ԱԺ կայքում հրապարակված որոշման մեջ, սակայն, գործուղման օրակարգի մասին որեւէ տեղեկություն չկա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արդյունաշատ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թեւակոխել է զարգացման նոր փուլ: Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ

Կրեմլում կարծում են, որ Բաքվի եւ Երեւանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, պետք է իրականացնել դրանք. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

«Կրեմլում պատրաստ են ողջունել Բաքվի եւ Երեւանի միջեւ լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- նշել է Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման, եւ որը կնպաստի հետագա առաջընթացին ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղիով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանը։

«Այդ եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական բազան են, ուստի բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղիով առաջ ընթանալը համարում ենք անայլընտրանքային եւ անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։

 

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Ապրիլի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա խորհրդարան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարդապետյանը կգնա ԱԺ, որպեսզի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնի Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Մշտական հանձնաժողովի նիստում այդ հարցի քննարկումից հետո դատախազի հաղորդումն արդեն կներկայացվի ԱԺ լիագումար նիստում: Մենք տեղեկացանք, որ հաղորդումը բաղկացած է 164 էջից, եւ մանրամասն անդրադարձ է կատարված տարբեր ոլորտների:

Հավելենք, որ Աննա Վարդապետյանը նախորդ տարվա սեպտեմբերին էր ստանձնել իր պաշտոնը, եւ նշանակում է, որ հիմնականում խորհրդարանում խոսելու է նախորդ դատախազ Արթուր Դավթյանի աշխատանքի մասին:

 

 

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկացրել էր, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողերի հետ հանդիպումը հետաձգվում է։

«Հարգելի՛ լրագրողներ,

ցանկանում եմ տեղեկացնել, որ սույն թվականի ապրիլի 19-ի՝ ժամը 11։00-ի հանդիպումը հետաձգվում է, քանի որ ապրիլի 18-ից հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ պատճառով անվտանգության աշխատակիցները արգելում են որեւէ քաղաքացու մուտքն Ազգային ժողովի շենք, ուստի ես չեմ կարողանալու ապահովել 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողերի մուտքը խորհրդարան, հետեւաբար ստիպված եմ քննարկումը հետաձգել:

Անցկացման օրվա եւ ժամի մասին կտեղեկացվեք լրացուցիչ, երբ ԱԺ արտահերթ նիստերն ավարտվեն»:

Ավելի ուշ ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին` ժամը 14:00-ին, Ազգային ժողովի նոր մասնաշենքի 314 դահլիճում:

 

 

 

 

 

ՓՈՐՁԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՄՈՐԸ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին Լոռու մարզի բաժին ահազանգ է հնչել մի կնոջից, որ ժամը 11:00-ին որդին՝ Ս. Ու.-ն ,որը հաշվառված է հոգեբուժարանում, կոնկրետ ինչ-որ ապրանք չգնելու հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, ձեռքով սեղմելով իր կոկորդին՝ փորձել է շնչահեղձ անելով սպանել, բացի այդ, նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչեւ ապրիլի 18-ի ժամը 09;00-ն, դանակի սպառնալիքով իրեն զրկել է ազատ տեղաշարժի եւ ոստիկանություն դիմելու հնարավորությունից։  Կնոջ ահազանգով դեպքի վայր են շտապել իրավապահները եւ Ս. Ուլուխանյանին տեղափոխվել են հոգեբուժարան:

 

 




Լրահոս