ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են «Սեւանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու եւ էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրելու դեպքեր: Նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սեւանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2 ընտանեկան բժիշկներ, ընդգրկված լինելով կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստման գործընթացին, տեղյակ լինելով միայն Հայաստանի Հանրապետությունում 10 եւ ավել օր գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին պատվաստել թույլատրելու մասին, 2021 թվականի հուլիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրեւ հետազոտելու եւ պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ, որոնց հիման վրա՝ նշված օտարերկրացիները պատվաստվել են: Այնուհետեւ հիշյալ բժիշկները կազմել եւ հաստատել են ԻԻՀ քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը, լինելով կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, ԻԻՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում կազմել է նրանց իբրեւ հետազոտելու եւ պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, այնուհետեւ պատվաստված չլինելու պայմաններում կազմել եւ հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով նշված օտարերկրյա քաղաքացիների իբրեւ պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Պարզվել է նաեւ, որ բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում կազմել է նրան իբրեւ հետազոտելու եւ պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր: Վերջինիս փաստացի պատվաստված չլինելու պայմաններում բժիշկը կազմել եւ հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով գործընկերոջ ազգականի իբրեւ պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Սեւանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԿՏ
Կոնգրեսի ստորին պալատի մի խումբ կոնգրեսականներ եւս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը՝ հիմնվելով այն բանի վրա, որ ԱՄՆ Կոնգրեսը եւ նախագահը պաշտոնապես ճանաչել են այս հանցագործությունը. այս մասին տեղեկացնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
Ակտը նորից ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն եւ Գաս Բիլիրակիսը: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետեւանքների եւ դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ:
Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին կրթելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված եւ կանխամտածված, պետականորեն հովանավորվող զանգվածային սպանությունների, ազգային մշակույթի յուրացման կամ ոչնչացման եւ աքսորի մասին:
Հայոց ցեղասպանության կրթական ակտը փորձում է հակազդել այն քարոզչությանը, որը պնդում է, թե, իբր, «1915-1923 թթ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների համակարգված զանգվածային սպանություններ տեղի չեն ունեցել»։
«Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ բացահայտորեն ձգտում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան դպրոցականներին ավելի քան երբեւէ անհրաժեշտ է դասեր քաղել ողջ մարդկության դեմ դեռեւս անպատիժ, դեռ շարունակվող հանցագործությունից»,- հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Կառավարության որոշմամբ՝ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որեւէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է:
Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով աշխատատեղերը համալրելու պահանջը, որոնք թափուր են մնում համապատասխան կրթության եւ գիտելիքի բացակայության պատճառով:
Գործող ցանկին ավելացել է 11 մասնագիտություն մագիստրատուրայում, որոնք ներառվել են «Բնական գիտություններ, մաթեմատիկա եւ վիճակագրություն», «Ծառայություններ (սերվիս)», «Ճարտարագիտություն, արդյունաբերություն եւ շինարարություն», «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն եւ անասնաբուժություն» եւ «Առողջապահություն» ոլորտներից:
Ասպիրանտուրայի ցանկում ներառվել են «Ավտոմեքենաներ եւ տրակտորներ», «Բուսական եւ կենդական ծագման մթերքների վերամշակման եւ արտադրության տեխնոլոգիա» եւ «Բուսաբուծության, խաղողագործություն, պտղաբուծություն եւ բույսերի պաշտպանություն», իսկ կլինիկական օրդինատուրայում՝ «Մանկական նյարդաբանություն» մասնագիտությունները:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2023-2024 ուսումնական տարվանից եւ կտարածվի նաեւ նոր ընդգրկված մասնագիտություններով 2023-2024 ուսումնական տարում սովորողների վրա:
Մինչեւ 2023/2024 ուսումնական տարին ցանկից հանված մասնագիտություններով՝ «Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստատուրա կամ «Ակնաբանություն», «Լաբորատոր ախտորոշում», «Ճառագայթային ախտորոշում», «Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա», «Սրտաբանություն (կարդիոլոգիա)» մասնագիտություններով կլինիկական օրդինատուրա ընդունված սովորողները եկամտային հարկի վերադարձի իրավունքից կօգտվեն մինչեւ ուսումնառության ավարտը: