ԲԵՐԲԵՐՅԱՆԸ՝ «ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ» ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը, որը հեղինակել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը, մեծ պատասխանատվությամբ է մոտեցել երկրի համար կարեւորագույն միջոցառման համար նման ծավալուն աշխատանք կատարելուն։ Բերբերյանը, որը «Սողոմոնի երգեր», «Կաֆկայի երազը», «Ամերիկացի», «Ավրորայի լուսաբացը» եւ շուրջ 30 այլ ֆիլմերի երաժշտության հեղինակ է, կարճ ժամանակում կարողացել է ստեղծել այնպիսի երաժշտություն, որի հիմքում է եղել հայոց պատմությունը։ «Անսահման հպարտ ու երջանիկ եմ, որ նման մեծածավալ նախագծի մասն եմ կազմել եւ աշխատել եմ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ։ Ստեղծել եմ մոտավորապես 45 րոպե տեւողությամբ շոուի երաժշտություն՝ ներառյալ Եվրոպայի ծանրամարտի առաջնության այս տարվա պաշտոնական օրհներգը, որն ամբողջությամբ ստեղծվել է Berberyan Production Studios-ում։ Ի դեպ, ստուդիան է արել ամբողջ արարողության հնչունային հետարտադրական աշխատանքները՝ հանձինս Տիգրան Կուզիկյանի եւ մի ամբողջ թիմի։ Ինչ վերաբերում է իմ երաժշտությանը, ապա պետք է ասեմ, որ երաժշտության հիմքում հայոց պատմությունն էր՝ մեր երկրի ստեղծումից մինչեւ արդի ժամանակներ։

 

Մտովի անցել եմ տարբեր ժամանակաշրջաններով, ոգեշնչվել մեր պատմական անցքերով ու հերոսական դրվագներով, որպեսզի ստեղծեմ տպավորիչ եւ միջոցառմանը հարիր երաժշտություն: Հուսով եմ, որ թե՛ երաժշտությունը, թե՛ օրհներգը կօգնեն մեր մարզիկներին, կոգեշնչեն նրանց, որպեսզի նրանք հասնեն բարձունքների»,-նշել է Անդրանիկ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ուրախ է, որ թե՛ հայ, թե՛ միջազգային հանդիսատեսն անտարբեր չի մնացել այս գործից. այն հնարավոր եղավ առաջին անգամ ունկնդրել ապրիլի 14-ի բացման արարողության ընթացքում։

Արարողության երաժշտությունը Բերբերյանը հետագայում նախատեսում է ներկայացնել իր սոցիալական հարթակներում։ Ինչ վերաբերում է օրհներգին, ապա այն հեղինակել եւ գործիքավորել է հենց Բերբերյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանի։ «Դեպի բարձունք» օրհներգը միջոցառմանը կատարեց Արամ Mp3-ը, երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Երգը հասցրել է սիրվել հանդիսատեսի շրջանում։ Անդրանիկ Բերբերյանն առաջին անգամ չէ երաժշտություն հեղինակում մասշտաբային նախագծի համար. 2021 թվականին նա գրել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման երգը, իսկ 2022 թվականին՝ Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը։ Երեւանը հյուրընկալում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այն անցկացվում է ապրիլի 15-23-ը։

 

 

 

 

 

ՏԱՆԳՈՅԻ ԵՐԵԿՈՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության եւ տանգոյի հետաքրքրիր համադրումներ. մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը:

 

20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ստուդիական ձայնասկավառակ, 45 համերգային շրջագայություն՝ ամբողջ աշխարհում:

Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի երեկոներ, իսկ շոուն հագեցած կլինի պրոյեկցիոն աուդիովիզուալ ցուցադրություններով եւ բազմաթիվ այլ դիտարժան անակնկալներով: Խումբը հանդես կգա բացառիկ ծրագրով մայիսի 9-ին FOODPARK BY DOWNTOWN-ում, մայիսի 10-ին` «Վան Արդի» գինեգործարանում , իսկ մայիսի 11-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 

 

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆ

50 Cent-ը Մել Գիբսոնի հետ հանդես կգա Boneyard ֆիլմում՝ պրոդյուսեր Քոլին Բեյթսի ինդի-քրեական թրիլլերում: Ռեփերը հանդես կգա գլխավոր դերում։

Ֆիլմում, որն արդեն սկսել է արտադրվել Լաս Վեգասում, նկարահանվում են նաեւ Նորա Զեհեթները եւ Բրայան Վան Հոլթը, որը նախկինում նկարահանվել է «Ջոն՝ ընդդեմ Քերոլայնի» ֆիլմում:

Ֆիլմի սյուժեն ոգեշնչված է իրական իրադարձություններով։ Խոսքը ՀԴԲ գործակալի (Գիբսոնի) մասին է, որն Ալբուկերկի ոստիկանական բաժանմունքի հետ հետապնդում է «Ոսկոր հավաքող» մականունով սերիական մարդասպանին։ Որոնումների ընթացքում բաժնի պետը եւ նրա գործընկերը մտահոգություն են հայտնում, որ մարդասպանն իրականում կարող է լինել նրանցից մեկը:

Boneyard-ի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:

 

 

 

 

ՍՏԻՊՈՒՄ Է «ԳԼՈՒԽ ԿՈՏՐԵԼ»

Չծերացող Ջենիֆեր Էնիսթոնը ստիպում է «գլուխ կոտրել»՝ հասկանալու համար, թե ինչպես է նա դա անում։ Չնայած նա 54 տարեկան է, բայց դերասանուհին հրաժարվում է ծերանալ, իսկ երկրպագուները փորձում են պարզել, թե ինչ է անում նա այդքան երիտասարդ տեսք ունենալու համար: Երիտասարդության աղբյուրը, կարծես, միակ բացատրությունն է։

Էնիսթոնին բազմիցս հարցրել են նրա գաղտնիքների մասին։ 2021 թվականին Vouge-ի հետ զրույցում «Ընկերները» սերիալի աստղը բացահայտել է, որ հաճախակի օգտագործում է կոլագենի պեպտիդային հավելումներ: Հոլիվուդյան աստղը նաեւ իր արտաքին տեսքը վերագրել է իր մտածելակերպին: «Մայրս միշտ եղել առողջ եւ սլացիկ կազմվածք է ունեցել: Դա միշտ եղել է իմ հիմքը»,- նույն հարցազրույցում պատմել է Էնիսթոնը։

Instagram-ի People Before էջում հրապարակված տեսանյութը երկրպագուների անվստահությունը նոր մակարդակի է հասցրել։ Հոլովակը, որը տեղադրվել է ավելի քան 200,000 հետեւորդ ունեցող օգտահաշվում, ցույց է տալիս Էնիսթոնի էվոլյուցիան ժամանակի ընթացքում:

Սոցցանցի օգտատերերը շտապել են նշել, որ դերասանուհին շատ չի փոխվել վաղ հասակից մինչեւ մեր օրերը։ «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»,- գրել է երկրպագուներից մեկը: «Նա ընդհանրապես չի փոխվել», – ավելացրել է մեկ ուրիշը:

 




Լրահոս