ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության նոր ձեւավորվող ստորաբաժանումների համար սեդան տեսակի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով 2023 թ. ապրիլի 18-ին հայտարարվել է գնման ընթացակարգ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մայիսի 4-ն է, իսկ հակադարձ աճուրդը տեղի կունենա 2023 թ. մայիսի 5-ին: Տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը նախապես ուղարկվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին, եւ ստացված առաջարկությունների արդյունքում տեխնիկական բնութագրում նշված հիմնական չափորոշիչները, նախորդի համեմատ, ընդլայնվել են:
ԱՐԳԵԼԵԼ Է ՆԵՐԿՐՈՒՄԸ
Լեհաստանը Եվրամիությանն առաջարկել է արգելել Ուկրաինայից ոչ միայն ցորենի, այլեւ սննդամթերքների ներկրումը՝ ներառյալ մրգերը, ձուն, թռչնամիսը, շաքարը եւ մեղրը։ Բրյուսելում ռադիոկայանի թղթակցի տեղեկացմամբ՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ հարեւան երկրները տարաձայնություններ ունեն՝ ներմուծման համար արգելված մթերքների հետ կապված։ Բուլղարիան, օրինակ, կցանկանար ավելացնել ալյուրը եւ կարագը, իսկ Հունգարիան՝ թռչնամիսը, մեղրն ու ալյուրը։ Չորեքշաբթի Լեհական ռադիոն տեղեկացրել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը արեւելաեվրոպական հինգ երկրների (Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա) ղեկավարներին ուղարկած նամակում պատրաստակամություն է հայտնել ուկրաինական հացահատիկի, եգիպտացորենի, արեւածաղկի եւ սրոհունդի՝ ռապսի սահմանափակումներ մտցնել ԵՄ-ի մակարդակով։
ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղի 19-ամյա բնակիչ տղամարդը 2023 թվականի մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել իր անչափահաս՝ 13 տարեկան քրոջ նկատմամբ։ Պարզվել է նաեւ, որ 19-ամյա երիտասարդը իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հանդեպ։ Ոստիկանները կասկածյալ երիտասարդին տեղափոխել են ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։ Բերդի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Տեղեկացա, որ Չինարի գյուղում բնակվող այդ ընտանիքը ունեցել է 6 երեխա, որից մեկը մահացել է։ Համագյուղացիներն ասացին, որ ընտանիքի 5 երեխաներն էլ մտավոր հետամնաց են, կարդալ-գրել չեն կարողանում, ոչ սահուն են խոսում, որ նրանց ասածները դժվարությամբ են ընկալվում։ Նրանցով զբաղվել են Բերդ համայնքի սոցիալական աշխատողները, սակայն դրական արդյունքներ չեն եղել: Այդ ընտանիքի հայրը 52 տարեկան առաջին խմբի հաշմանդամ ազատամարտիկ է, որը 1990-ական թվակաների մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել է, նրա մարմնի մի մասը պլաստամասից է։ Տղամարդը տարիներ առաջ Կոտայքի մարզից կին է բերել Չինարի։ Համագյուղացիներն այդ ընտանիքում խելքը գլխին են համարում միայն ընտանիքի հորը։ Չինարիից ստացված տեղեկություններով՝ 19-ամա տղայի կողմից իր քույրերի նկատմամբ անառակաբարո, սեքսուալ գործողություններ կատարելու վերաբերյալ ոստիկանություն է դիմել երեխաների մայրը։
ՍԱՀՄԱՆԻ ԵԶՐԻՆ
Անցյալ տարի հանդիսավորությամբ նշվեց Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակը։ Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Խորանաշատը գտնվում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150 մետր հեռավորությամբ, Խորանաշատ այցելելը վտանգավոր է, զինվորականները շրջանցիկ ճանապարհով են ուղեկցում վանք այցելողներին։ Ս. Սաղոյանը հայտնեց, որ Խորանաշատի վիճակը վատթար է, այն վերանորոգման խիստ կարիք ունի։ Բնակավայրի վարչական ղեկավարի խոսքերով՝ 1946 թվականին չինարեցիները սեփական ուժերով մասնակի վերանորոգում են կատարել Խորանաշատում, սակայն այժմ նորոգման խիստ կարիք կա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
























