ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՍՏՈՐԱԳՐԵՆ ԿԱՄ ՄԵՐԺԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջին օրերին պարբերաբար «սպառնում է» ԱԺ մարդու իրավունքների  պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անել: Նա երեկ հայտարարել է, թե արդեն հավաքել է բավարար ստորագրություններ ու Թովմասյանի հարցը ներկայացրել ՔՊ խմբակցության քննարկմանը:

Նկատենք, որ Աղազարյանն իր այս մտադրության մասին առաջին անգամ ակնարկել էր դեռեւս ապրիլի 4-ին ՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստից առաջ՝ նիստը դեռ չսկսված:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, այս ծրագրի հետեւում իրականում կանգնած է ՔՊ վերնախավը, մասնավորապես՝  քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որոնք, օգտագործելով Աղազարյանին, ցանկանում են ԱԺ հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից ազատվել:

Հենց նրանք էլ Աղազարյանին հրահանգել են պաշտոնանկության գործընթաց սկսել, անգամ Աղազարյանին ասում  են, թե ԱԺ ամբիոնից կամ լրատվամիջոցների հետ զրույցում ինչ խոսի, ինչ հայտարարություններ անի:

Կարելի է ասել՝ այս դեպքում Հովիկ Աղազարյանն ընդամենը «խաղալիք է» ընդդիմադիր պաշտոնյային պաշտոնանկ անելու ծրագիրն իրականացնելու համար:

Տեղեկացանք, որ անգամ ՔՊ-ականների համար է անսպասելի եղել Աղազարյանի այս նախաձեռնությունը, քանի որ սովորաբար նա առանձնապես չի էլ հետաքրքրվում ներքաղաքական նման հարցերով, ուր մնաց՝ նման նախաձեռնությամբ հանդես գար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով աշխատում են ՔՊ-ականների հետ, որպեսզի միանան Աղազարյանի նախաձեռնությանը, բայց երեկվա դրոթյամբ կեսից ավելին հրաժարվել էին ստորագրել:

Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին:

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին Ազգային ժողովում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի, երբ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել Սերժ Սարգսյանը: Նա մեղադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորի՝ այս ձայնագրությունը հրապարակելու համար, սակայն անուն չէր նշել:  «Հիշում եք՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ ձայնագրություն հրապարակեց: Ի միջի այլոց, ոչ ոք չանդրադարձավ, թե ով է ձայնագրել դա եւ ինչպես: Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության»: Արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում մի հոդված է հրապարակվում, որտեղ տրվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի անունը: Երեկ արդեն Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ ունեցավ եւ բացահայտեց, թե երբ է արվել այդ ձայնագրությունը՝ վերջ դնելով բոլոր խոսակցություններին: «Ինչպես ասել էր Արմեն Աշոտյանը, այդ ձայնագրությունն արվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ»:

 

 

 

 

 

Կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ով է քննելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը: Վերջինս քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, որը 2022 թվականին ազատվել էր գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից, որտեղ ավագ դատախազ էր, եւ հետագայում նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը եւ 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս մնում է կալանքի տակ:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ մի շարք պաշտոնյաների դիմումներ է ուղարկել եւ կոնկրետ հարցադրումներ արել այն մասին, որ անհամապատասխանություն ու անճշտություն կա իրենց կողմից ներկայացված հայտարարագրերում, եւ իրենց գործունեության հետ կապված պարզաբանումներ է պահանջել: Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետներ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ: Ստացվում է՝ այս գործընթացից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս հանձնաժողովը  կոռուպցիայի բացահայտման գործում դեռեւս զբաղված է թղթաբանությամբ:

 




Լրահոս