ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորրորդ օրն է՝ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարողականը, չորրորդ օրն է՝ չի մարում «ներկաներ-նախկիններ» բանավեճը։ Երեկվա ելույթներում ընդդիմադիրներն անդրադառնում էին վարչապետի հայտարարությանը՝ առ այն, թե Մադրիդյան սկզբունքներով դեռ 2007-ին Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը վերջին տասն օրվա ընթացքում երկու անգամ արել է, երեկ էլ՝ վերահաստատել։

 

«Մենք զուգահեռ իրականություն ենք ստեղծել, ցանկալի իրականություն, որը միջազգային եւ աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել», – նշել է վարչապետը:

Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Հայաստանն ասում է՝ Արցախն ուրեմն պետք է լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն ինչի՞ պետք է ասի՝ ոչ. մի՞թե Ադրբեջանն էդքան ախմախ է»:

Խաչատրյանը նաեւ հայտարարեց՝ 88-ից ի վեր՝ 35 տարվա մեջ, առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որ չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից՝ հիշեցնելով՝ ինչպես է վերջին ընտրություններից հետո իշխանական կուսակցությունը իր փաստաթղթերում ինքնորոշման իրավունքը փոխարինել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների հասցեագրման, որը պիտի երաշխավորվի միջազգային մեխանիզմով։

«Քաղաքացիական պայմանագրից» Մաթեւոս Ասատրյանն արձագանքեց. «Ունեցել եք 20 տարի առնվազն շահեկան դիրքում, ես հարց եմ տալիս՝ ինչի՞ չորոշեցիք Արցախի ճակատագիրը, ինչի՞ թողեցիք մեր եւ մեր երեխաների վզին, հիմա ո՞ւմ վզին եք ուզում թողնել: Մենք խոսում ենք ընդհանուր մի հայրենիքի մասին, որը ժառանգություն ենք ստացել, այո՛, ձեզանից»:

ՔՊ-ական Ասատրյանի կարծիքով՝ արտաքին թշնամին ներսից է ուտում։ Մինչ ընդդիմադիրները կարծում են, որ Փաշինյանի թիմը սեւացնում է անցյալը՝ ներկան լուսավոր ցույց տալու համար, իշխանականներն իրենց ձեռքբերումներն էին թվարկում, մասնավորապես՝ անվտանգության ոլորտում։ Սերգեյ Բագրատյանը կարծում է՝ դրանք ադրբեջանցիներին էլ են զարմացրել:

«Առաջին անգամը լինելով՝ մենք մեկ միլիարդից ավելի պաշտպանական գերատեսչությանը միջոցներ ենք հատկացնում. պատկերացրե՛ք, որ Ադրբեջանն այդ մասին զարմանքով է արտահայտվում, որ Հայաստանը ոնց կարող է միլիարդից ավելի պաշտպանությանը միջոց հատկացնել: Եվ կարծում եմ՝ մենք, այո, այդ բալանսը կմոտարկենք, եւ խաղաղության կարեւորագույն բաղադրիչը ռազմական գերազանցություն թույլ չտալն է», – ասաց Բագրատյանը:

Իսկ ըստ Ագնեսա Խամոյանի՝ իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը հիմա էլ շարունակում են թաքցնել բանակցային գործընթացը հայ ժողովրդից։

«Դուք չորս անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ եք փոխանակվել, բայց ԱԺ պատգամավորը չորս ամիս է՝ չի կարողանում ծանոթանալ այդ տեքստին ու կետերին,-ասաց Ագնեսա Խամոյանը՝ դիմելով դահլիճում նստած Փաշինյանին եւ հավելելով:- Փաստորեն, հա՛մ այս երկրի դատախազն եք, հա՛մ ԱԳ նախարարն եք, հա՛մ ԱԽ քարտուղարն եք. Դուք էս երկրի ամե՞ն ինչն եք»:

Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ Ագնեսա Խամոյանին. «Հիմա գալիս է տիկին Խամոյանը, ասում է՝ «գիտեք ինչ, էսպես ասիք, գնացիք եկաք, ու այդ օրը արտաքին գործերի նախարարը…»… Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ արտաքին գերատեսչությունն է, բոլոր տեղեկություններն այլ երկրների հետ, այն փաստաթղթերը, որոնք Հայաստանից դուրս կնքվում են, կքնվում են ԱԳՆ-ում: Էդ ի՞նչ արհամարհական վեարբերմունք է, թե՞ պետք է լրագրողական ինչ-որ կայքից տեղեկություն վերցնեն, ասեն՝ «նայե՛ք՝ էս է, տեսե՛ք՝ ինչ էին ասում, տեսե՛ք»: Իսկ ես կարո՞ղ եմ հարց տալ տիկին Խամոյանին. 2-րդ եւ 3-րդ նախագահները լավ ադրբեջաներեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ, ժպտում էին, մի հատ կարո՞ղ եմ իմանալ՝ էդ ինչ էին խոսում: Էդ ի՞նչ ձեւ է, մի հատ էլ երկրին, վարչապետին ասում է. «էդ ի՞նչ էիք բանակցում»: Ես էլ ասում եմ՝ որ ադրբեջաներեն իրար հետ խոսում էին, հիմա թող ասեն՝ ինչ են խոսել իր հետ ադրբեջաներեն 2-րդ եւ 3-րդ նախագահները. երկուսն էլ ադրբեջաներեն էին խոսում. հիմա ես էդ հարցն եմ տալիս տիկին Խամոյանին»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Ապրիլի 20-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի ընթացքում քննարկվել է վերջինիս պաշտոնական այցը Չինաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։

Հիշեցնենք, որ Չինաստան վերջին այցի ընթացքում նախագահ Մակրոնի հայտարարությունները քննադատության էին արժանացել ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի կողմից։ Մակրոնը Չինաստանի նախագահ Սիին կոչ էր արել օգնել կանգնեցնել Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա եւ «բոլոր կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ»։ Այցից հետո Politico-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Եվրոպան պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից եւ չխառնվի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտին Թայվանի պատճառով։

 

 

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպելու այս երկրների ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ: Այդ հարցում պրն. Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնո՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական) շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,-ասել է Պատելը:

Դիվանագետը նշել է, որ առայժմ այլ մեկնաբանություն չունի՝ կապված Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս այցի հետ:

Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմի ձեւավորումը, Լաչինի շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ այլ հարցեր:

 

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԱԱ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի եւ գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաեւ ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին:

Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին եւ կարեւորությանը՝ նախագահը, մասնավորապես, նշել է. «Ոչ ոք կասկած չունի, որ Հայաստանի զարգացման ուղին միայն գիտության հնարավորությունների, գիտական ներուժի օգտագործումն է: Կիսում եմ նաեւ այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր նախարարները պետք է այստեղ լինեին, քանի որ գիտությունն այսօր առնչվում է բոլորիս հետ, առանց գիտության մենք զարգացում չունենք, մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդը: Եթե մենք ուզում ենք աշխարհում ունենալ մեր տեղը, եւ եթե մենք ունենք որոշակի ծրագրեր ու նպատակներ, ապա միայն գիտության շնորհիվ դրանց կարող ենք հասնել:

Ինձ ավելի քիչ է անհանգստացնում ակադեմիայի միավորման-բաժանման հարցը, որովհետեւ լուծումներ կարելի է գտնել: Կարեւորը բովանդակությունն է, ավելի կարեւոր է հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում, ինչպիսի գիտություն ենք ուզում, կամ ինչու մեր գիտական արդյունքները մեզ չեն բավարարում»:

Խոսելով գիտության աջակցության ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականության մասին՝ հանրապետության նախագահը շեշտել է, որ վերջին տարիների թվային ցուցանիշերն ու գիտության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների վերլուծությունները վկայում են, որ կառավարության համար գիտությունը ոլորտային առաջնահերթությունների շարքում է:

Իր ելույթում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ գիտական հանրությունը եւ կառավարությունը պետք է գործեն փոխօգնության եւ արդյունավետության բարձրացման սկզբունքներով: «Մենք 6.8 միլիարդ ունենք հատկացված ռազմաարդյունաբերությանը, եւ եթե այդ գումարի գոնե կեսը իրացվում է, մենք ուրախանում ենք։ Ես հիմա էլ ցանկանում եմ խնդրել բոլորիդ աշխատել այդ ուղղությամբ։ Եթե կան գաղափարներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի անվտանգության բարձրացմանը, հենց ռազմաարդյունաբերության համալիրին, ապա ռեսուրսը կա ֆինանսական, պետությունն այդ հնարավորությունը տալիս է եւ մեծ ակնկալիքներ ունի հենց գիտությունից»,- ասել է նախագահը:




Լրահոս