ՏԱՍԸ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թմրամիջոցների իրացման բազմադրվագ հերթական դեպքն է բացահայտել։ 

 

Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, թմրաշղթայի առաջին օղակը ոստիկանների տեսադաշտում հայտնվել է  ապրիլի 5-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու հիմքով ձերբակալել են Երեւանի 25-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0,41 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց եւ ծալովի դանակ: Դեպքի առթիվ ապրիլի 5-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Շենգավիթի բաժնի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ 25-ամյա երիտասարդին թմրամիջոցն իրացրել է մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Նա ապրիլի 7-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու եւ իրացնելու հիմքով ձերբակալվել է։

Ապրիլի 7-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արտաշիսյան փողոցի՝ 56-ամյա տղամարդուն պատկանող տնակում։ Հայտնաբերվել են 0,7 գրամ Մեթանֆետամին, 0,75 գրամ Ափիոն եւ 280 մլգ Մեթադոն տեսակի թմրամիջոցներ:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել է նաեւ, որ 56-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել 41-ամյա մի տղամարդ։ Նա ապրիլի 11-ին ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու հիմքով ձերբակալվել է եւ, իր վարած «Ֆոլքսվագեն» մեքենայով եւ ուղեւորներով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6,1 գրամ Մեթամֆետամին, իսկ ուղեւորների մոտից՝ 2,92 գրամ Մարիխուանա եւ մոխրացած հետքերով ծխամորճ:

Իրավապահների միջոցառումներով պարզվել է  նաեւ 41-ամյա տղամարդուն թմրանյութեր իրացրած անձի ինքնությունը, որը Երեւանի 56-ամյա մեկ այլ բնակիչ է։

Բացահայտման աշխատանքներին միացել են նաեւ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները։

Ապրիլի 20-ին ՔՈԳՎ եւ Շենգավիթի ոստիկանները ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների հետ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմքով ձերբակալել են 56-ամյա տղամարդուն։

Նույն քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել 56-ամյա տղամարդու հետ փոխկապակցված անձի՝ 47-ամյա կնոջ՝ Վաղարշապատում գտնվող բնակարանում։ Արդյունքում հայտնաբերվել են 366,78 գրամ Հաշիշ, 89,13 գրամ Ափիոն, 2,11 գրամ Մեթամֆետամին թմրամիջոցներ, 4500 եվրո կեղծ թղթադրամներ, ինչպես եւ թմրամիջոցի հետքերով 3 կշեռք եւ բազմաթիվ կոլբաներ:

Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմքով ձերբակալել են Երեւանի 51-ամյա մի բնակչի, ինչից հետո խուզարկվեց նրա՝ Ֆանարջյան փողոցի բնակելի տան հարակից շինությունը. հայտնաբերվել է 8,38 գրամ Ափիոն տեսակի թմրամիջոց:

Նշված շինության հարակից տարածքում հայտնաբերվել է նաեւ մայրաքաղաքի 48-ամյա մի բնակիչ, որը նույն կասկածանքով ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,57 գրամ Մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ եւ ծալովի դանակ:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդկության առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է ամբողջ աշխարհում։ Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաեւ տեխնոլոգիաների զարգացմամբ (հատկապես տելեգրամյան ալիքներով)։

«Հորդորում ու պահանջում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից եւ դրանք շրջանառելուց: Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, հետեւաբար ամեն օր նոր թափ է ստանում հանցատեսակի դեմ պայքարը եւ առավել պարբերական՝ ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

 

 

 

ԿԵՂԾ 200-ԴՐԱՄԱՆՈՑՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով կեղծ արժույթներ պատրաստելու դեպքի հանգամանքները. այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  երեք անձինք, նախնական համաձայնությամբ, 2023 թվականի մարտի 3-ից 21-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկին պատկանող, Երեւան քաղաքում գտնվող առանձնատանը պատրաստել են կեղծ արժույթ՝ 200 դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամներ, որոնք մի քանի այլ անձանց հետ իրացրել են տարբեր վայրերում՝ առեւտրի սրահներում, բենզալցակայաններում:

Նախաքննության ընթացքում  ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ԱԱԾ համապատասխան վարչությունների աշխատակիցների կողմից համատեղ կատարված  խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են կեղծ արժույթը պատրաստելու համար նախատեսված սարքը, ինչպես խոտանված, այնպես էլ պատրաստված կեղծ 200 դրամանոցներ, ինչպես նաեւ ինքնաձիգի փամփշտատուփ եւ 24 փամփուշտ, ոսկու ձուլակտորների համար նախատեսված կաղապարներ, շուրջ 155 գրամ քաշով ոսկյա զարդեր, 4 կիլոգրամ քաշով արծաթի նմանվող զանգված:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 6 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար:

 

 

 

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՎՆԱՍԸ

2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը եւ համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Նշված ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 1 մլրդ 388 մլն 244 հազար 343 դրամը, որից 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը՝ պետությանը պատճառված վնասի չափն է, 61 մլն 491 հազար 343 դրամը՝ համայնքներինը (այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին): Նշված վարույթներով նախաքննության ընթացքում 35 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, արգելանք է դրվել 412 մլն 440 հազար դրամ բանկային հաշիվների, շարժական եւ անշարժ գույքերի վրա, որոնց արժեքը դեռ որոշված չէ:

 

 

 

 

ԿԱՆԽԵԼ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ՊԵԿ արեւմտյան մաքսատուն վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրի մաքսային հսկողության գոտում համատեղ զննման են ենթարկել Թբիլիսից Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դ.Չ.-ին պատկանող ձեռքի ուղեբեռը։ Վերջինս մաքսային հսկողության կանաչ ուղին հատելուց հետո ուղեկցվել է տեսազննող սարքի մոտ: Զննվել է տվյալ քաղաքացու մոտ գտնվող պայուսակը: Ուղեւորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին: Համաձայն ՌԴ քաղաքացու բանավոր հայտարարության՝ այն հանդիսանում է ոսկյա ձուլակտոր։  Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաեւ 7 հատ ռուսերեն եւ 4 հատ վրացերեն լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հանդիսանում են հայտնաբերված ձուլակտորի փաստաթղթերը։  Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։




Լրահոս