Մամուլում բազմաթիվ անդրադարձեր կան բանակում չծառայածների թեմային, թե ինչ զարտուղի ճանապարհներով են նախկինում եւ հիմա ազատվում բանակում ծառայելուց՝ դրանով իսկ հսկայական վնաս հասցնելով երկրի պաշտպանողունակությանը։ Պարզվում է՝ բացի կեղծ հիվանդություններից ու քաղաքացիություն փոխելուց կամ կրթության անվան տակ բանակից փախչելուց, Հայաստանում գործում է նաեւ բանակից ազատվելու այսպես կոչված «սպորտային մաֆիա»։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ըստ էության, բանակից ազատվելու հրաշալի վայր է դարձել ֆուտբոլը, մասնավորապես՝ 2019թ.-ից ստեղծված ու մինչ օրս գործող ԲԿՄԱ ակումբում գրանցվելը (Բանակի կենտրոնական մարզական ակումբ)։
Մեր խմբագրության հետ կապ հաստատած, բանակային տարիքին մոտեցող ֆուտբոլիստ ունեցող ծնողներից ահազանգում են, որ այդ ակումբը դարձել է էլիտայի երեխաներին բանակից ազատելու վայր, ու զարմանալին այն է, որ այնտեղ գրանցելու հարցերը թողնված են մարդկանց, որոնք կապ չունեն եւ չեն ունեցել բանակի հետ (նկատի ունենք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, ում որդին եւս անհայտ պատճառներով ազատվել է բանակից, ՀՖՖ ներկա ղեկավարության մեծագույն մասին, որոնք, չգիտես՝ ինչու, բանակ չեն գնացել, ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին եւ այսպես շարունակ)։
Մեզ փոխանցեցին, որ բանակի անվան հետ կապվող սույն ակումբի միջոցով բանակից ազատվողների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Գործում է երկու թիմ՝ բարձրագույն եւ առաջին խմբերում։ Ֆուտբոլային աշխարհը ԲԿՄԱ-ի մասով ուժեղ ցնցում ապրեց, երբ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ուղիղ մեղադրանք հնչեցրեց ֆեդերացիայի հասցեին ու, ի թիվս այլի, կասկածի տակ դրեց ԲԿՄԱ ակումբի որոշ խաղացողների համապատասխանելիության բարձր մակարդակին (համադրելով տվյալները՝ մենք պարզեցինք, որ խոսքը ՏԿՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում հայրը վերջերս ՀՖՖ գործկոմի անդամ է դարձել ու համարվում է Արմեն Մելիքբեկյանի մտերիմներից)։
Համարում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են առնվազն քրեական գործի հարուցման համար նյութեր նախապատրաստել եւ քննել ՀՖՖ կոչվող հասարակական կազմակերպության կողմից հնարավոր չարաշահումների մասին հրապարակումները: Երեւույթը ուղղակիորեն վտանգում է Հայաստանի պաշտպանողունակությունը, ուստի ուժային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տվյալ ակումբում հայտնված խաղացողների ընտրության ընթացակարգի, ընդգրկված ֆուտբոլիստների համապատասխանության հարցին: Հատկանշական է, որ, ըստ էության, բանակից ազատված այս թիմում հանդես եկող խաղացողների գերակշիռ մասը նույնիսկ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական. ազգային թիմի վերջին պաշտոնական խաղերում ընդհանուր հայտացուցակում էր միայն ԲԿՄԱ-ի դարպասապահը, որը դաշտ դուրս չեկավ: Որպես ուժային կառույցներին «օգնություն»՝ ներկայացնում ենք ԲԿՄԱ ակումբում ընդգրկված առաջին զորակոչի այն ֆուտբոլիստների անունները, որոնք «ծառայությունից» հետո ֆուտբոլից հեռացել են՝ չշարունակելով զբաղվել սպորտով.
Արամ Քոլոզյան,
Արսեն Գյուլամբարյան,
Արման Քիշմիշյան,
Վրեժ Մարտիրոսյան,
Ստեփան Սահրադյան,
Ռադիկ Սարգսյան,
Պետրոս Մանուկյան,
Մամիկոն Դերմենջյան,
Արշակ Պողոսյան:
Ի դեպ, 9 հոգին դուրս են մնացել ընտրված 23 հոգուց, ինչը նշանակում է, որ կատարվել է, մեղմ ասած, շատ վատ սելեկցիա, էլ չենք խոսում, որ մնացած ֆուտբոլիստների շոշափելի հատվածը եւս մեկ-երկու տարուց դադարելու է ֆուտբոլ խաղալը պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք դեռեւս չենք խոսում, թե ինչ նպատակ ունի բանակ չզորակոչել ու «փափուկ» ծառայություն ապահովել այնպիսի երիտասարդների, որոնք նույնիսկ չեն համապատասխանում բարձրագույն խմբում խաղալու պահանջներին, բայց գրանցված են ԲԿՄԱ-ում, չեն հրավիրվում ազգային թիմ: Սույն թեման, ինչպես նաեւ ՀՖՖ ղեկավարության գործունեությունը շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես՝ ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների ընտանիքի անդամների կողմից ձեռք բերված թանկարժեք մեքենայի, սեփական տուն գնելու փաստին կանդրադառնանք շուտով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Օրենքով սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։
Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, բացառությամբ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձանց, որոնց դիմումի հիման վրա՝ կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ եռամսյակային հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել օրենքին: Անկանխիկ վճարման համակարգի ներդրման համար սահմանվել են այն գործողությունները, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ. հունվարի 1-ից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։ Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։
ԿԲԱՐՁՐԱՆԱ
Կառավարության երեկվա նիստում ընդունվեց ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, եւ այն համարվեց անհետաձգելի: Նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերում ակնկալվում է հետեւյալ փոփոխությունը. 2023թ. հունիս-դեկտեմբեր ամիսների համար Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 975 անձ) ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 3,12 մլրդ դրամ։
ԱՃՈՒՐԴ
Կառավարության երեկվա նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացվեց: Այս անգամ խոսքը գնում է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց 2/1 հասցեում գտնվող 2977,8 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաեւ դրանց զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.94 հեկտար մակերեսով հողամասի մասին:
Այն հանդիսանում է պետական սեփականություն, ամրացված է ՀՀ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գույքն իրենից ներկայացնում է վարչական շենք, որը ներկայումս չի շահագործվում եւ ունի հիմնանորոգման կարիք։ Ներկայացված նախագծով առաջարկվում է Դիլիջանի Շամախյան փողոց 2/1 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:
Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 343,8 մլն դրամը՝ ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 64 մլն 242 հազար դրամ: Գնորդը պարտավոր է վճարել նաեւ գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 մլն 041 հազար դրամ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ