Մի քանի հասարակական կազմակերպություններ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երեւույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ լեզվակռիվները, փոխադարձ վիրավորանքները, քաշքշուկները, ծեծկռտուքը:
Պետության համար ճակատագրական աշխարհաքաղաքական իրավիճակում եւ անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է եւ դրա անպատժելիությունը։
Քաղաքական գնահատականների եւ պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նորանոր խայտառակ իրավիճակների եւ դրանց արդարացման: Հանրային դժգոհությունները մնում են անարձագանք, եւ հանդգնորեն շարունակվում է խորհրդարանական «բեսպրեդելը»:
2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում կրկին տեղի է ունեցել միջադեպ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, դրա նախագահ Ալեն Սիմոնյանի եւ խորհրդարանական ընդդիմության ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ, որում ներգրավվել են անվտանգության ծառայության աշխատակիցները, հրահանգվել է անջատել եթերը, բռնությամբ դահլիճից հեռացվել են պատգամավորները: Որպես նախկին արարքի իրավական եւ քաղաքական հետեւանքների բացակայության արդյունք՝ ՀՀ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է «թքել» պատգամավորների վրա։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների, ատելության տարածման հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին եւ նրանց կողմից դրսեւորվող այդպիսի վարքագիծը:
Կրկին պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից եւ, մասնավորապես, քաղաքական մեծամասնությունից ջանքեր գործադրել՝ դատապարտելու եւ բացառելու սեփական կուսակիցների անպատասխանատու վարքագիծը: ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը:
Կրկին հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովին հրատապ ձեւավորել էթիկայի հանձնաժողով եւ քննության առնել ինչպես ԱԺ նախագահին, այնպես էլ այլ խորհրդարանականներին՝ պատգամավորին անհարիր վարքագիծ դրսեւորելու համար պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ՝ հրաժարականի հարցը։ Մասնավորապես՝ ակնկալում ենք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր քաղաքական մեծամասնության կողմից, եթե այն, առհասարակ, զգում է որեւէ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների բարօրության համար:
Իրավապահ մարմիններից եւ, մասնավորապես, ՀՀ դատախազությունից ակնկալում ենք քաղաքական չեզոքության ու պրոֆեսիոնալիզմի դրսեւորում եւ պատշաճ արձագանք քրեական հանցակազմ պարունակող դեպքերին»:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2022թ. Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 37 612 հանցագործություն՝ 2021թ. 30 245-ի դիմաց. այս մասին Ազգային ժողովում ապրիլի 21-ին՝ պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին՝ «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ըստ գլխավոր դատախազի՝ դրանցից 21 604-ը բացահայտվել է Երեւանում։ 2021թ. այդ ցուցանիշը 16 438 էր։ «Նախորդ տարվա համեմատ՝ 2022թ. հանցագործությունների քանակն ավելացել է 7 367-ով կամ 24,45 տոկոսով»,- նշել է Վարդապետյանը։ Ընդ որում՝ 2021թ. համեմատ՝ մանր հանցագործությունների քանակն ավելացել է 2 831-ով կամ 19,35 տոկոսով։ 2021թ. այդ ցուցանիշը կազմել է 14 629, իսկ 2022թ.՝ 17 460։ Միջին ծանրության գործերով աճը կազմել է 29,85 տոկոս կամ 2 383։ 2021թ. այդ ցուցանիշը 7 988 էր, իսկ 2022-ին՝ 10 371։ Ծանր հանցագործությունների քանակը 2022թ. կազմել է 14 256. դա 633 դեպքով ավելի է, քան 2021-ին, իսկ առանձնապես ծանրների քանակը՝ 15 456։
ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
2022թ-ի հունիսի 7-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ընդդեմ «Սահման ԱՊՊԱ» ՍՊԸ-ի, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու եւ տարածքից վտարելու պահանջներով հայց է ներկայացրել։ Հայցադիմումով պետական գույքի կառավարման կոմիտեն դատարանից խնդրել է «Սահման ԱՊՊԱ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 3 միլիոն 791 հազար 259 ՀՀ դրամ գումարի պարտքը, որից մայր գումարը կազմում է 2 միլիոն 125 հազար 391 ՀՀ դրամ, իսկ ապահովագրական ընկերության հետ պետական գույքի կառավարման կոմիտեի կնքած պայմանագրի 6,1 կետի հիմքով հաշվարկված տույժը 2022 թվականի հունիսի 7-ի դրությամբ կազմել է 1 միլիոն 665 հազար 868 դրամ։ Հայցադիմումով Պետական գույքի կառավարման կոմիտեն դատարանից խնդրել է լուծել Պետական գույքի կառավարման կոմիտեի եւ «Սահման ԱՊՊԱ» ՍՊ ընկերության միջեւ 2018թ-ի հուլիսի 30-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը, ապահովագրական ընկերությանը վտարել ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69 հասցեում գտնվող 11.68 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքից, ապահովագրական ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել նախապես վճարված 153 հազար 760 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը։ 2020թ-ի հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը Դիլիջան քաղաքում կայացած դատական նիստում որոշել է պետական գույքի կառավարման կոմիտեի հայցադիմումը վերադարձնել, եռօրյա ժամկետ տալ հայցադիմումի թերությունները վերացնելու եւ այն կրկին դատարան ներկայացնելու համար։
Պետական գույքի կառավարման կոմիտեն, շտկելով հայցադիմումի թերությունները, այն կրկին ներկայացրել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, այն ընդունվել է դատարանի վարույթ։ 2022թ. նոյեմբերի 22-ին կայացած նիստում դատավոր Սարգիս Արմենակյանը կայացրել է նշված քաղաքացիական հայցով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում. այդ որոշմամբ սահմանել են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը։ 2023թ. փետրվարի 28-ի Իջեւան քաղաքում կայացած դատական նիստում դատավոր Ս. Արմենակյանը որոշել է այդ քաղաքացիական գործով նախանական դատական նիստն ավարտել եւ գործի դատաքննություն նշանակել 2023 թվականի ապրիլի 11-ին։ Սույն քաղաքացիական գործով հերթական դատական նիստ է նշանակվել մայիսի 2-ին ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ