Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է ապականել եւ խեղել գրեթե բոլոր ոլորտները, ակնհայտ է. բազմիցս խոսվել է այս մասին: Թալանի վերադարձը թմբկահարելով՝ իշխանության եկածներին հաջողվել է խորը պառակտում մտցնել հանրության մեջ, բաժանել սեւերի ու սպիտակների, հատկապես հաջողվել է արցախցի-հայաստանցի բաժանարար ու կործանարար գծեր անել:
Փաշինյանի իշխանությունը չի խորշում առաջին օրից ձեռնոց նետել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Սրա մասին են վկայում իշխող ֆրակցիայի պատգամավորների եւ անձամբ Փաշինյանի կողմից խորհրդարանի ամբիոնից պարբերաբար հնչող հայտարարությունները եկեղեցու վերաբերյալ: Ի դեպ, եկեղեցու դեմ արշավի առաջին ծիլերը երեւացել են հենց 2018թ-ին, երբ պարբերաբար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրահանգավորված ակցիաներ էին իրականացվում Երեւանի փողոցներում:
Հիմա արդեն բանը հասել է այնտեղ, որ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո հետ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն դրանք լավ չեն Աստծո հետ»։
«Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի պատմության մեջ եկեղեցու եւ պետության միջեւ ինչ առճակատումներ են եղել, եւ դրանք ինչ ելք են ունեցել:
«Անկախության հռչակումից ի վեր եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն այսպես լարված չեն եղել: Դարերի խորքում՝ Սովետական Հայաստանում, ամեն ինչ էլ եղել է՝ բռնագանձման դեպքեր, անգամ կաթողիկոսին խեղդամահ են արել (պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում), բայց դա լրիվ ուրիշ իրականություն էր. այն ժամանակ անկախ պետություն չէր, Սովետական Հայաստան էր, Մոսկվայի թելադրանքով էր լինում ամեն բան:
Բայց անկախության հռչակումից հետո այսպիսի հարաբերություններ պետության եւ եկեղեցու միջեւ չի եղել։ Եղել են դեպքեր, երբ եկեղեցին ու իշխանությունը տարբեր տեսակետներ են ունեցել մի հարցի շուրջ, բայց դրանք շուտ հարթվել են, չեն լարվել»,-ասում է Աջապահյանը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ եթե Փաշինյանը սովետական շրջանում ղեկավարեր, կարող էր եւ ավելի հեռուն գնալ եկեղեցին թիրախավորելու հարցում, իսկ հիմա, կարելի է ասել, հնարավորություն չունի, դրա համար էլ սահմանափակվում է միայն եկեղեցին թիրախավորող հայտարարություններ անելով:
ԱԺ անվտանգության աշխատակիցները ապրիլի 20-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած խայտառակ միջադեպի ժամանակ՝ իրենց ապօրինի գործողությունների ընթացքում, պատռել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացրել ԱԺ ամբոնի մոտ, ինչից հետո պատգամավորի ակցիային միացել էին նաեւ ընդդիմադիր մյուս պատգամավորները: Ընդդիմադիրների քաղաքական ակցիայի ժամանակ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական ցուցումով, անվտան ության աշխատակիցները բռնի ուժող, քաշքշելով հեռացրել էին ընդդիմադիրներին նիստերի դահլիճից: Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի հրահանգից ոգեւորված՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներն այնքան «ինքնամոռաց» են գործել, որ պատռել են Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ, իհարկե, աղմկահարույց միջադեպերի, ծեծկռտուքների պակաս չի եղել, բայց այս խորհրդարանը, կարծես, մտադրվել է ռեկորդ սահմանել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիառած բռնություներով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն: Իսկ ի՞նչ դիմումի մասին է խոսքը: Այս տարվա հունվարի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որ չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգեւորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, եւ նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը դատախազություն է ուղարկել փաստաթղթեր, որտեղ ցույց է տվել, որ իր ունեցվածքն օրինական ծագում ունի, նվիրված է եղել հենց իրեն:
Այսօր Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի օրակարգում այն հարցերն են, որոնք նախորդ նիստի ժամանակ չէին հասցրել քննարկել, քանի որ երեք օր շարունակ պատգամավորները քննարկում էին կառավարության ծրագրի կատարողականը: Եւ, ահա, այսօր սկսվող նստաշրջանում նաեւ դատավորների ընտրություններ կլինեն: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում գործունեության ժամկետը լրանում է հաջորդ ամիս։ Նա իշխանությունների «սրտի թեկնածուն» է։ Դատավոր Լիզա Գրիգորյանը ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է. չի բացառվում, որ նա եւս ընտրվի։ Արմեն Դանիելյանը իշխանության «սրտի կալանք տվող» դատավորներից է, նրանց սրտի մյուս թեկնածուն։ Եվ չնայած խորհրդարանում ընտրություն կլինի, սակայն ՔՊ-ում նախապես են որոշում, թե որ պաշտոնում ում կընտրեն։