ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքաղաքական կյանքում  տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցել է  «Միասին» հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանի հետ:

 

-Տիկի՛ն Դիլբարյան, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տարբեր ամբիոններից հայտարարում է, թե Հայաստանը Մադրիդյան սկզբունքերով է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ հետեւանքներ կունենան նման հայտարարությունները, արդյոք դրանք չե՞ն վնասում բանակցային հետագա գործընթացին:

-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները զուգահեռ իրականությունից են, կարելի է ասել՝ բանակցությունների հակառակ կողմն են: Ինքը հեղափոխությունից հետո հայտնի դարձավ թերթում տպված հոդվածաշարը գիրք դարձնելով՝  «Երկրի հակառակ կողմը»։ Փաշինյանը դեռեւս «երկրի հակառակ կողմից», որը, ըստ  ամենայնի, ադրբեջանական է, չի կարողանում դուրս գալ:

Նրա այդ պնդումը, թե Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ Մադրիդյան սկզբունքները, իր վիճելի կամ ոչ վիճելի կետերով, փաստում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկարատեւ բանակցությունների  մեջ է, եւ առաջարկում է ճանապարհներ, որտեղ հարգվելու են երեք հիմնարար սկզբունքներ. դա տարածքային ամբողջականությունն է, ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Այստեղից արհեստականորեն հանելով միայն մի սկզբունքը եւ Մադրիդյան սկզբունքներին վերագրելով դրա գերակայությունը՝  նշանակում է հերթական հնարախաղը կատարել՝ կոծկելով իր իսկ ստորագրած համաձայնությունները կամ չկատարած ու կատարած քայլերը: Պետք է արձանագրել, որ Փաշինյանի այդ հայտարարությունը սուտ է, չի համապատասխանում իրականությանը եւ ոչ միայն  վնասում է բանակցային գործընթացը, այլ այն բերում է փակուղի: Մինսկի խումբը, որը միակ ձեւաչափն է՝ թեեւ սառեցված, բայց առանձին անդամներով գործող, չի հայտարարում, թե Արցախի հարցը փակված է, եւ Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ նոր տարբերակներ է առաջացնում։ Միայն Ալիեւը եւ Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող Փաշինյանն է խոսում, թե հարցը սպառված է, կամ Արցախը միշտ էլ ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս:

Այս ամենը փաստում են, որ ՀՀ վարչապետը չի արտահայտում հայության պետական եւ ազգային շահերը, ուստի կարծում եմ, որ այս իրավիճակից միակ ելքը մեր սահմանադրական իրավունքն է՝ փոխելու այս իշխանությանը

-Տիկի՛ն Դիլբարյան, բայց Ձեր նշած սահմանադրական ճանապարհով հնարավո՞ր է իշխանության փոփոխության հասնել, թե՞ միայն հանրային ցասման միջոցով է հնարավոր այդ ամենը:

-Սահմանադրական կարգը պետք է պաշտպանել, դիմադրությունը եւ ընդվզումը եւս սահմանադրական ճանապարհներ են, այստեղ որեւէ հակասահմանադրական երեւույթ չկա: Մենք պետք է մեր բողոքն ամբողջականացնենք, այն կարող է ունենալ ինստիտուցիոնալ քաղաքական լուծում: Պայքարը կարող է լինել քաղաքական, դիմադրությունը թույլատրելի է, եւ այդ դիմադրության միջոցով պետք է ստիպել խորհրդարանին նոր վարչապետ ընտրել, որը կարտահայտի մեր պետական եւ ազգային շահերը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Երեկ հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ 1915 թվականի իրադարձություններին նվիրված ուղերձը։

 

Այս անգամ եւս Բայդենը 108 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն է որակել՝ նշելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետեւանքով մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին կամ սպանվեցին։

«Աշխարհի տարբեր երկրների հետ միասին հիշատակի տուրք մատուցելով այս ցավալի պատմությանը՝ մենք նաեւ ընդգծում ենք այն տոկունությունն ու վճռականությունը, որ ցուցաբերել է հայ ժողովուրդը։ Վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Թե՛ այստեղ, թե՛ ողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսն է հակադրել ատելությանը», – հայտարարել է Բայդենը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդները մշտապես անդրադարձել են այս իրադարձություններին, որպեսզի թույլ չտան դրանց կրկնությունը։

«Եկեք մեկ անգամ եւս խոստանանք, որ կպայքարենք ատելության դեմ՝ հանուն մարդու իրավունքների եւ վայրագությունների կանխման», – նշել է Բայդենը։

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաեւ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

 

 

 

 

ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության թեկնածու էդգար Ղազարյանի հասցեին: Գործը հասավ իրավապահներին: ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություն ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հայտնելով, որ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, խուլիգանական պահվածք, այլեւ սպառնալիքներ է հնչեցրել: ՀՀ քննչական կոմիտեն պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելի է, քանի որ հիմքերը բացակայում են: Նույն իրավապահ համակարգը, որը Հովհաննիսյանի սպառնալիքների ու գործողությունների մեջ հանցակազմ չի տեսնում, շարքային քաղաքացիների նմանօրինակ հայտարարությունների առիթով քրգործ է հարուցում եւ նրանց հասցնում դատարանի դռները: Խոսենք փաստերով. քաղաքացի Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը: Այսպես, 01.04.2023թ. AntFake.am կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոյեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05» վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետեւել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին՝ մասնավորապես նշելով, որ «կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»:

Մեկ այլ դեպք. քաղաքացի Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «www.facebook.com» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային եղանակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պայմանավորված քաղաքական հայացքներով, 2022 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 22.09-ին, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել. «Նիկոլի վզակոթին տալով՝ պետք ա շպրտենք էտ աթոռից, հետո սատկացնենք։ Միացե՛ք Սիմոնյանին»: Այս առիթով քրգործը դատարան է հասել: Քաղաքացիներից Սապետ Սաքանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 18-ին Վանաձորից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այնուհետեւ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ հավաքվե՛ք» կայքէջի խմբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կիսված մեկնաբանության տակ Փաշինյանի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող գրառում է արել: Այդ արարքի համար քաղաքացին ազատազրկման է դատապարտվել, ապա տուգանվել  է 100.000 դրամի չափով:  Կանայք էլ չեն խուսափել պատախանատվությունից. Արմինե Գառնիկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ին, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով տարածել է ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ Naira Zohrabyan ֆեյսբուքյան օգտատիրոջ «Ու ո՞նց են սրանք ապրում» վերնագրով տեսանյութը՝ դրան կցելով «Քիչ է…սատկացնել քպ-ական թուրք ծնունդներին հատ-հատ ու խմբակային» գրառումը: Այս գրառումից հետո կնոջը պատժել են իրավապահները բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: Ահա Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը. երբ ՔՊ խմբակցության քարտուղարն է սպառնում լեզու եւ ականջ կտրել, անատիժ պետք է մնա, իսկ երբ շարքային քաղաքացին է նման հայտարարություն անում Փաշինյանի հասցեին, պատժվում է:

 

 

 




Լրահոս