ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 16

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական խմբակցության պատգամավորները շարունակում են մանիպուլացնել հանրությանը: Այսպես, Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։ FIP-ը, սակայն, նկատում է, որ երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր, 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։ Միեւնույն ժամանակ, նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշը պատգամավորը ներկայացնում է դոլարային արտահայտությամբ, քանի որ այդպես ՀՆԱ-ն չի աճել, ինչը, ըստ Պապոյանի, ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանք էր։ Այսպիսով, Պապոյանը, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, մանիպուլացնում է  գործող ու նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշները։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ում այս օրերին նախընտրական եռուզեռ է: Թեեւ ընտրություններին շուրջ չորս ամիս կա, բայց ՔՊ-ն իր ողջ կազմով լծված է քաղաքապետի իր թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի քարոզչությանը: Կարելի է ասել՝ Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած  անվտանգային լրջագույն խնդիրներն այս պահին մղվել են երկրորդ պլան. ՔՊ-ականները զբաղված են մայրաքաղաքում իրենց իշխանության պահպանման հարցով, սրա համար գործի է  դրվել ողջ ռեսուրսը: ՔՊ-ամերձ մեր աղբյուրնեից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ է բավականին ակտիվ մասնակցում կազմակերպչական աշխատանքներին ու անձամբ համակարգում գործընթացը: ՔՊ վարչության ու նախաձեռնող խմբի նիստերն էլ այս օրերին գրեթե ամբողջությամբ նվիրված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին: Ի դեպ, ՔՊ-ում գրեթե 100% վստահ են իրենց հաղթանակի վրա, հիմա աշխատանքներ են տանում «ջախջախիչ հաղթանակ» ապահովելու համար:

 

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը շարունակում է ներքին քննությունը  կուսակցության  ընտրությունների մասով, եւ ինչ-որ փուլում ՔՊ-ականներից ոմանք կգնան իրավապահների մոտ եւ բացատրություն կտան: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, եւ, ստացված դիմումի հիման վրա, իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում են պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցվում՝ ով է դիմել վերահաշվարկի համար (ըստ լուրերի՝ Արսեն Թորոսյանը), ձայները կեղծվել են, թե անփութություն է եղել, կամ հնարավոր պատասխանատվության հարցը դարձել է քննարկման առարկա, թե ոչ։ Այս հարցով զբաղվում են իրավապահները։

 

 

 

 

 

Կաշառքի գործով հետախուզման մեջ գտնվող, հոկտեմբերի 27-ի գործը քննած  նախկին դատավոր  Սամվել Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը,  երեկ ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նախկին դատավոր Սամվել Ուզունյանին եւ կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշենք, որ այն ժամանակ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործը: Նախկին դատավորին ու կնոջը հրավիրում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում: Այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքերը կամ ինչ չափի գումար է դիտարկվում՝ որպես ապօրինի ձեռք բերված եւ բռնագանձման ենթակա գույք: Ի դեպ, Ուզունյանը 2019 թվականից հետախուզման մեջ  է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելու եւ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու դրվագներով: Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն Ուզունյանը լքել է պետական սահմանը, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:

 




Լրահոս