Այսօր ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրերի համար:

Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ¼ եզրափակչի ցերեկային մրցահերթում ուժերը կչափի Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ:

Ցերեկային մրցահերթի մեկնարկը ժամը 13:00-ից է:

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ, իսկ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում մենամարտել իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ տարել:

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ:

Ռաֆայել Հովհաննիսյանն ավելի վաղ տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ։ 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են տարբեր փուլերում:

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 1/16 եզրափակչում 0:4 հաշվով զիջել է Կուբայի ներկայացուցիչ Ալեխանդրո Կլարոյին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը նույն փուլում նույն հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Ռուսլան Ասլիկյանը 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0-5 հաշվով պարտություն կրել:

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեկնարկել է 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել է իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին, սակայն 1/8 եզրափակչում 1:4 հաշվով զիջել է Հորդանանի ներկայացուցչին:

Արթուր Ղազարյանը (60 կգ) 1/16 եզրափակչում նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, սակայն հաջորդ փուլում զիջել է Զամբիայի ներկայացուցչին։

Գուրգեն Մադոյանը (67 կգ) ԱԱ-ի 1/8 եզրափակչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։ Մադոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարել։

Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակչում 0:5 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզիին։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:




Լրահոս