30 տարի առաջ՝ անկախության մութ ու ցուրտ տարիներին, ակադեմիկոս Պարիս Հերունին, ապա նաեւ ես մի կողմ թողեցինք մեր նախասիրած գիտական ուղղությունները (Պարիս Հերունին ռադիոտեխնիկայի բնագավառում համաշխարհային հայտնի դեմք էր, ես էլ ունեի իմ ձեռքբերումները ԻԿ, լազերային ու ռենտգենային դիագնոստիկայի բնագավառում՝ ունենալով ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության գլխավոր կոնստրուկտորի կարգավիճակը) եւ անցանք արեւային տեխնիկային, որովհետեւ բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ առաջիկայում արեւային էներգետիկան աշխարհի մակարդակով դառնալու է ամենապահանջվածն ու արագ զարգացող գիտաարդյունաբերական ուղղությունը:
Հայաստանը կարող էր մոնոպոլ դիրք գրավել աշխարհում, եթե կենտրոնանար այդ բնագավառի վրա՝ զգալի թվով մասնագետներ պատրաստելով ու նոր տեխնոլոգիաներ մշակելով: Անկախ Հայաստանին բաժին հասած գիտատեխնիկական պոտենցիալը բավարար էր, որպեսզի մենք դառնայինք այդ կարեւոր ուղղության համաշխարհային լիդերը՝ զարգացնելով նաեւ ռազմական արդյունաբերությունը: Ծրագիրը երկրաստեղծ է, ծրագիրը համազգային է եւ Հայաստանի տնտեսության համար հակաճգնաժամային, բայց, չնայած իր հույժ կարեւորությանը, այն դեռեւս չի կայանում, կյանք չի մտնում. ինչու՞: Նշենք ծրագրի մի քանի հաշվարկային տվյալները. 800 հազար աշխատատեղ, աղետի գոտու արդյունաբերության զարգացում ու բնակչության սոցիալական վիճակի բարելավում, ժամանակակից գյուղատնտեսության եւ ռազմական արդյունաբերության զարգացում, 12 տրիլիոն դոլարի միջազգային շուկա, սփյուռք-Հայաստան-Արցախ արդյունաբերական համալիրի ստեղծում, երկրի էներգետիկ վիճակի բարելավում՝ ընդհուպ մինչեւ էներգետիկ անկախության եւ էներգետիկ կենսունակության բարձր մակարդակի ապահովում եւ այլն: Ծրագիրը պատրաստ է ներդրման համար, բայց կյանք չի մտնում, որովհետեւ կան խանգարող հանգամանքներ: Ի՞նչ կլիներ, եթե ծրագիրը ժամանակին իրականանար: Կլիներ այն, որ պատերազմում չէինք պարտվի, կապիտուլյացիայի չէինք ենթարկվի, հազարավոր զոհեր ու հաշմանդամներ չէինք ունենա, այս աստիճանի թշվառ, նվաստացած ու աշխարհի կողմից մերժված չէինք լինի, Պուտին-Էրդողան-Ալիեւ հանցագործների ձեռքին խաղալիք չէինք դառնա: Նման իրավիճակում է հայտնվել ոչ միայն Հերունի-Համազասպյան արեւային ծրագիրը, այլեւ շատ ու շատ այլ ծրագրեր, որոնք եւս Հայաստանում տեղ չեն գտնում մեկ պարզ պատճառով՝ Հայատանում չկա այն բարենպաստ միջավայրը, որն անհրաժեշտ է ժամանակակից գիտության, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման համար. մեղավորը կոռուպցիայի բարձր մակարդակն է, որը դարձել է համակարգային ու մեր օրերում բուռն զարգացում է ապրում: Մեզ նման կոռումպացված երկրում հնարավոր չէ պահպանել սեփական բիզնեսը, անվտանգ դարձնել ֆինանսական ներդրումները, պաշտպանել հեղինակային իրավունքները: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առանձնակի հույսեր չի ներշնչում ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը. նրա առաջին իսկ քայլերը տարակուսանք են առաջացնում: Խոսենք փաստերով. «Ժողովրդի» փետրվարի 17-ի համարից տեղեկանում ենք, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավորման օրերը հաշված են, բայց դատախազությունում համապատասխան կադր դեռ չեն կարողանում գտնել: Արդար կլիներ, որ քրեական հետապնդում սկսվեր ոչ միայն պրոֆեսոր Չարչյանի, այլ այդ եզրակացությունը տված Արգամ Հովսեփյանի նկատմամբ: Իմ կարծիքով՝ Արգամ Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում կարելի է սկսել կեղծ եզրակացությունների այլ փաստերով եւս. դրանք շատ են, որոնցից մեկը ես նշել էի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված իմ «բաց նամակում» («Ժողովուրդ» օրաթերթ, մարտի 22, եւ «Իրավունք» թերթ՝ https://iravunk.com): Վերջին տարիներին տրված փորձագիտական կեղծ եզրակացությունների ուսումնասիրությունները նախաձեռնելու եւ Ա. Հովսեփյանի հանցագործությունները բացահայտելու փոխարեն, հարգարժան տիկին դատախազը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նոր տնօրենի փնտրտուքի մեջ է: Ի՞նչ է նշանակում, թե գլխավոր դատախազությունում Արգամ Հովսեփյանին փոխարինող կադր դեռ չեն գտել. ո՞վ է այդ գործն անելու. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյա՞նը, ով ընդհանրապես կապ չունի ՀՀ ԳԱԱ համակարգում գործող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ, թե՞ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ում հրամաններով էլ ազատվում ու պաշտոնի են նշանակվում այդ կազմակերպության տնօրենները: Այստեղ է պարզվում այն չգրված դերն ու նշանակությունը, որն իր կազմակերպման օրվանից ի վեր տրված է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին. Հայաստանի դատաիրավական համակարգի համար ստեղծել կառավարվելի ու հնազանդ մի ինստիտուտ, որը դատաքննչական մարմիններին կտրամադրի կոռուպցիոն գործարքների համար անհրաժեշտ «փաստերն» ու «ապացույցները»՝ բնականաբար առանձնակի խոշոր կաշառքի դիմաց. չի բացառվում, որ որոշ դեպերում դրանք կարող են լինել պետպատվերով: Մի խոսքով, փորձագիտական այդ մահակը անհրաժեշտ է, որպեսզի դատաիրավական համակարգը կարողանա օրինականության իմիջի անվան տակ փակի բոլորել բերանները եւ պահպանել կոռուպցիայի բարձր մակարդակը:
Հարգանքով՝
Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյան
Երեւան, Մոսկովյան 21, բն 9
Հեռ.՝ 093-35-95-53
10/04/2023թ.
ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԵՔ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿԱԼԱՆՎԵԼ
Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կործանիչները Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում կալանել են ռուսական երեք հետախուզական ինքնաթիռ։
«Գերմանիայի եւ Բրիտանիայի Eurofighter կործանիչներին ահազանգվել է՝ նույնականացնելու 3 ռազմական ինքնաթիռները: Երկու «Սու-27» եւ մեկ «Իլ-20» ինքնաթիռները Ռուսաստանից կրկին առանց հաղորդիչ ազդանշանի թռել են Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում»,- նշված է հաղորդագրությունում:
Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, չունեն սեփական մարտական ավիացիա, ուստի 2004 թվականից նրանց օդային տարածքի անվտանգությունն ապահովում են ՆԱՏՕ-ի ուժերը։ Այդ նպատակով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները հերթով Բալթյան երկրներ են փոխադրում իրենց ինքնաթիռներն ու անձնակազմը:
Ինչպես հիշեցնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, ապրիլի սկզբին՝ ութամսյա ժամկետը լրանալուց հետո, Բունդեսվերը Բալթյան ծովի օդային տարածքի անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի առաքելությունը ռոտացիայի սկզբունքով հանձնել է Միացյալ Թագավորությանը: Մինչեւ ապրիլի վերջը Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Մեծ Բրիտանիային, իսկ մայիսի սկզբին կսկսվի գերմանական ինքնաթիռների տեղափոխումը Գերմանիա։