ԱՐՑԱԽՈՒՄ ՃԱԿԱՏՆԵՐ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը եւս լարված է:

«Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս օրերին Արցախում ձեւավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան:

Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում: Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար դեռ պարզ չէ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ վերջինիս մոտ նախընտրական տրամադրություն է. շտաբներ է ձեւավորում, տարբեր  ֆորմատներով հանդիպումներ է ունենում քաղաքացիների եւ քաղաքական շրջանակների հետ:

Մեզ տեղեկացրին նաեւ, որ Բաբայանն անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում: Նա Արցախում ինչ-որ պաշտոն ստանալու անհագուրդ ցանկություն ունի, թեեւ, ինչպես մեզ վստահեցրին, Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որեւէ պաշտոնի նորից կնշանակի:

 

 

 

 

Վաղը՝ ապրիլի 29-ին, գործող իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Դեռեւս 2019թ.-ին Ազգային ժողովը ընդունեց Կառավարության առաջարկած ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվեց որպես Քաղաքացու օր: Հետաքրքրական է, որ Քաղաքացու օրը այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ 2019 թվականին է նշվել. այդ օրը Նիկոլ Փաշինյանը եւ մյուս պաշտոնյաները փակել էին Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ եւ խորոված-փարթի էին կազմակերպել։ 2019թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենք են մոռացել իրենց հռչակած տոնի մասին եւ իրենց թույլ են տալիս թքել քաղաքացու դեմքին Երեւանի կենտրոնում կամ սպառնում են կտրել մարդկանց ականջներն ու լեզուն, ինչպես ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2020թ.-ին Քաղաքացու օրը չնշվեց համավարակի պատճառով, իսկ 2021թ.-ին՝ պատերազմի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի  այն կրկին մեծ շուքով կնշվի: Այսպիսով, ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացանք, որ այդ օրը բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն եւ մշակութային միջոցառում:  «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավորներից տեղեկացավ, որ պատգամավորներն անձամբ կմասնակցեն այդ միջոցառումներին, կմեկնեն մարզեր կամ Երեւանում կլինեն՝ ըստ ցանկության: Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին, բայց թե որտեղ, կառավարությունից ասացին, որ դեռեւս հստակեցված չէ: Երեւի թե միջադեպերից խուսափելու համար Փաշինյանի գտնվելու վայրը նախապես չեն ասում։

 

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ «Մարտի 1»-ի  գործով  նոր  փորձաքննություններ են նշանակվել: Ավելին՝ գործով անցնող  մեղադրյալներից  շատերը  երեկ  գնացել  են  Հակակոռուպցիոն  կոմիտե՝ հասկանալու, թե  այդ  ինչ  նոր  փորձաքննություններ  են  նշանակվել, ում կողմից եւ ինչ հիմքերով: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ասել էր. ««Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատոր է։ Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դիմել եմ խնդրանքով՝ ձեւավորել քննչական խումբ, որովհետեւ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ սա հնարավոր չէ տեղավորել»։ Վարդապետյանն ասել էր  նաեւ, որ դատախազական հսկողություն կիրականացվի, եւ այդ գործը դրվագ առ դրվագ կուսումնասիրվի։ Նկատենք,  որ  նորանշանակ  դատախազը  նշանակվելուց  հետո անգամ  փոխել  էր  գործը հսկող դատախազին, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված 15 տարի անց: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետեւից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, եւ դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երեւան քաղաքի կենտրոնում: Տեսնենք, թե  ինչ  կտան  այս  նոր փորձաքննությունները:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է: Այս ընկերությունը վճարել է մոտ 21 միլիարդ դրամի հարկ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ զիջել է դիրքերը եւ պետբյուջե վճարել է 35,4 միլիարդ դրամ հարկ։ Կոմբինատի հարկերը այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 15,4 միլիարդ։ Վճարած հարկերն ավելացրել է նաեւ «Գրանդ տոբակո»-ն՝ 7,8 միլիարդից հասցնելով 11,6 միլիարդի։ Հարկերն ավելացրել է նաեւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը. ընկերությունը 2023-ի հունվար-մարտին բյուջե է վճարել 7,2 միլիարդ դրամ։ Հարկերի ծավալով աճ է գրանցել «Ակբա» բանկը։ Ընկերությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 7 անգամ ավելի հարկ է վճարել (7,1 միլիարդ դրամ)։ Մոբայլ սենթր արթ» ընկերությունը, որը զբաղվում է հեռախոսների վաճառքով,  2022-ի առաջին 3 ամիսներին վճարել էր մոտ 1,3 միլիարդ դրամի հարկեր: Հեռահաղորդակցության օպերատորներից էականորեն հարկերն ավելացրել է «Յուքոմ»-ը. եթե 2022-ի առաջին եռամսյակում ընկերությունը վճարել էր 2,4 միլիարդի հարկեր, այժմ այդ թիվը կազմել է 3,4 միլիարդը։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 381 միլիարդ դրամ։




Լրահոս