«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, Արցախում ճգնաժամը գնալով խորանում է: Ապրիլի 23-ից Ադրբեջանն արդեն ամբողջական շրջափակել է Արցախը: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ո՞ր դեպքում հակառակորդը զիջումների կգնա:
-Ամբողջ խնդիրն այն է, որ նման լուրջ խնդիրներ լուծելու համար դու, նախ, պետք է լինես գործոն: Մենք բողոքում ենք, որ մեր դաշնակից Ռուսաստանը ոչ միայն անտեսում է, այլ շատ դեպքերում ուղղակիորեն պաշտպանում է Ադրբեջանին, դժգոհում ենք, որ Արեւմուտքը դիտորդներ է ուղարկել, բայց դիտորդների աշխատանքը չենք տեսնում, ռազմական աջակցության մասին, առհասարակ, խոսք լինել չի կարող, բայց մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր ռազմական կարողություններն ուժեղացնելու մասին: Դու ինքդ նախ պետք է լինես գործոն, հետո մյուսները կգան ու կկանգնեն քո կողքին: Մենք պետք է ձերբազատվենք այն մտքից, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն պետք է մեր խնդիրները լուծի. այդպես չէ: 90-ականների արցախյան պատերազմից հետո, երբ Հայաստանը հաղթանակներ տոնեց, բնականաբար, դարձավ գործոն տարածաշրջանում: Մենք հպարտանում էինք, որ տարածաշրջանում եղանակ ստեղծող երկիր ենք. դա իր խոսքն ասում էր նաեւ դիվանագիտական ճակատում, շատ հարցեր էինք կարողանում լուծել: Բայց 44-օրյա պատերազմից հետո վիճակը փոխվել է, եւ մենք, մեղմ ասած, նահանջել ենք: Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է դառնանք գործոն ու մեր պաշտպանունակությունը մեծացնենք: Պետք է հոգեբանորեն ձերբազատվենք այն մտքից, որ մենք դատապարտված ենք եւ որեւէ խնդիր չենք կարող լուծել. բացարձակապես այդպես չէ: Պետք է հասկանանք, որ ազգովի խնդիր ունենք կատարելու, չպետք է խնդիրը բերենք, հասցնենք Սարդարապատի:
-Պարո՛ն Մելքոնյան, իշխանության ներկայացուցիչերը խոսում են միայն Արցախում բնակվող հայ բնակչության անվտանգության երաշխիքների մասին, բայց խոսք չկա ինքնորոշման իրավունքի մասին, ինքնորոշման հարցը կարծես երկրորդական է դարձել արդեն:
-Այսօր ոչ ոք իրատեսական չի համարում, որ Արցախի ճանաչման հարցով որեւէ հարց կարվի: Մի պահ խոսվում էր, որ հանուն Արցախի փրկության պետք է դիմել աշխարհին, որպեսզի լինի անջատում՝ հանուն փրկության, քանի որ որեւէ մեկը չէր կասկածում, որ հայ ժողովուրդը ցեղասպանության լուրջ վտանգի առաջ է կանգնած: Իմ անձնական կարծքին այն է, որ Արցախի ԱԺ-ն պետք է դիմի աշխարհին եւ ակնկալի Արցախի ճանաչում: Արցախը պետք է դիմի աշխարհին անկախության ճանաչման հարցով՝ հանուն փրկության եւ նոր ցեղասպանության բացառման:
-Պարո՛ն Մելքոնյան, Հայաստանի վարչապետը պարբերաբար կրկնում է այն թեզը, թե Մադրիդյան սկզբունքներով Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին ի՞նչ կասեք, արդյոք բանակցային հետագա գործընթացին չի՞ վնասում նա:
-Հայկական կողմը միշտ էլ պահանջել է, որ Ադրբեջանին տարածքների վերադարձի դիմաց տեղի ունենա Արցախի կարգավիճակի ճանաչում. ամբողջ մեխը դա է եղել բանակցությունների: Ասել, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախի կարգավիճակի հարցը մերժվել է, այդպես չէ:
Զրուցեց ՔՐՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
32 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
Կառավարության երեկվա նիստում նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմին հատկացվեց 32 մլն դրամ: Այստեղ ուշագրավը գումարի անհրաժեշտության մասին հիմնավորումներն են: Այսպես, հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից շահագործվող որոշակի տեխնիկա, սարքեր եւ սարքավորումներ աշխատում են խափանումներով, չեն բավարարում ներկայիս տեխնիկական կամ ծրագրային պահանջներին, ինչի պատճառով հանրապետության նախագահի աշխատակազմն իր գործառույթների իրականացման ընթացքում հանդիպում է խնդիրների:
Ավելին՝ նշվում է, որ նախագահի եւ հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանման համար անհրաժեշտ տեխնիկան հնացած է եւ չի ապահովում լուսանկարահանման, տեսանկարահանման եւ մոնտաժման բավարար որակական չափանիշներ:
Լուրջ խնդիրներ են ծագել համակարգչային ցանցի եւ առնչվող սարքավորումների հետ, մասնավորապես՝ սերվերներից մեկը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է (2012 թվականի արտադրության է), որի վերանորոգումը բարդ, ծախսատար եւ ոչ նպատակահարմար է: Եվ, ահա, այս ամենը նորացնելու համար 32 մլն դրամ է անհրաժեշտ:
Այստեղ, ամեն դեպքում, հետաքրքիր է, որ մեկ տարուց ավելի է անցել, ինչ Վահագն Խաչատուրյանը ընտրվել է ՀՀ նախագահ, սակայն նրա գործունեությունից հասարակ քաղաքացիները շատ քիչ բան կարող են հիշել, իսկ հիշվողներն էլ ամենեւին Խաչատուրյանի օգտին չեն: Եվ այսպես, նրա պաշտոնավարման մեկնարկից հետո Հայաստանը կրկին դժվարություններ է ունեցել՝ սեպտեմբերյան ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում եւ այլն, սակայն այդ իրադարձությունների ժամանակ, որպես երկրի նախագահ, նրա աշխատանքի արդյունքը չի զգացվել: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին:
Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Հոդվածներում նշվում էր, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլեւ բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Իհարկե, մյուս կարեւոր գործունեությունն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քծնելու մեջ է:
Ահա թե ինչպես կարելի է ամփոփել այն գործունեությունը, որ նա կատարել է մեկ տարուց ավելի, եւ, փաստորեն, այս ամենը ներկայացնելու համար 32 մլն դրամ է պետք:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն որպես այդպիսին: Նկատենք, որ դատարանը գործն ընդունել է վարույթ։ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել էր նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասել էր. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»: Իսկ, ահա, ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնել էր. «Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ դարձած «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրը։ Հասարակությունը լավ գիտի, որ հայրս եւ իր եղբայրը միասին են հիմնել իրենց բիզնեսները, հետեւաբար աբսուրդային իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Փաստացի ոչ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը: Այսքա՛նը»: Այսպիսով, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ Աժ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդիները էրեբունի դատարանում են. ինչով կավարտվի այս դատական վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին։