«Ժողովուրդը» օրաթերթը Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ զրուցել է խորհրդարանի նախկին փոխնախագահ, ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, կիրակի օրը ադրբեջանցիները հերթական սադրանքն են իրականացրել Արցախում՝ փակելով Գորիսից վերադարձող արցախցիների ճանապարհը. կանգնեցրել են նրանց, անձնագրերը ստուգել, ավելին՝ ծաղրել են նրանց, տեսանկարահանել, ինչից հետո նոր թույլ են տվել, որ վերադառնան իրենց բնակավայրերը: Ի՞նչ գնահատական կտաք այս իրավիճակին:
-Այս իրավիճակն անվերջ է լինելու: Նրանք, ովքեր հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական մերձեցումը վարդագույն են ներկայացնում, սխալվում են: Այս օրինակները մեզ հուշում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հատուկ հետաքրքրվածություն չունեն Հայաստանի շահերի համար ինչ-որ բարենպաստ քայլեր անելու համար. այսօր Ադրբեջանի առաջին խնդիրը որքան հնարավոր է Հայաստանից շատ տարածքներ կորզելն է եւ ընկճված հոգեվիճակի մեջ դնել հասարակությանը, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի քայլերն այնքան չեն ընկճում մեր ժողովրդին, հատկապես՝ արցախցիներին, որքան մեր իշխանությունները: Երբ ժողովրդի մեջքը կոտրողը սեփական իշխանությունն է, միայն ապստամբությունը կարող է դա կոտրել: Մեր իշխանություններն այնպիսի իրավիճակի են հասցրել, որ իրենց տուն վերադառնալու համար արցախցիները պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան: Այս ամենը 2020թ-ի պատերազմում մեր պարտության հետեւանքն է, իսկ պատերազմն էլ 2018թ-ի կեղծ հեղափոխության հետեւանքն էր. այսպիսի շրջապտույտի մեջ ենք հայտնվել:
-Ձեզ համար հասկանալի՞ է ռուսական կողմի վարած քաղաքականությունը. ի վերջո, պատերազմից հետո իրենք են պատասխանատվություն ստանձնել Լաչինի համար, որտեղ օրեր առաջ ադրբեջանցիները հերթական անցակետն են տեղադրել:
-Ոչ միշտ, բայց ես իմ առջեւ խնդիր էլ չեմ դրել նրանց վարած քաղաքականությունը հասկանալու: Ռուսաստանի ասածներն ու արածները հասկանալու համար պետք է նախ ունենաս պատասխանատու իշխանություն, որն ամենօրյա ռեժիմով կաշխատի ռուսական կողմի հետ: Ռուսաստանի վարած քաղաքականության պատճառների մի մասը պետք է փնտրել մեր վարքագծի մեջ: Պարզ է, որ դաշնակիցները պատասխանատվություն ունեն. կան միջազգային փաստաթղթեր, որոնք որոշակի պարտավորություններ են դնում կողմերի վրա: Այս ամենը հասկանալի է, բայց վանել, այն, ինչ կատարվում է Արցախում, ասել՝ ռուսնե՛ր, դուք արե՛ք, բերում է հենց այս իրավիճակին: Ստացվում է՝ մենք հիմա ունենք մի իշխանություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի ինքը, բայց չգիտի, որ պարտավոր է թույլ չտալ տարածքային կորուստներ: Նման լպիրշ, անհոգ, ցինիկ վերաբերմունքն անընդունելի է: Պետությունը եւ տարածքը մեկ ամբողջություն են. ասել, թե տարածքի այս կամ այն մասը մեզ համար այդքան էլ գրավիչ չէ կամ դժգույն է, անընդունելի է: Մենք մարդկության պատմության մեջ կլինենք դեռեւս գոյություն ունեցող այն ժողովուրդներից մեկը, որը հանդուրժում է նման իշխանություններին. որեւէ ժողովուրդ չէր հանդուրժի:
-Պարո՛ն Սահակյան, այս իրավիճակում նախադրյալներ տեսնու՞մ եք Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը միջազգային հարթակում բարձրացնելու համար:
-Այո, տեսնում եմ: Չնայած իրավիճակը հուսահատեցնող է, բայց դրա համար քաղաքական կամք պետք է դրսեւորվի, իսկ իշխող քաղաքական խումբը չի դրսեւորում այդ կամքը: Ճիշտ կլինի՝ կամովին հրաժարվեն կամ իրենց տեղը զիջեն երիտասարդ սերնդին: Պետք է վերականգնել հասարական համերաշխությունը, եւ ամեն ինչ էլ հնարավոր կլինի: Իշխանությունը ինչ-որ բան է զիջում, ժողովուրդը մի փոքր ցնցում է ապրում, հետո սկսում է իր քայլերը կառուցել՝ արդեն ելնելով այդ զիջումից, ասում է՝ դե, գիտեք, սա այսպես եղավ, ուրեմն մենք պետք է համակերպվենք այս իրավիճակի հետ, հետո նոր զիջում է լինում. սա է իրավիճակը:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ջերմ ու մտերմիկ զրույց կվերնագրեի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ իմ ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցների հանդիպումը:
Ներկայացրի խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները: Նշեցի, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում, որոնցով մեր հայրենիքը եւ մեր քաղաքացիներին չենք օգնում:
Ընդգծեցի, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, եւ չնայած Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ ճանապարհը մնում է փակ:
Տիկին Մարինա Կալյուրանդը դատապարտեց Ադրբեջանի գործողությունները, որով խաղաղության գործընթացը վտանգվում է: Նա իր գործընկերների հետ հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի վերաբերյալ՝ կոչ անելով Բաքվին հանձն առնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հարգել միջազգային պարտավորություններն ու նորմերը: Խոսեցի Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետեւանքների մասին՝ ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները, որոնց հետեւանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել։ Շոշափեցինք բոլոր կարեւորագույն թեմաները, որոնց մասով ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի մեր թիմը պարբերաբար զեկույցներ է պատրաստում, ուղարկում միջազգային բոլոր գործընկերներին»։
ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՊԱՍՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին պաշտոնյային: Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնի։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը սպասում է Ջալալ Հարությունյանի պատասխանին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաեւ հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է եւս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, կքննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում: Մասնավորապես, նա առաջարկում է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով: Որպես հիմնավորում՝ նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին», այսինքն՝ վեց ամիս է մնացել հանձնաժողովի վերջնական արդյունքների համար: Հիշեցնենք, որ միայն ՔՊ-ականներից կազմված այդ հանձնաժողովի իրական նպատակը պատերազմի հնարավոր հանգամանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է: